Դեկտեմբեր 22, 2024
exclusive
11204 դիտում

Բաչկով. Օլիմպիական բրոնզի համար որքան ուրախացել, նույնքան էլ տխրել եմ



Տոկիոյում Հայաստանի հավաքականի նվաճած 4 մեդալներից մեկը Հովհաննես Բաչկովինն է: Բռնցքամարտիկն Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է դարձել:

Այսօր կայացած պարգեւատրման արարողությունից հետո Բաչկովը պատասխանել է հայ լրագրողների հարցերին:

 

Մեծ պատիվ է Օլիմպիական խաղերում 3-րդ տեղը զբաղեցնել, թեեւ այլ մեդալի էի սպասում, բայց էլի ուրախ եմ, որ բրոնզ ունեմ: Ցանկացածիս համար էլ մեծ երազանք է խաղերում մեդալի արժանանալը:

 

Քանի որ առաջին Օլիմպիական մեդալս է, շատ ուրախ եմ, բայց նույնքան էլ տխուր եմ, քանի որ չկարողացա ավելի բարձր հարկի պարգեւ ունենալ:

 

Շատերը կարող են զարմանալ, որ մեդալից հետո տխրել եմ, բայց ես ֆավորիտ էի համարվում:

 

Ամերիկացին կիսաեզրափակչում կեղտոտ մենամարտ վարեց, շատերն ասում են, թե տակտիկա էր, բայց նրա ոճն է այդպիսին: Ինձ հետ մենամարտելիս խեղդվող մարդու էր նման, թեեւ Դեւիսին  էլ շնորհավորում եմ 2-րդ տեղի համար:

Ամենաբարդ մենամարտն ինձ համար Օլիմպիական խաղերում հենց նրա հետ էր: Բարդ էր հոգեպես, որովհետեւ ցանկացած պարտություն, կապ չունի Շիրակի մարզի առաջնությունում է, Հայաստանի, թե Օլիմպիական խաղերում, ինձ վրա մեկ ազդեցություն է թողնում՝ տխրում եմ:

 

Ամեն մեդալի հետեւում այնքան քրտինք ու արյուն կա, բառերով այդ ամենը նկարագրել չի լինի: Այս անգամ Օլիմպիական մեդալը ոչ մեկին չեմ նվիրի, ինձ կպահեմ:

 

Եթե հնարավոր լինի պրոֆեսիոնալ ու սիրողական բռնցքամարտը համատեղել, էլի կմասնակցեմ Օլիմպիական խաղերի: 

 

Ռիոյի խաղերի համեմատ հսկայական տարբերություն կա, 5 տարի է անցել, ավելի հասուն բռնցքամարտ եմ վարում, ուժեղ ու փորձառու եմ դարձել:

 

Ուզում եմ շնորհակալություն հայտնել լրագրողներին, որ լավագույնս լուսաբանեցիք մեր ելույթներն ու մեր հայրենակիցներին, որոնք ինձ լավ տրամադրություն ու էմոցիաներ են փոխանցել իրենց նամակներով: 

 

Մեծ պատիվ էր բացման արարողության ժամանակ մեր դրոշակակիրը լինել, երեկոյան էլ փակման ընթացքում եմ դրոշը տանելու: Փաստորեն ձեռքս թեթեւ էր Հայաստանի հավաքականի համար:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին