Ապրիլ 17, 2024
exclusive
16199 դիտում

Հայաստանի Օլիմպիական հավաքական. Արթուր Բարսեղյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծնվել է. 29.03.2002-ին Երեւանում

Մարզաձեւ. Լող (Տոկիոյում հանդես է գալու 50 մ ու 100 մ ազատ ոճում):

Անձնական մարզիչ. Արմինե Ավետիսյան

Ծառայում է. Մեկ տարի է ծառայում է սպորտային վաշտում

Լուսանկարը` Մեդիամաքս


Դեպի լող. 3,5 տարեկան եմ եղել, երբ տատիկս ու պապիկս տարել են Դավիթ Համբարձումյանի անվան լողի դպրոց: Հիշում եմ, որ ինձ տպավորել էին մեծ լողավազանը, պարապող շատ երեխաները եւ մարզիչների բարձր ձայները: Դրանք ինձ վախեցրին, բայց նաեւ մի տեսակ հանգստացրին ու հասկացա, որ լողը լավ սպորտ է: Մենք սեփական տանն ենք ապրում ու փոքր լողավազան ունենք: Երբ մտա Համբարձումյանի լողավազան, այն այնքան մեծ էր, խորն ու սառը: Շատ ուրիշ զգացողություններ ունեցա:

Առաջին քայլերը. 2008 թվականին մասնակցեցի իմ առաջին մրցմանը, որը կազմակերպել էին DDD-ի լողավազանում: Գրավեցի 1-ին ու 3-րդ տեղերը, շատ տպավորվել էի, հիշում եմ նաեւ մեդալները, որոնք փոքր ոսկուց ու բրոնզից էին: Կարելի է ասել, որ այդ ժամանակից սկսեցի առաջին քայլերս: Ընթացքում ու մարզիչներիս խորհրդով ավելի կատարելագործվեցի ազատ ու բաթերֆլայ ոճերում: Այժմ ազատ ոճում ավելի ուժեղ եմ, քան բաթերֆլայը: Երկուսն էլ անչափ գրավիչ, գեղեցիկ ու հաճելի ձեւեր են:

Լուսանկարը` Մեդիամաքս


Սթափեցնող ԵԱ-ն. Այս տարվա Եվրոպայի առաջնությանը շատ վատ հանդես եկա ու ձախողեցի ապագայի բոլոր պլաններս, քանի որ արդյունքներս ահավոր էին: Ես հասկացա, որ այսպես շարունակելու դեպքում ես կզրկվեմ այն ամենից, ինչին հասել եմ: Դրա մեջ է մտնում նաեւ ֆինանսականը, որով օգնում եմ ընտանիքիս: Սա ինձ ստիպեց ավելի լուրջ վերաբերվել լողին: Ամեն մի պարապմունքը դարձրի հաճելի, հիմա ավելի խելացի ու տրամադրված եմ մարզվում:

Պայքար երկրորդ ես-ի հետ. Ինձ մոտ պատանիից դեպի մեծահասակ անցնելու շրջանն է, որը հոգեբանորեն հաղթահարում եմ դժվարությամբ: Հոգեբանիս հետ գտել ենք իմ մեջ եղած երկրորդ ես-ին, որի հետ արդեն մի սեղանի շուրջ ենք նստել, ընդհանուր հայտարարի եկել: Հիմա կարողանում եմ հավասարակշռել իմ վատ ու լավ կողմերը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Խնդիրները լողում. Լողը Հայաստանում թերի է զարգացած: Չնայած մեր ֆեդերացիայի նախագահ Հովսեփ Մեսրոպյանի շնորհիվ բազմաթիվ խնդիրներ լուծում են ստանում: Շատ եմ ցանկանում, որ մի օր լողի վիճակը լավանա, շատ լողավազաններ ու մարզվողներ ունենանք: Իրականում, ես շատ դժվարություններ եմ հաղթահարում եւ ուզում եմ, որ ինձնից փոքրերը նման խնդիրների չբախվեն:

Լողում ինձ պահում է իմ սուրբ էակի՝ պապիկիս ցանկությունն ու նպատակը: Ցավոք, նա այլեւս մեզ հետ չէ: Պապիկս միակ անձն է, ում մասին անցյալով երբեք չեմ խոսում, ով ինձ պահում է կյանքի ճիշտ ուղու վրա: Ես համարում եմ, որ նա իր կյանքը փոխանցել է ինձ, ու մենք երկուսով ապրում ենք մեկ կյանքը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Փոխադարձ սերը. Լողը բնական տարերք է, եւ ես զգում եմ ինչպես է ջուրն ինձ փարվում, շոյում: Ջուրը ես ասոցացնում եմ կատարյալ կնոջ հետ, որով ես շարժվում եմ, ապրում, իմ առօրյան իր հետ անցկացնում: Մեր սերը փոխադարձ է: Առաջ լինում էր, որ ես պարապում էի հոգնած ու չցանկանալով, իսկ հիմա ես գնում եմ իմ սիրելի էակի մոտ: Այն ինձ հանգստացնում է, ես ցանկանում եմ միշտ մնալ ջրի մեջ:

Լողալիս ես մտածում եմ ամեն ինչի մասին՝ օրվա, խնդիրների, դրանց լուծման: Ջուրը թեթեւացնում է, «մաքրում» ու խաղաղեցնում: Անկեղծ կլինեմ, երբ խառն իրավիճակում եմ լինում, խոսում եմ ջրի հետ ու դա անում եմ բարձրաձայն, որպեսզի նա ձայնս լսի: Ես մոլեռանդի պես եմ սիրում լողը:

Լողը մեծ գիտություն է, որը տալիս է ամեն ինչ: Դու գտնվում ես մի տարածքում, որտեղ կարող ես քո մտքերի հետ թռչել ինչքան ուզում ես ու հասնել շատ բաների:

Լուսանկարը` Մեդիամաքս


Վարկանիշ նվաճելու կարեւորությունը. 2019-ին Բուդապեշտում 100 մ ազատ ոճում 49,96 արդյունք գրանցեցի ու եզրափակիչ դուրս եկա: Չէի պատկերացնի, որ կբավարարի Օլիմպիական վարկանիշին: Ինձ համար ամենակարեւորն այն է, որ B վարկանիշով եմ հանդես գալու, որովհետեւ սպիտակ քարտով հաստատ չէի գնա: Բայց դժգոհ եմ ինձնից, քանի որ A կարգ չլրացրի: Դժգոհ լինելը միշտ օգնում է տեղում չդոփել: Եթե մարզիկը գոհ մնաց իրենից, կլճանա ու կարիերայի վերջին ականատես կլինի:

Դժվար 2020-ը. Կորոնավիրուսի պատճառով կես տարի լողավազանները փակ էին: Սա ամենամեծ դադարն էր իմ սպորտային կյանքում: Հետո ամբողջ ազգի գլխին ընկավ պատերազմը, որը շատ ցավալի անդրադարձ ունեցավ բոլորիս վրա, խաթարվեց մեր հոգեբանական ուժը, առյուծասիրտ հայկական հոգին: Ես ինձ ասում եմ, որ պետք է անեմ ամեն բան հանուն խորը քուն մտած մեր եղբայրների: Ես զինվոր եմ ու երբեք նրանց պատիվը չեմ թողնի գետնին գցեն կամ մոռանան նրանց արարքը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ցատկահարթակ համարվող Տոկիոն. Պատանեկան Օլիմպիական խաղերում մասնակցելն ինձ համար մեծ փորձ է: Ուրախ եմ, որ հիմա էլ 19 տարեկանում վարկանիշով մասնակցելու եմ Օլիմպիական խաղերին: Այն իմ ապագայի համար շատ բան է նշանակում, քանի որ սպորտի հետ կապված ես մեծ ծրագրեր ունեմ:

Լարվածություն ընդհանրապես չեմ զգում: Որոշել եմ, որ գնում եմ զգալու խաղերի մթնոլորտը, հասկանալ, փորձել ուժերս, որպեսզի մասնակցեմ 2024-ի Փարիզի խաղերին ու արդեն տիտղոսի համար պայքարեմ: Տոկիոն ինձ համար այս առումով ցատկահարթակ է լինելու:

Այժմ իմ մարզիչ Արման Վահանյանի հետ ինտենսիվ մարզումներ ենք անցկացնում, անում ամեն բան, որ հասնեմ իմ լավագույն վիճակին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ավանդույթները պահող Ճապոնիան. Ճապոնացիները եզակի ժողովուրդներից են, որ պահպանում են իրենց ավանդույթները: Նրանք իրենց մշակույթը բարձր են պահում, ինչը շատ գովելի է ու մեզ էլ սովորելու ու դասեր քաղելու հնարավորություն է տալիս: Ես հայկական ավանդություններին էլ եմ հետեւում ու շարժվում եմ դրանցով, որովհետեւ եթե մոռանանք դրանք, կկորցնենք ինքներս մեզ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ճապոնական անիմացիայի գիտակը. Ինձ շատ ոգեշնչում են ճապոնական անիմացիոն ֆիլմերը: Ես փոքր էի, երբ հեռուստացույցի ալիքը փոխելիս պատահաբար տեսա ճապոնական մուլտֆիլմ, դրանից հետո սկսվեց իմ սերը դրանց նկատմամբ: Այդ անիմացիաների շնորհիվ սկսեցի հետաքրքրվել Ճապոնիայով, ուսումնասիրեցի սամուրայներին, նրանց նիստուկացը, մեծի հանդեպ հարգանքի, միշտ շնորհակալ լինելու մեծ կուլտուրան:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի հավաքականը. Տոկիոյում մենք շատ լուրջ մարզիկներով ենք լինելու՝ Օլիմպիական չեմպիոն ու մեդալակիրներ, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ: Շատ եմ ուզում եմ, որ մեր տղաները չեմպիոններ դառնան, եթե աղջիկներից մեկն էլ կարողանա, դա իդեալական կլինի: Ես անձամբ կանեմ ամեն բան, որ գոհացնեմ մեր հայ ազգին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի բազմակի չեմպիոն

2018-ի պատանեկան Օլիմպիական խաղերի եզրափակչի մասնակից

2021-ի Բուլղարիայի բաց առաջնության հաղթող ու մեդալակիր

Միջազգային կարգի սպորտի վարպետ

Գոհար Նալբանդյան
Լուսանկարներն՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին