Ապրիլ 16, 2024
exclusive
20085 դիտում

Տոկիո. Երբ հայտնվում ես բոլորովին այլ աշխարհում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Տոկիոն աշխարհի ամենաընդարձակ, զարգացած ու խիտ բնակեցված մեգապոլիսներից է:

Այն մի յուրօրինակ աշխարհ է՝ կարգուկանոնով, շքեղությամբ, նորարարությամբ ու միշտ զարմացնելու կարողությամբ: Շատերն են փաստում, որ Տոկիոն, առհասարակ Ճապոնիան, մի քանի քայլ առաջ է այլ երկրներից:

Mediamax Sport-ի թիմը Տոկիոյում հետեւեց մեր մարզիկների ելույթներին ու լուսաբանեց Օլիմպիական խաղերը: Սակայն այս անգամ եկեք ծանոթանանք այն Տոկիոյի հետ, որին ականատես եղանք մենք:

Մաքուր, հարգալից ու կանոնակարգված

Լուսանկարը` Մեդիամաքս


Ճապոնիայի մայրաքաղաքում կենտրոնացած է երկրի արդյունաբերական, քաղաքական, ֆինանսական ու արտադրական ողջ պոտենցիալը: Ավելի քան 14 մլն բնակչություն ունեցող քաղաքը մեզ դիմավորեց կիսադատարկ «Հանեդա» օդանավակայանում, որը կորոնավիրուսից առաջ ամեն օր սպասարկել է հազարավոր ուղեւորների:

Օդանավակայանից դուրս գալով՝ ինձ ողջունեց շոգ ու շատ խոնավ Տոկիոն: Սակայն դա չի խանգարում, մանավանդ, որ տրանսպորտային բոլոր միջոցներում աշխատում են հովացման համակարգերը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հագեցած մրցումային օրերը քիչ հնարավորություն էին տալիս շատ լինել քաղաքում: Դրա համար ընդամենը 3-4 ժամ քնելը բավական էր, մնացածը պետք է ծախսեի Տոկիոն վայելելու վրա:

Աշխարհի ամենամեծ քաղաքներից համարվող Տոկիոն նաեւ ամենաապահովներից է: Այստեղ օրվա ցանկացած ժամի կարող ես հանգիստ քայլել, իսկ եթե հանկարծ ինչ-որ բան ես կորցնում, պարզապես հետ գնա քո անցած ճանապարհով ու այն անպայման կգտնես:

Լուսանկարը` Մեդիամաքս


Տոկիոյում գտնվելու առաջին իսկ րոպեից կհանդիպեք մեծագույն կարգուկանոնի. այստեղ ամեն ինչ գծված է, ամեն մարդ գիտի իր անելիքն ու պատասխանատու է դրա համար:

Միգուցե հայերի համար խորթ է, որ չես կարող այս կամ այն կանոնը շրջանցել, սակայն հարկավոր է հասկանալ, թե որքան ավտոմատացված ու գերճշգրիտ են աշխատում այս մարդիկ:

Ծագող արեւի երկրի բնակիչները հանգիստ են, խոսում են ցածր, չեն վիճում: Հաղորդակցվում են բացառապես ճապոներենով, թեկուզ տեսնում են, որ ոչինչ չես հասկանում, բայց պատրաստ են օգնել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Քիչ չի եղել, երբ այս կամ այն ճապոնացին, չկարողանալով բացատրել, թե ինչպես հասնենք մեր ուզած վայրը, քայլել է մի քանի րոպե ու հասցրել տեղ:

Շնորհակալություն հայտնելն այստեղ իսկական մշակույթի է վերածվել՝ միշտ ու ամենուրեք նրանք խոնարհվում ու «արիգատո» են ասում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Առհասարակ, խոնարհվելու արվեստն անչափ կարեւոր նշանակություն ունի հեռավոր արեւելքում: Ինչքան շատ ես խոնարհվում ու երկար մնում այդ դիրքում, այնքան մեծ հարգանքի ես արժանացնում դիմացինիդ:

Անսահման գեղեցիկ է Տոկիոյի երկինքը՝ օրվա ցանկացած պահի ու եղանակային պայմանների, այն գրավում է իր խորությամբ ու վճիտությամբ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ու, իհարկե, մաքրությունը: Միլիոնանոց քաղաքում ոչ մի աղբ չես գտնի, նույնիսկ հորդառատ անձրեւի տակ ընկնելուց հետո հագուստդ չի կեղտոտվում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հանգստություն փոխանցող Ֆուձին

Դեռ մինչեւ Ճապոնիա մեկնելս հաստատ որոշել էի, որ ազատ օր ունենալու դեպքում անպայման պետք է բարձրանամ ճապոնացիների սուրբ լեռը՝ Ֆուձիաման: Քրոջս օգնությամբ էլ գտանք այն լեռնագնացին, որը համաձայնեց առաջնորդել դեպի Ֆուձի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Արդեն Տոկիոյում մեր միակ ազատ օրը սկսվեց գիշերը 2-ին ու ավարտվեց երեկոյան 9-ին: Երեք ընկերով պայքարեցինք նախ ցրտի, հետո տապի, դժվարության, հոգնածության դեմ, քաջալերեցինք միմյանց ու ականատեսը եղանք Ծագող արեւի երկրի արեւածագին, նվաճեցինք գագաթն ու անցկացրինք անմոռանալի պահեր:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հոգնածությունս միանգամից մոռացա միայն գագաթին ու բուդդայական տաճարի լռության մեջ հասկացա, թե ինչու է Ֆուձին այդքան կանչող, գրավիչ, հանգստացնող ու բարի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Արդեն հետդարձի ճանապարհին ուղեկցող ու այսուհետ նաեւ ընկեր դարձած Արատայի հետ փորձում էի հասկանալ, թե ինչպես է ստացվում, որ Ֆուձի բարձրանալուց հետո մարդիկ այլեւս առաջվանը չեն լինում: Իսկ նա դա բացատրեց արեւելյան իմաստությամբ. «Ֆուձին բնորոշում է բնությունը, իսկ բնությունը մարդուն միայն հանգստություն ու ներդաշնակություն է փոխանցում»:

Ասակուսան, Տոկիո ՍքայԹրին ու Կայսերական պալատը

Տոկիոյում լինելու դեպքում անպայման այցելեք Ասակուսա: Քաղաքի այս հատվածում ականատեսը կլինեք հին Տոկիոյի պատմությանը, կքայլեք անհավանական գեղեցիկ այգիներով, կշփվեք ազգային հանդերձանքով քայլող ճապոնացիների հետ ու վերջապես կտեսնեք Սենսո-ձի բուդդայական տաճարը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մինչ տաճարին հասնելը կարող եք գնել ճապոնական ամենահետաքրքիր հուշանվերներ: Ի տարբերություն միջին արեւելքի, հեռավոր արեւելքում վաճառողի հետ սակարկելու սովորույթ չկա. պարզապես հարցրու գինը, եթե ի վիճակի ես, վճարիր, ոչ՝ անցի հաջորդ տաղավար:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ասակուսայում անպայման այցելեք ճապոնական թեյարան, որտեղ կարող եք գնել արեւելյան թեյերի բազմաթիվ տեսականիներ, համտեսել թխվածքաբլիթներ կամ էլ մատչա-թեյի համով պաղպաղակ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ու վերջապես, տաճարը: Այն կառուցվել է 7-րդ դարում ձկնորս եղբայրների կողմից հայտնաբերված Կաննոն աստվածուհու արձանիկի գտնվելու վայրում: Իհարկե, 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ այն գրեթե ամբողջությամբ ավերվել է, սակայն ճապոնացիները համաժողովրդական դրամահավաք են կազմակերպել ու վերակառուցել իրենց այդքան սիրելի տաճարը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Սենսո-ձիից ընդամենը 15-20 րոպե քայլեք, հիացեք Սումիդա գետով ու կհասնեք Տոկիոյի ամենաբարձր աշտարակը՝ Տոկիո ՍկայԹրիի մոտ: Այստեղ այցելեք երեկոյան, քանի որ ականատես կլինեք անհավանական գեղեցկության:

Լուսանկարը` Մեդիամաքս


Վերելակը նախ հասցնում է առաջին կանգառ՝ 350 մ բարձրության վրա: Դիտիր ու հիացիր Տոկիոյով ինչքան սիրտդ ուզի, բայց շտապիր տեսնել ավելին: Մի քանի վայրկյան ու դու հայտնվում ես 450 մ բարձրության վրա, բացվում են վերելակի դռներն ու... իմ բառերը չեն բավականացնի նկարագրել այն զգացողությունները, որոնք ունեցա այստեղ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Այդքան բարձր երկնաքերերը, լույսերի մեջ փայլող ողջ քաղաքը, անթիվ-անհամար կամուրջներն ու գետերը ոտքերիդ տակ: Անշուշտ, այս աշտարակը Տոկիոյով հիանալու լավագույն վայրերից է:

Տոկիոյում պարտադիր տեսնելու ցանկում ես ներառել էի նաեւ Կայսերական պալատը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Այն կառուցվել է Էդո ամրոցի տեղում եւ արդեն 1800-ականների վերջին հսկայական տարածություն զբաղեցնող կառույցն արդեն պատրաստ է եղել: Ցավոք, կրկին պատերազմի հետեւանքով վնասվել է, սակայն աշխատասեր այս ժողովուրդն այն կրկին ոտքի է կանգնեցրել ու աշխարհին ներկայացնում է յուրովի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ակտիվ խաչմերուկն ու միշտ հիշվող Հաչիկոն

Ճապոնիայի մայրաքաղաքում քայլեք երեկոյան: Իհարկե, պարտադիր է այցելել Գինզա փողոց՝ մշակութային ու առեւտրային հսկայական կենտրոն: Այն ամբողջ աշխարհի ամենաշքեղ ու թանկ վայրերից է համարվում: Այստեղ ներկայացված են ողջ աշխարհի ամենահայտնի բրենդները, շլացնող գովազդային հոլովակները, ճաշակով հանգնված ու գրավիչ անցորդները:

Լուսանկարը` Մեդիամաքս


Աննկարագրելի է այն պահը, երբ հայտնվում ես Շիբույայի խաչմերուկում: Տոկիո մեկնող ցանկացած մարդ ցանկանում է հայտնվել այնտեղ ու անընդհատ այս փողոցից այն փողոցն անցնել: Երբ լուսացույցը կարմիրը փոխում է կանաչի, միաժամանակ միջինը 3000 մարդ հատում է փողոցները:  

Լուսանկարը` Մեդիամաքս


Շիբույան ավելի երիտասարդական, ազատ, բարերով ու ակումբներով լեցուն վայր է: Սա, թերեւս միակ տեղն էր Տոկիոյում, որտեղ ես բարձր երաժշտություն կամ էլ առհասարակ աղմուկ լսեցի:

Հա, չմոռանաք Շիբույայի կայարանի մոտ այցելել հայտնի Հաչիկոյի արձանը տեսնելու: Հավատարմության խորհրդանիշ համարվող այս շան արձանի մոտ միշտ մարդաշատ է ու ակտիվ:

Լուսանկարը` Մեդիամաքս



Որպես վերջաբան

1974-ին Առնո Բաբաջանյանը մեկնում է Տոկիո, որտեղ նրա «Սատանու անիվ» երգն արժանանում է երգի Համաշխարհային մրցույթի առաջին մրցանակին: Վերադառնալուց հետո մեծ կոմպոզիտորին հարցնում են, թե ինչպիսին էր Տոկիոն: Նա էլ պատասխանում է, որ այնտեղ ոչ թե 20-րդ, այլ արդեն 21-րդ դարն է:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ճապոնիայի մայրաքաղաքում եղած ժամանակ ամեն րոպե ես հիշում էի այս պատմությունն ու համոզվում, թե որքան ճիշտ է եղել Բաբաջանյանը: Վստահաբար կարող եմ ասել, որ այս երկրում այսօր 22-րդ դարն է՝ առաջ բոլորից ու ամեն ինչից:

Լուսանկարը` Մեդիամաքս


Միգուցե շատերը քննադատում են ճապոնացիներին իրենց չափազանց փակ լինելու, «գծած» ապրելու ու մեխանիզմի պես աշխատելու մեջ, բայց նաեւ դրա շնորհիվ են նրանք հաղթահարել պատերազմների հետեւանքները, անընդհատ վնաս պատճառող տարերային աղետներն ու կառուցել զարգացած, ինքնաբավ ու հիանալի երկիր:

Տեքստը եւ լուսանկարները՝ Գոհար Նալբանդյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին