Հոկտեմբեր 14, 2024
exclusive
8732 դիտում

Օլիմպիական հավաքական. Վազգեն Թեւանյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծնվել է. 27.10.1999 թ-ին Փոքր Վեդիում

Անվան ընտրությունը. Վազգենի ծնունդը համընկել է Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության հետ: Նրա հորեղբայրը եղել է Վազգեն Սարգսյանի մարտական ընկերը, ու Թեւանյանների ընտանիքը որոշել է իրենց որդուն անվանել հենց նրա պատվին:

Մարզաձեւ. Ազատ ոճի ըմբշամարտ (65 կգ)

Լուսանկարը` Մեդիամաքս


Ազատ ոճային ընտանիքը. Վազգենը 1996-ի ՕԽ-ի արծաթե մեդալակիր, ԵԱ-ի չեմպիոն ու ԱԱ-ի բրոնզե մեդալակիր Արմեն Մկրտչյանի հորաքրոջ թոռն է:

Ընտանիք. Ամուսնացած չէ

Կրթություն. Սովորում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի Մարզչամանկավարժական ֆակուլտետի ըմբշամարտի եւ արեւելյան մարզաձեւերի ամբիոնի 4-րդ կուրսում:

Անձնական մարզիչ. Ռաֆիկ Գոլեցյան

Լուսանկարը` Մեդիամաքս


Կարիերայի սկիզբը. Ազատ ոճի ըմբշամարտով պարապում է 9 տարեկանից:

Ինչպես է ընտրել ըմբշամարտը. Ես շատ ակտիվ երեխա էի ու տանն անընդհատ վազվզում էի, ֆիզիկական վարժություններ անում: Ընկերներս, ովքեր 4-5 տարով մեծ էին, առաջարկեցին իրենց հետ գնալ ըմբշամարտի մարզումների: Միանգամից չկապվեցի այս մարզաձեւի հետ, մի քանի շաբաթ մարզվելուց հետո տեսա, թե ինչքան ակտիվ է ու համապատասխանում է ինձ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ըմբշամարտում կայանալու համար մեծ կամքի ուժ է պետք, երբեք չեմ մարզվում պարզապես մարզվելու համար, ես նպատակներ ունեի ու դեռ փոքր տարիքից ձգտում էի հասնել դրանց: Ճիշտ է, խորացած չէի գիտակցում դա, բայց հիմնական միտքը հասկանում էի: Հետո արդեն կարեւոր դեր ունի մարզիչը, որը ճիշտ ուղղության վրա է դնում քեզ, իսկ դու կենտրոնացնում ես ողջ ուժերդ: Ես միշտ եմ մտածել չեմպիոն դառնալու մասին:

Նորամուտ. Միջազգային ասպարեզում առաջին անգամ ելույթ եմ ունեցել 2014-ին՝ մասնակցելով պատանիների Եվրոպայի առաջնությանը: Իհարկե, լարվել էի, բայց մարզիչներիս ու ինձնից շատ փորձ ունեցող ընկերներիս խորհուրդներն օգնում էին: Արդեն հետագա տարիներին այդ լարվածությունն աստիճանաբար քչացավ ու կառավարելի դարձավ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարզական կերպար. Շատ ըմբիշների եմ հետեւում, որովհետեւ բոլորից էլ ինչ-որ բան սովորում եմ: Բայց կառանձնացնեմ հենց քեռուս՝ Արմեն Մկրտչյանին:  

Գոտեմարտից առաջ. Մարզիչների հետ խոսում եմ, տակտիկան մշակում: Իրականում ամեն գոտեմարտից առաջ թիմային մեծ աշխատանք է տարվում: Իսկ երբ արդեն պետք է գորգ դուրս գամ, խոսում եմ ինքս ինձ հետ, տրամադրում, որ պետք է լավ գոտեմարտել: Իրականում այդ ժամանակ ինքս ինձ հետ մենակ եմ մնում:  

Հաղթանակն ու պարտությունը. Բոլոր հաղթանակներից հետո էլ ուրախանում եմ ու շնորհակալ լինում Աստծուն: Իսկ պարտությունից չեմ ընկճվում, հասկանում եմ, որ հարկավոր է ավելի լավ մարզվել: Բայց նշեմ, որ երկու դեպքում էլ փնտրում եմ թերություններս ու սկսում մարզումների ժամանակ շտկել դրանք:

Լուսանկարը` Մեդիամաքս


Անմոռանալի հաղթանակը. Իմ բոլոր հաղթանակներն էլ եղել են ժամանակին ու յուրաքանչյուրն էլ թանկ է:

Երբ նվաճեց Օլիմպիական ուղեգիր. Վարկանշային մրցաշարերը պետք է լինեին 2020-ին, սակայն մեկ տարի հետաձգվեցին: Չեմ կարող ասել, թե ինչ կլիներ այն ժամանակ, բայց այդ հետաձգումը դրական ազդեցություն ունեցավ: Ես լավատեսորեն եմ տրամադրվել ու մտածել եմ, որ մեկ տարի ժամանակ ունեմ ավելի լավ հանդես գալու համար: Արդյունքում, շատ լավ մրցաշար անցկացրի, դարձա հաղթող եւ Տոկիոյի խաղերի ուղեգիր նվաճեցի: Շատ ուրախ էի, բայց այն ակնթարթային էր, որովհետեւ հետո սկսեցի պատրաստվել արդեն ամենակարեւոր միջոցառմանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Օլիմպիական խաղերը. Պատանի տարիքից երազել եմ խաղերին մասնակցելու մասին: 2016-ին հետեւում էի մեր մարզիկների ելույթներին, բայց դեռ չէի մտածում իմ մասնակցության մասին, որովհետեւ պետք չէ շատ առաջ գնալ, հարկավոր է կենտրոնանալ առաջիկա մրցաշարի վրա: Հետո տարեցտարի լավացրի որակներս, Օլիմպիական խաղերին մասնակցելու ցանկությունս լրջացավ ու տեսանելի դարձավ:

Նպատակը Տոկիոյում. Ունեմ միայն մեկ նպատակ՝ նվաճել ոսկե մեդալ:

Տոկիոն. Շատ եմ սիրում այդ քաղաքն իր աշխուժության, զարգացվածության, ուրիշ լինելու պատճառով: Ցավոք, կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներ են լինելու ու երեւի չեմ կարող այնտեղ ազատ շրջել:

Հայաստանի Օլիմպիական հավաքականը. Բաղկացած է ուժեղ մարզիկներից, բոլորն էլ մեդալ նվաճելու շանսեր ունեն: Կարծում եմ, որ առավելագույնն ենք անելու հաջող մասնակցելու համար:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հաղթանակի կարեւորությունը. Ցանկացածիս հաղթանակը շատ կարեւոր ու մեծ դեր կունենա մեր ազգի համար: Ճիշտ է, նախկինում էլ էին բոլորն ուրախանում մեզ համար, բայց հիմա ավելի շատ կա հաղթանակի կարիքը: Մեզ համար էլ ծանր է գիտակցել այն ամենն, ինչ տեղի ունեցավ մեր երկրի հետ, բայց գորգ դուրս գալուց առաջ պետք չէ մտածել դրա մասին, որպեսզի չխանգարի գոտեմարտին:

2019-ի Մ-23 տ. Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

2020-ի մեծահասակների Աշխարհի գավաթի հաղթող

Գոհար Նալբանդյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին