Դեկտեմբեր 06, 2024
exclusive
7418 դիտում

Հայաստանի Օլիմպիական հավաքական. Արթուր Դավթյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծննդյան թիվ. 08.08.1992 թ., Երեւան

Մարզաձեւ. Մարմնամարզություն

Կրթություն. Սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում:

Անձնական մարզիչ. Հակոբ Սերոբյան
 
Ընտանիք. Ամուսնացած է, ունի աղջիկ

Վերադարձ. Մանկությունս Ռուսաստանում է անցել, այնտեղից 2008 թվականին ենք վերադարձել, երբ ես 16 տարեկան էի: Այստեղ 5 տարեկանում եմ մարմնամարզությամբ զբաղվել, երբ մեկնեցինք, այնտեղ էլ շարունակեցի պարապել: Վերադառնալն ինձ միանշանակ շատ օգնեց, աստիճանաբար հաստատվեցի Հայաստանի հավաքականում: 

Լուսանկարը` Մեդիամաքս


Նորամուտ. Մեծահասակների մրցաշարերում առաջին անգամ մասնակցել եմ 2011 թվականին Բեռլինում կայացած Եվրոպայի առաջնությանը: Օղակների վարժության ժամանակ ձեռքիս ամրացված գոտին պոկվեց ու ցատկ անելիս շատ ցավոտ ընկա: Բարեբախտաբար, վնասվածք չստացա: Այդ ժամանակ որպես մարմնամարզիկ դեռ  բավական թույլ էի:

Վստահության ձեռքբերումը. Հավատն իմ ուժերի նկատմամբ նախ մարզչից եկավ, սկսեց ինձ շատ տանջել ու ավելին ակնկալել: 2010 թ. երիտասարդական ԵԱ-ին մասնակցեցի ու բավական լավ արդյունքներ գրանցեցի: 1-ին ու 3-րդ տեղը գրավեցի, շատ ոգեւորվեցի ու սկսեցի ինձ հավատալ:

Սիրելի հենացատկը. Մարմնամարզությունը հարուստ է իր տեսակներով ու շատ բարդ է: Ամեն մարզիկ մի գործիք է ընտրում, որում ուժեղ է եւ ավելի կատարելագործվում դրանում, ես ինձ հենացատկի վրա եմ լավ զգում: 2009 թվականին առաջին անգամ պատանեկան փառատոնի մասնակցեցի Ֆինլանդիայում, հենացատկում դեռ ուժեղ չէի, բայց այդ ժամանակ այն ավելի շատ սիրեցի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Վատ պայմանները. Մենք էլ չգիտենք, թե ինչպես է ստացվում նման պայմաններում այդքան լավ արդյունքներ գրանցել: Առաջին հերթին մարզիչների շնորհիվ է ու մեր ձգտումների: Երեւի ցանկությունն է մեծ, կամ հասկանում ենք, որ այլ տարբերակ չունենք:

Խնդիրների լուծումը. Հենացատկի հետ կապված խնդիրն արդեն մեր ուժերով լուծել ենք: Մասնագետ ենք գտել, որը զոդել է գործիքը, սկսել էր շարժվել: Հիմա համեմատաբար լավ վիճակում է, հատակն էլ բետոն ենք արել, որ ավելի ամուր մնա:

Դստեր ծնունդը. Ալիսան ապրիլի 27-ին 2 տարեկան դարձավ: Այս տարվա տարեդարձին այստեղ չէի, Եվրոպայի առաջնությունից մեկ օր ուշացումով ժամանեցինք: Նա ինձ օդանավակայանում դիմավորեց: Երբ հայր դարձա, ուրախացա, բայց ամբողջ քաղցրությունը սկսեցի Ալիսայի մեծանալու ընթացքում զգալ: Երեխայի հետ լրիվ ուրիշ աշխարհ է բացվում քո առջեւ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հոբբի. Միշտ ֆուտբոլ եմ խաղում թիմակիցներիս, ընկերներիս ու եղբայրներիս հետ, նաեւ վոլեյբոլ: Սպորտ նայել այդքան էլ չեմ սիրում, փոխարենն ինքս եմ շատ խաղում: Այդ պրոցեսից հաճույք եմ ստանում, թենիսի 2 ձեւերով էլ զբաղվում եմ:  

Ամենակարեւոր սպորտային նվաճումը. Եվրոպայի առաջնության ոսկե մեդալն է: Այս նվաճումս նախորդներից տարբերվում էր նրանով, որ ելույթիս օրը ապրիլի 24-ին էր ու իմ առաջին ոսկին նվաճեցի Եվրոպայում: Բացառիկ պահ էր, իմ նվերն էր ողջ հայությանը:

Կուռքը. Կուռքեր չեմ ունեցել, բայց ճապոնացի Կոհեյ Ուչիմուրան ինձ համար մարմնամարզության պատմության լավագույն մարզիկն է: 2 Օլիմպիական ցիկլ շարունակ նա հաղթել է բոլոր Աշխարհի առաջնություններում ու խաղերում: Մեր  սպորտաձեւում նրա պես երկրորդին չգիտեմ:
 
Ամենաազդեցիկ մարդը կարիերայում. Ընկեր Հակոբն է: Ինձ թվում է բոլոր մարզիկների հաջողությունների մեծ լուման հենց մարզիչներին է պատկանում: Ընկեր Հակոբը պահանջկոտ է, կարգ ու կանոնի սիրահար, ինչն էլ արդյունք է տալիս:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ելույթից առաջ արարողակարգ. Բոլոր մարզիկներն էլ աղոթում են, ես էլ բացառություն չեմ: Առանց դրա չեմ պատկերացնում հարթակ դուրս գալը:

Հաղթանակից ու չստացված ելույթից հետո. Հաղթանակից հետո շատ ուրախ եմ դառնում, առաջին զգացողությունը հպարտությունն ու ուրախությունն է: Ոգեւորությունը մոտ 3 օր է տեւում է, հետո սկսում է օրեցօր քչանալ: Իսկ պարտությունը միշտ ցավոտ է լինում, հիասթափեցնող: Մեր մարզաձեւում ընդամենը 1 հնարավորություն ունես, ամիսներով դրան ես պատրաստվում, մի չնչին քայլն էլ քեզ ամեն ինչից կարող է զրկել: Քեզ հետ ես պայքարում, գործիքը չի սխալվում, դու ես ամեն ինչում մեղավոր:  

3-րդ խաղերը. Չէի պատկերացնում, որ Օլիմպիական 3 խաղերի կմասնակցեմ: Լոնդոնի Օլիմպիադան ասես մի քանի տարի առաջ լիներ, 9 տարին շատ շուտ անցավ: Տոկիոյում ամեն ինչ այլ պետք է լինի: Հույս ունեմ՝ իմ 4-րդ խաղերին էլ կմեկնեմ՝ մանավանդ, որ 3 տարի հետո են լինելու: Տարիքս թույլ կտա, ցանկություն եւս կա, կարեւորը վնասվածք չստանամ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նպատակը. Այս անգամ շատ-շատ լուրջ եմ պատրաստվում, ինչքան ուժ ունեմ կներդնեմ: Բոլոր սխալներիս վրա կաշխատենք ու կշտկենք: Եթե լավ կատարեմ վարժություններս, ինձ թվում է մեդալով կվերադառնամ, բայց Օլիմպիական խաղերին բոլորն են լավ պատրաստվում, լարվածությունն էլ անչափ մեծ է լինում:

Խաղերի հետաձգումը. Ինձ համար, միանշանակ, լավ էր, քանի որ վնասվածք ունեի ու հասցրի ապաքինվել: 3 ամիս բուժվել եմ, չէի կարողանում գտնել ցավի պատճառը: Տոկիոյում մասնակցելու եմ նժույգթափերում ու հենացատկում:  

Տոկիո ասելիս. Միանգամից կորոնավիրուսն է գալիս մտքիս, քանի որ դրա պատճառով խաղերը չեղարկեցին: 2011 թվականին այնտեղ Աշխարհի առաջնության ենք մասնակցել: Տոկիոյում էլ Օլիմպիական խաղերի վարկանիշն ապահովեցի: Մենք 45-րդ հարկում էինք ճաշում, ու այնպիսի տպավորություն էր, որ ամպերից բարձր ենք: Շատ սիրուն էր քաղաքը, ճապոնացիների կարգ ու կանոնը տպավորիչ էր: Երկրաշարժ էլ եղավ այդ ընթացքում, շենքերը ճոճվեցին: Հզոր երկիր է, մաքուր, կարգապահ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի Օլիմպիական թիմը. Ցանկությունս մեծ է, որ մեդալները շատ լինեն: Արթուր Ալեքսանյանը կարող է նորից ոսկե մեդալ նվաճել, նա մեր թիմի առաջատարներից է: Ծանրամարտից ու ըմբշամարտից մեծ հույսեր կան: Հաջողություն եմ մաղթում մեր թիմին, ինչքան շատ մեդալներ նվաճենք, այնքան մեր երկրի պատիվը բարձր կպահենք: Բոլորը կուրախանան՝ մանավանդ այսքան վատ բաներից հետո:

2021 թ. Եվրոպայի չեմպիոն

2019 թ. Եվրոպական խաղերի հաղթող


2013-ի ԵԱ-ի բրոնզե եւ 2016-ի արծաթե մեդալակիր


Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին