Դեկտեմբեր 09, 2024
exclusive
147519 դիտում

Հայաստանի Օլիմպիական հավաքական. Ֆերդինանդ Կարապետյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծննդյան թիվ. 19.12.1992 թ. ք. Վարդենիս

Մարզաձեւ. Ձյուդո (73 կգ)

Ընտանիք. Ամուսնացած է:  

Կրթություն. Ավարտել եմ Հյուսիսային Օսիայի Պետական համալսարանի ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի բաժինը:

Անձնական մարզիչ. Էլբեկ Այլարով ու Ռուսլան Գասիեւ

Կարգախոսը. Երբեք մի հանձնվիր ու կտեսնես, թե ինչպես են մյուսները հանձնվում:

Հոբբի. Սիրում եմ ամենագնացներով լեռներ բարձրանալ ու արշավներ գնալ: Վլադիկավկազում սիրուն տեղեր ունենք, միշտ հավաքներից հետո լինում եմ այնտեղ ու լիցքաթափվում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ձյուդոն. 5 տարեկան եմ եղել, որ Վլադիկավկազ ենք տեղափոխվել: Մեր թաղամասում, որտեղ մեծացել եմ, բազմաթիվ են լավ ձյուդոյիստներն ու մարզադահլիճն էլ հենց մեր տան կողքին է, կարելի է ցատկով պատշգամբից հայտնվել այնտեղ: Մեր քաղաքը շատ սպորտային է, 20-ից ավելի Օլիմպիական չեմպիոններ ունենք, խելահեղ արդյունք է: Այնպես է ստացվել, որ մեր հարեւանն Օլիմպիական կրկնակի մեդալակիր Տամիրլան Տմենովն էր, մինչեւ հիմա էլ ընտանիքներով մտերիմ ենք: Միշտ նայել եմ նրա գոտեմարտերն ու երկրպագել: Այնքան հավանեցի նրա ելույթը, որ որոշեցի ինքս էլ մարզվել ու ավագ եղբորս հետ սկսեցինք հաճախել ձյուդոյի:

Դժվար սկիզբը. Առաջին 2 տարին մարզիչը մեզ տանջում էր ու շատ ծանրաբեռնում, չցանկանալով էինք գնում պարապելու: Չորս տարի Հայաստանում չէինք եղել ու ամռանը եկանք Վարդենիս, մի քանի ամիս մնալուց հետո եղբորս հետ որոշեցինք, որ էլ չենք մարզվի: Սակայն վերադառնալուց օրեր անց պատահաբար դահլիճի մոտ մեր մարզչին հանդիպեցինք, նա մեզ իր մոտ կանչեց ու հետաքրքրվեց, թե էլ ինչու չենք գնում մարզվելու: Ասաց, որ վաղվանից կսպասի մեզ, ու այդպես ամեն ինչ սկսվեց: Ապա մրցումների գնացի, հաղթեցի ու զարմացա, թե ամեն ինչ որքան լավ կարող է լինել: Ամբողջ կյանքում սիրել եմ մարզվել ու աշխատել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ձյուդոյի յուրահատկությունը. Ձյուդոն եթե ոչ ամենաբարդ ու դժվար մարզաձեւն է, ապա դրանցից մեկն է: Այն սովորական մարդուն անհատականություն է դարձնում, տալիս է լավ որակներ, հարգանք մեծերի նկատմամբ, բնավորություն է կոփում, հոգեկան ամրություն տալիս: Դրական կողմերը շատ են:

Նորամուտը. Առաջին անգամ մեծահասակների պայքարում Ռուսաստանի առաջնության ընտրական մրցաշարում եմ հանդես եկել: 2010 թվականն էր, դեռ շատ երիտասարդ էի, հաղթեցի ու մասնակցեցի առաջնությանը: Երկար ժամանակ Ռուսաստանի քաղաքացիություն չունեի ու չէի կարողանում մրցաշարերում հանդես գալ: Միանգամից սկսեցի արդյունքներ գրանցել, թեեւ այդ առաջնությունում զիջեցի, քանի որ ինձ համար դեռ ամեն ինչ նոր էր, չգիտեի, թե արտագնա մրցումներն ինչպիսին են լինում, բայց աստիճանաբար փորձ ձեռք բերեցի:

Կարեւոր նվաճումը. 2018 թվականի Եվրոպայի առաջնությունում չեմպիոն հռչակվելն է: Շատ երջանիկ էի եւ ուրախ, որ հաջողվեց ոսկե մեդալ նվաճել: Հայաստանի 2-րդ չեմպիոնը դարձա ձյուդոյում, 10 տարուց ավել ոսկի մեդալ նվաճել չէր հաջողվում:  5 գոտեմարտում հաղթեցի, այդ նվաճումը պատմության մեջ մտավ դրոշների հերթականության առումով՝ առաջին տեղում ես էի, ինձ հաջորդում էին ադրբեջանցի ու թուրք մարզիկները:

Լուսանկարը` Մեդիամաքս


Կարիերայի կարեւոր մարդիկ. Ամեն ինչում ինձ մարզիչներն են օգնել, որ այսպիսին եմ դարձել: Մարզիչս իմ 2-րդ հայրն է, ժամանակի մեծ մասը հենց նրա հետ եմ անցկացնում:

Վախերը. Ամեն ինչ փորձի ու ժամանակի հետ է գալիս, առաջ միջազգային հարթակում հաճախ չէի ելույթ ունենում ու մի քիչ զգույշ էի գործում: Երբ հասկացա, որ բոլոր մրցակիցներն էլ սովորական մարդիկ են եւ կարող եմ նրանց գերազանցել, աստիճանաբար վախերս հաղթահարեցի:

Հաղթանակի ու պարտության դերը. Երկուսն էլ իրենց յուրահատուկ ու կարեւոր տեղն ունեն, առանց պարտության հաղթանակ չի լինում: Առավելության հասնելը մեծ վստահություն է տալիս, իսկ զիջելիս շատ դասեր ես քաղում: Կյանքը միշտ շարունակվում է, եթե պարտության վրա շատ կենտրոնանաս, ոչնչի չես հասնի: Պարտվեցիր՝ ոտքի կանգնիր ու շարունակիր քո գործը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ելույթից առաջ. Տրամադրում եմ ինձ, որ պետք է հաղթել, մտածում եմ՝ ուժեղ եմ, լավագույնն եմ, չեմ կարող ոչ մեկին զիջել: Տրամադրվածությունը շատ կարեւոր է, զայրացած գնում եմ պայքարելու:

Ռուսաստանն ու Հայաստանը ներկայացնելը. Ռուսաստանում ձյուդոյի մակարդակը շատ ավելի բարձր է, այնտեղ տաղանդավոր մարզիկների քանակը մեծ է, նրանց հետ մարզվելիս աճում ես: Հայաստանում, ցավոք, այդպես չէ: Դրա համար էլ հիմնականում այնտեղ եմ պարապում, քանի որ պայմաններն ավելի լավն են: Հավաքականում բժիշկներ, մերսողներ, շատ մարզիչներ կան, լրիվ այլ մակարդակ է: Սակայն Հայաստանն իմն է, հպարտ եմ, որ հիմա իմ հայրենիքն եմ ներկայացնում ու իմ ժողովրդի համար պայքարում: Ռուսաստանում հյուր եմ, իմ տունն այստեղ է: Ուզում եմ մեր ժողովրդին ուրախացնել, մանավանդ հիմա, երբ ծանր պահեր ենք ապրում: Նպատակս է հպարտանալու առիթ տալ մարդկանց ու օգնել հասկանալ, որ անկախ ամեն ինչից ուժեղ ենք ու չենք հանձնվի: Հայաստանը ներկայացնելը միլիոն անգամ հաճելի է, քան Ռուսաստանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ուղեգրի նվաճումը. Մինչեւ վերջին պահը, ոչ մեկը չէր իմանում կմասնակցի խաղերին, թե ոչ: Միայն 1 ամիս առաջ հաստատվեց, որ ես էլ եմ մասնակցելու: Բայց միշտ էլ իմ ուժերին վստահ եմ եղել ու իմացել, որ ուղեգիր կնվաճեմ ու կկարողանամ մեդալի համար պայքարել, դրա համար հանգիստ էի: Եթե չհավատայի, չէի մեկնի Տոկիո: Քանի որ ուղեգիր ունեմ, արդեն իսկ աշխարհում լավագույններից մեկն եմ համարվում, շանսեր ու հույս կա, որ մեդալ էլ կլինի: Շատ եմ աշխատում, որ իրականություն դարձնեմ այդ նպատակս:

Միակ ձյուդոյիստը. Շատ մարդիկ են ինձ նայելու, այդ թվում՝ երեխաներն ու երիտասարդները, որոնց համար մարզիկներն օրինակ են: Ուզում եմ լավ գործ անել, որ մարդիկ իմանան, թե ինչ է ձյուդոն, սիրեն այն, սկսեն սպորտով զբաղվել ու առողջ ապրելակերպ վարել: Նպատակ ունեմ նրանց համար մոտիվացիայի աղբյուր լինել, որ կարողանան լավ արդյունքների հասնել կյանքում: Մեր ամեն հաղթանակ ուրիշների համար ոգեշնչման աղբյուր է դառնում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Վերադարձ ակունքներին. Ձյուդոն հենց ճապոնական մարզաձեւ է, հաղթել Տոկիոյում զիլ կլինի, մեծ նվաճում կհամարվի, դրա համար էլ շատ եմ ուզում, որ մենք այդ մեդալն ունենաք: Չափից շատ հաճելի կլինի:

Տպավորիչ խաղերը. Առաջին անգամ ամենաշատն ինձ տպավորել են 2004 թվականի խաղերը, երբ մեր հարեւանն էր մասնակցում: 2012-ին Արսեն Գալստյանը չեմպիոն դարձավ, նա իմ ընկերն է, 2016-ին էլ 66 կգ քաշային կարգում հաղթեց իտալացի Ֆաբիո Բազիլեն, նրանից նման արդյունք ոչ ոք չէր ակնկալում, բայց պարզապես փայլեց ու բոլոր ուժեղներին գերազանցեց: Ինձ էլ դա շատ մոտիվացնում է ու ցույց տալիս, որ անհնարին ոչինչ չկա:

Կարեւոր խորհուրդ. Ինձ ասել են, որ պետք է խաղերին այնպես վերաբերվել, ինչպես սովորական մրցաշարի: Դուրս գալ ու հանգիստ ելույթ ունենալ, անել այն, ինչ կարող եմ: Որ մեդալ լինի, ամբողջ կյանքում կհիշեմ այս Օլիմպիական խաղերը, բայց ամեն դեպքում մասնակցությունն էլ արդեն շատ բան է նշանակում: Տոկիո եմ գնում մեդալի հետեւից:

Օլիմպիական օղակները. Ինձ համար առաջին հերթին խորհրդանշում են աշխատանք, էմոցիաներ, տոն, պատմություն ու հաղթանակ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Տոկիոն. Տոկիո ասելիս հենց այդ օղակներն են աչքիս առաջ գալիս: Տոկիոն անհավանական քաղաք է, Ճապոնիան՝ զարմանահրաշ երկիր: Շատ տեղերում եմ եղել, բայց Տոկիոն տարբերվում է բոլորից լավ առումով: Մարդիկ շատ սիրալիր են, իհարկե, մի քիչ էլ ծիծաղելի: Հայերն ամեն տեղ էլ հեշտ են հարմարվում, Տոկիոն էլ բացառություն չի լինի:

Հայաստանի հավաքականը. Աշխարհի ամենալավ մարզիկներն ունենք ու ամեն մեկն էլ կարող է մեդալ նվաճել Տոկիոյում: Հույս ունեմ, որ բոլորիս մոտ էլ կստացվի ու գոհ կվերադառնանք հայրենիք: Շատ մեդալներ եմ ակնկալում, վստահ եմ դրանում: Բան չմնաց, շուտով կիմանանք, թե այս խաղերն ինչպիսին կլինեն մեզ համար:

Եվրոպայի չեմպիոն 2018 թ.

Մի քանի անգամ Գրան Պրիների 2-րդ ու 3 մրցանակակիր


Մեծ Սաղավարտի արծաթե ու բրոնզե մեդալակիր


Եվրոպայի Գավաթի 2-րդ ու 3-րդ մրցանակակիր


Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին