Դեկտեմբեր 22, 2024
12557 դիտում

Հակոբ Սերոբյան. Ժամանակն է, որ մարմնամարզության համար պայմաններ ստեղծվեն


Լուսանկարը` Մեդիամաքս


Արթուր Դավթյանը անկախ Հայաստանի առաջին մարմնամարզիկն է, որին հաջողվեց Օլիմպիական խաղերում մեդալ նվաճել: Տոկիոյից նա վերադարձավ բրոնզով:

Այսօր նրա ելույթի մասին խոսել է հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, որը Տոկիոյում հանդես եկավ որպես մրցավար:

«Շատ-շատ ուրախ ենք այս հաջողության համար, Արթուրից շատ գոհ եմ: Գնացել էինք մեդալի հետեւից, հենց այնպես չէինք մեկնել Տոկիո, թեեւ չէինք բարձրաձայնել, թե ինչ գույնի կլինի այն:  

Արթուրը ոսկի մեդալի էր արժանի ու դա ցույց տվեց իր արդյունքներով, որակավորումից հետո առաջին տեղ զբաղեցրած մարզիկի հետ հավասար էր: Եթե եզրափակչում 2-րդ ցատկը նույնքան լավ կատարեր, հաղթող կդառնար: Կարեւորն այն է, որ մենք պատրաստ էինք խաղերին:

Ինքն էլ, ես էլ հավատում էինք, որ մեդալ կլինի, բայց շատ մարդիկ, այդ թվում մեր մարմնամարզիկները, չէին սպասում, որ այսպիսի պայմաններ ունենալով կարող ենք մեդալ նվաճել:

Հենց վերադարձանք, հավաքականի բոլոր անդամներին ասացի՝ տեսաք, որ ամեն ինչ էլ հնարավոր է: Հիմա իրենք էլ կհավատան ու ավելի լավ կմասնակցեն մրցումների, որովհետեւ այնքան ոգեւորված են:

Ապրի Արթուրը: Սովորաբար ԱԱ-ի կամ ԵԱ-ի որակավորումից հետո 2-3 օր է լինում մինչեւ եզրափակիչը, խաղերում 8 օր սպասեցինք: Այնքան լարված վիճակ էր, ես շատ անհանգիստ էի, նյարդերի պայքար էր, բայց Արթուրն իրեն լավ պահեց:

Արթուրին անընդհատ երազումս տեսնում էի, իսկ իրար միայն դահլիճում էինք հանդիպում: Մարզչի դերում հանդես եկավ Հայկ Նազարյանը, նրան վստահեցի ու շատ լավ կատարեց իր աշխատանքը: Նրա միջոցով էի Արթուրին բարեւ փոխանցում, որ իմ լարվածությունը չնկատի:  

41 տարի առաջ էինք Օլիմպիական մեդալ ունեցել, թիմային պայքարում հաղթել էր Էդուարդ Ազարյանը, այս մեդալը լրիվ այլ էր: Բնականաբար, բոլորը ոգեւորված են, բա պատկերացրեք, որ պայմաններ ստեղծվեն, որքան լավ կլինի:

Ժամանակն է, որ իմ խոսքն ասեմ՝ գլխավոր մարզիչ եղած ընթացքում առաջնային նպատակս է եղել, որ բոլոր կարեւոր մրցաշարերից մեդալ ունենանք, մնում էր Օլիմպիական խաղերը, դա էլ արեցինք: Ուզում ենք ցույց տալ, որ մարմնամարզությունը կա, հայկական մարզաձեւերի թվում է ու պայմանների կարիք ունի:  

Երկու դահլիճ ունենք՝ Շահինյանի ու Ազարյանի անվան, անմխիթար վիճակում են, Գյումրիում էլ կա փոքրիկ դպրոց: Խմբակներ շատ կան, նրանից կարող ենք ընտրել լավ կադրերի»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին