Մայիս 01, 2024
exclusive
26834 դիտում

Հայաստանի Օլիմպիական հավաքական. Կորյուն Սողոմոնյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծննդյան թիվ. 16.05.1993 թ. գ. Զովունի               

Մարզաձեւ. Բռնցքամարտ (52 կգ)

Կրթություն. 8-րդ դասարանից ուսումը շարունակել է Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում, ապա՝ Ֆիզկուլտուրայի ինստոիտուտում:

Անձնական մարզիչ. Հայրն է՝ Սամվել Սողոմոնյանը

Կարգախոսը. «Թող քո հավատն ավելի մեծ լինի, քան քո վախը»:

Սպորտային կարիերայի սկիզբը. Հայրիկի ազդեցությունն, իհարկե, եղել է, բայց ձեռքս չի բռնել ու տարել դահլիճ: Շատ ակտիվ էի ու էներգիաս սպառելու համար մի քանի անգամ այնպես արեց, որ պարապեմ: Մի օր ինքս որոշեցի գնալ մարզադահլիճ՝ 5-6 տարեկան էի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նորամուտը. Առաջին անգամ Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցաշարում եմ նորամուտս նշել: Ընդամենը 17 տարեկան էի ու հաղթող դարձա: Եզրափակչում հանդիպեցի մեր ամենալավ ու իմ ամենասիրելի մարզիկներից մեկին, որով շատ էի հպարտանում՝ Հովհաննես Դանիելյանին: Նրանից շատ բան եմ սովորել, Օլիմպիական խաղերում նրա ելույթից ոգեւորվել:

Ընտանիքը. Երկու երեխա ունեմ՝ Արփին 5 տարեկան է, իսկ Սամվելը՝ 3: Կինս ամեն հարցում աջակցում է ինձ: Ամուսնական կյանքն ինձ ավելի շատ օգնեց, քան խանգարեց: Տղաս թեեւ փոքր է, բայց ավելի շատ ինքն է սիրում նայել մենամարտերս:

Մայրիկը. Մայրիկս ընդհանրապես չի նայում ելույթներս, հնարավոր է որոշ ժամանակ անցնի, նոր հետեւի: Նրա համար հատկապես ծանր է տեսնել, թե ինչպես եմ քաշ գցում: Այդ ընթացքում սկսում եմ քիչ ուտել: Թեեւ 20 տարի է բռնցքամարտիկ եմ, ամեն ինչ շատ լավ հասկանում է, բայց միեւնույն է անհանգստանում է:

Լուսանկարը` Մեդիամաքս


Սպորտը թողնելը. Ազատ ժամանակ շատ քիչ եմ ունենում, այն հիմնականում ընտանիքիս հետ եմ անցկացնում՝ սովորաբար զբոսնում ենք: Երեխաները մեծանում են, ու հաճախակի բացակայության պատճառով այդ ամենը չեմ տեսնում: Լավ հիշում եմ, որ տղայիս ծնունդի ժամանակ մրցաշարի էի մասնակցում՝ հասել էի եզրափակիչ, ամբողջ գիշեր չքնեցի, լուրի էի սպասում, իսկ առավոտյան պետք է ելույթ ունենայի: Իհարկե, հաղթեցի, բայց դրանից հետո որոշեցի հեռանալ սպորտից, ընտանիք պահելը ֆինանսապես դժվարացել էր:

Աշխատանքը. Շինարարությամբ եմ զբաղվել, շատերը մտածում էին՝ ամոթ է, բայց ինձ համար այդ ընթացքում կարեւորը ընտանիքիս համար գումար վաստակելն էր:

Վերադարձը. Ամենաշատը հայրս էր ասում, որ բռնցքամարտում շատ բան է փոխվել ու պետք է նորից վերադառնամ: Ես էլ արդեն աշխատանք ունեի եւ չէի ուզում թողնել այն, բայց ընկերներս ու մյուս մարզիչները գտնում էին, որ կարող եմ կրկին արդյունքների հասնել: Այնքան ասացին, որ ես էլ ցանկացա ամեն ինչ նորից փորձել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ռինգում. 2 տարվա դադարից հետո եմ ռինգ մտել, ավելի բարդը ռեժիմ պահելն էր: Առաջին մենամարտում Եվրոպական խաղերի գործող չեմպիոնի հետ եմ հանդիպել ու պարտվել, բայց այդ մենամարտից հետո ամեն ինչ պարզ դարձավ: Հասկացա, որ կարող եմ լավ կռվել ու ավելի վստահ դարձա:

Բռնցքամարտը. Կարող ես ֆիզիկապես այդքան էլ ուժեղ չլինել, բայց այ եթե մտքի ճարպկություն ունենաս, կկարողանաս լավագույնը դառնալ: Պետք է ռինգի ամեն անկյունն ու մրցակցիդ զգաս: Ռինգն ասես քո տունն է ու ամեն ասնտիմետրի համար պարտավոր ես պայքարել: Բռնցքամարտն իսկական տղամարդկանց սպորտ է, գլուխ գովելու չէ, բայց ամեն մարդու համար չէ: Կանայք էլ զբաղվում են ու շատ տղամարդկանցից ավելի համարձակ են:

Կարեւոր որակներն ու մի քիչ վատերը. Թույլ կողմեր շատ ունեմ. այդքան էլ աշխատասեր չեմ, չեմ սիրում մարզվել: Իսկ ուժեղ կողմս հանգստությունն է, շատերն են զարմանում, թե ինչպես է ինձ դա հաջողվում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ամենաազդեցիկ մարդը կարիերայում. Հայրս, առաջին մարդն է, որ ամեն պարագայում կողքիս է եղել, ամեն ինչի համար իրեն եմ պարտական: Ինչպես նաեւ մնացած բոլոր մարզիչներին, որոնց հետ աշխատել եմ, նրանց շնորհիվ եմ հասել այս կետին: Մրցակիցներն էլ անպայման օգնում են, ուժեղի հետ ավելի ես ուժեղանում:

Ամենակարեւոր սպորտային նվաճումը. Ուղեգրի ձեռքբերումն է, քանի որ ամեն մարզիկի կյանքի նպատակն է մասնակցել խաղերին:

Դժվար ուղեգիրը. Մրցաշարը 2020-ի մարտին էր, երբ կորոնավիրուսը նոր էր լայնորեն տարածվում: Լոնդոնում այդ օրը 2 ուղեգիր էր խաղարկվում, բոլոր հաղթողները ձեռք կբերեին այն: Արդեն գիտեինք, որ մրցաշարը դադարեցվելու է: Երբ նվաճեցի, ճիշտն ասած առանձնապես ապրումներ չունեցա, քանի որ բոլորիս մտքերը կովիդով էին տարված: Հասել ենք տուն ու մեկուսացել: Այս տարի ավելի շատ եմ ուրախացել ու զգացել, թե որքան կարեւոր հաջողության եմ հասել: 2020-ը հայ ազգի համար ամենավատ տարին էր, բայց հաջողության գործոնը ողջ տարվա ընթացքում ուղեկցեց ինձ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Պատերազմը. Կամավոր պատերազմ եմ գնացել արդեն այն սկսվելու 2-րդ օրը: Մտածում էի, եթե 18 տարեկան երեխան կարող է կռվել, ես ինչպես տանը նստեմ ու ընտանիքիս նա պաշտպանի: Երեխա էինք ասում, բայց հենց նրանք են իսկական տղաները: Բոլորս էինք պարտավոր միանալ նրանց: Ես, քեռուս տղան եւ ընկերս էինք, խմբի կեսին տարան Արցախ, ես մնացի Հայաստանում՝ Վարդենիսի սահմանին: Զինվորական վաշտում եմ ծառայել ու զենքից տեղյակ չէի, ամեն ինչ հենց պատերազմի ժամանակ եմ սովորել՝ կրակել, զենքը մաքրել, հավաքել: Կռվին շատ չեմ մասնակցել, բայց մոտիկ տարածության վրա տեսել եմ, թե ինչպես են երկուստեք կրակում իրար վրա: Նույն հաջողությամբ ես կարող էի գնալ Արցախ, ու ոչ ոք չգիտի, թե ինչ կարող էր տեղի ունենալ:

Սիրելի հանգիստը. Բնության գրկում է, որտեղ հանգիստ է, քաղաքի աղմուկն ու ժխորը չեմ սիրում, նման տեղերում հազվադեպ եմ լինում: Բացառություն է երեւի միայն Ծաղկաձորը, այնքան ենք հավաքների գնացել, որ երբ կինս առաջարկում է այնտեղ հանգստանալ, հրաժարվում եմ: Այդ ճանապարհն այնքան եմ վազելով անցել, արդեն հոգնել եմ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Կուռքը. Կուռքեր պատանի տարիքում եմ ունեցել, այդ ժամանակ ինչպես բոլորը ոգեւորված էի Արթուր Աբրահամի ու Վիկ Դարչինյանի ելույթներով: Մարզումների ժամանակ Հովհաննես Դանիելյանից այնքան բան եմ վերցրել, հնարավոր է չի էլ նկատել, իսկ ես գողացել եմ:

Հաղթանակից ու պարտությունից հետո. Ամենալավ զգացողությունն է, երբ վերջում հաղթում ես, ինչքան ցավ, վնավածք այդ պահին ուզում ես ունեցիր, ոչինչ էլ չես զգում: Եզրափակչում պարտելիս շատ եմ տխրում, ինձ չեմ ներում, նախընտրում եմ 3-րդ լինել, միայն թե ոչ 2-րդը:

Խաղերի հետաձգումը. Ուզում էի, որ 2020-ին կայանան, բայց ստացվեց այնպես, որ ինձ հետաձգումն ավելի շատ օգուտ տվեց: Երկու տարվա դադարից հետո օգնեց  կորցրածը լիարժեք հետ բերել: Հասցրի վերականգնվել ու սպորտային կյանքի մեջ մտնել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Օլիմպիական խաղերը. Երազանք էր մասնակցելը, հիմա արդեն մեդալ նվաճելու նպատակի է վերածվել: Սպորտ վերադառնալուց հետո ինձ վրա վստահ չէի ու թերագնահատում էի ուժերս, բայց մի քանի մրցաշարերից հետո զգացի, որ դեպի լավն եմ փոխվել: Ռինգում ամեն ինչ կերեւա, ուժեղից ուժեղն էլ կա, բայց ինձ այլեւս չեմ թերագնահատում:

Հայաստանի թիմը. Օլիմպիական խաղերում մեր մեդալ նվաճելու շանսերը մեծ են: Ցավում եմ, որ ծանրամարտում միայն 1 ուղեգիր ունենք, շատ ուժեղ տղաներ կան, եթե 5 հոգի գնար Տոկիո, 5-ն էլ կարող էին մեդալ նվաճել:

Պատանիների Եվրոպայի չեմպիոն

Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին