Ծնվել է. 22.07.1995թ-ին Երեւանում
Մարզաձեւ. Հունահռոմեական ոճի ըմբշամարտ (67 կգ)
Կրթություն. Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը:
Անձնական մարզիչ. Սամվել Գեւորգյան
Ընտանիք. Ամուսնացած չէ
Կարիերայի սկիզբը. Նորայր Մուշեղյանի անվան մարզադպրոցում ըմբշամարտով սկսել է պարապել 12 տարեկանից:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ըմբշամարտի ընտրությունը. Որպես այդպիսին մտածված որոշում չի եղել, որ հենց հունահռոմեական ըմբշամարտով եմ պարապելու: Պարզապես մարզադպրոցը մոտ էր մեր տանը, եղբայրս էլ արդեն մարզվում էր ու մի օր էլ ինձ հետը տարավ այնտեղ: Դահլիճում մեր բակի տղաներին հանդիպեցի, նրանցից շատերի հետ ընկերներ էինք: Ամեն ինչ ինձ շատ դուր եկավ, հատկապես գրավեց ակտիվությունը, ամեն ինչի մեջ պայքար լինելը: Գորգը շատ փափուկ էր թվում ու անընդհատ թռվռում էինք վրան:
Ճանապարհ դեպի պրոֆեսիոնալ սպորտ. Ժամանակի ընթացքում զգացի, որ ըմբշամարտն ինձ մոտ վատ չի ստացվում: Եղբայրս թողեց մարզվելը, իսկ ես շարունակեցի: Երեւի 15 տարեկանից հասկացա, որ պետք է արդեն պրոֆեսիոնալ պարապեմ: Դրանում ինձ շատ օգնել է Սամվել Գեւորգյանը, որը փոքր տարիքից սկսած հետեւողական է եղել իմ հանդեպ:
Շփումը մեծահասակների հավաքականի հետ. Ես դեռ պատանի էի, երբ համատեղ հավաքի մասնակցեցի մեծահասակների թիմի հետ: Հիշում եմ, մտա դահլիճ ու այնտեղ մեր բոլոր անվանի ըմբիշներն էին, որոնց թվում էր նաեւ Յուրի Պատրիկեեւը: Ես նրան հայկական սպորտի լեգենդներից եմ համարում ու մինչեւ հիմա էլ ինձ շատ է օգնում: Հիմա արդեն ես եմ ազգային թիմում ու, այս ամեն ինչը հիշելով, ինքս եմ օգնում ավելի երիտասարդներին, իմացածով կիսվում նրանց հետ:
Լուսանկարը` Մեդիամաքս
Նորամուտ. Առաջինը մասնակցել եմ Հայաստանի պատանեկան առաջնությանը, տարիքային խմբում մեկ տարի փոքր էի ու գրավեցի 3-րդ տեղը: Ապա արդեն սկսեցի հաղթել առաջնություններում ու մեկնել միջազգային մրցումների: Իհարկե, լարվածությունը, անփորձությունը խանգարում են, հետո ժամանակի ընթացքում հասկանում ես, որ միջազգային մրցաշարում էլ ամեն ինչ սովորական է ու քեզ պես ըմբիշներ են: Բացթողումներ ես անում, պարտվում, հետո հասկանում սխալներդ ու հաջորդ անգամ հաղթում: Ամեն ինչ մարդու գլխում է, պետք է կարողանաս կառավարես մտքերդ:
Կայանալու ճանապարհին. Իմ կարծիքով մարզիկը պետք է լինի նպատակասլաց, աշխատասեր, կայուն ու շատ համբերատար: Լինում են պահեր, երբ հոգնում ես այս ամենից, դրա համար պետք է լինի մեկը, որի հետ կկիսվես: Ինձ համար Սամվել Գեւորգյանն ու երկրորդ մարզիչս՝ Պետրոս Մկրտչյանն են, զրուցում եմ նաեւ Գեւորգ Ալեքսանյանի, Էդուարդ Սահակյանի հետ: Նրանք ինձ շատ են օգնում ու ասում, որ համբերատար պետք է լինեմ:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ազգային հավաքականի անդամ դառնալը. 2013 թվականի վերջին դարձա Հայաստանի չեմպիոն ու ընդգրկվեցի մեծահասակների թիմում: Անսահման մեծ էր ուրախությունս, բայց նաեւ հսկայական պատասխանատվություն զգացի: Դահլիճում ես մարզվում էի Եվրոպայի, Աշխարհի, Օլիմպիական չեմպիոնների ու մեդալակիրների հետ, երազում էի ինքս մի օր դառնալ այդպիսին:
Առաջին միջազգային մրցաշարը. Մեծահասակների մակարդակով դա եղավ Մոսկվայում, այդքան էլ բարձրակարգ մրցաշար չէր, մարզիչներն ուզում էին տեսնել ինձ գործի մեջ, ես էլ չեմպիոն դարձա: Երբ դեռ երիտասարդական թիմում էի, պաշտոնական մրցաշարի մակարդակով Եվրոպայի գավաթում հանդես եկա, հաղթեցի շատ փորձառու ըմբիշների: Հենց այդ ժամանակ էլ վստահություն ձեռք բերեցի ու հասկացա, որ մեծահասակներում եւս կարող եմ պայքարել:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ընկերների օգնությունը. Մեր հավաքականի ավագն Արթուր Ալեքսանյանն է ու իր ողջ իմացածով կիսվում է բոլորիս հետ: Իսկ ընդհանրապես ինձ ամենաշատն օգնել է Մաքսիմ Մանուկյանը՝ իր փորձով, խորհուրդներով, թե հոգեբանորեն ու թե զուտ սպորտային առումներով: Նա ինձ անընդհատ է ասել, որ կայուն լինեմ, համբերեմ ու պարապեմ մեծ նվիրումով: Մաքսիմը շատ տաղանդավոր է, ես տեսել եմ, թե ինչպես է այդ տարիքում ռեժիմ պահել, ամեն ինչին հետեւել, մրցումներից առաջ ամբողջովին հավաքվել ու կենտրոնացել, հետեւողական եղել: Այս ամեն ինչը ես իրենից եմ սովորել:
Հունահռոմեական հավաքականը. Մենք աշխարհի մակարդակով շատ ուժեղ հավաքական ունենք, ինչը թիմի մարզիչների շնորհիվ է: Նրանք լավ մարդկային ու մարզչական հատկություններ ունեն, որոնք փոխանցում են մեզ ու դարձնում լավ մարդ եւ լավ մարզիկ: Մեր ընտրանու կազմում երիտասարդներն ու փորձառուները կողք կողքի են, կարող եմ ասել, որ սահուն ձեւով երիտասարդները միանում են մեծահասակներին, ովքեր հաստատ տարիներ անց նույնպես ունենալու են մեծ նվաճումներ:
Լուսանկարը` Մեդիամաքս
Սիրելի մարզաձեւը. 15 տարուց ավել է ես ողջ կյանքս դրել եմ ըմբշամարտի մեջ, այն շատ կարեւոր է ինձ համար, այս պահին առանց ըմբշամարտի չեմ պատկերացնում ինձ: Բայց ուզում եմ, որ հետո ճիշտ ժամանակին կանգ առնեմ: Չեմ ցանկանում հենց այնպես մնալ ըմբշամարտում: Կարծում եմ, որ ինչպես սպորտում, այնպես էլ ցանկացած այլ բնագավառում, մարդ պետք է իմանա կանգ առնելու ճիշտ ժամանակը:
Միշտ հարկավոր է սովորել. Պարտություններն ինձ շատ են բարկացնում, սակայն նաեւ մտածելու տեղիք են տալիս՝ ինչը սխալ արեցի, ինչ պետք է փոխեմ իմ ոճում: Երբ 2018-ին Եվրոպայի առաջնությունում առաջին անգամ բրոնզե մեդալ նվաճեցի, շատ ուրախացա: Հետո երկու տարի անընդմեջ կրկին միայն երրորդը եղա: Հետեւություններ արել եմ ու մեծ ցանկություն ունեմ հետագա մրցումներում մեդալիս գույնը փոխել:
Ես անընդհատ սովորում եմ: Սպորտում երբ քեզ թվա, թե ամեն ինչ գիտես, ուրեմն հեռանալու ժամանակն է:
Լուսանկարը` Մեդիամաքս
Դեպի վարկանշային մրցաշար. Ես ուղեգիրս ապահովեցի վերջին մրցաշարի ժամանակ: Ինձնից առաջ ելույթ էր ունեցել Սլավիկ Գալստյանը, մենք ընկերներ ենք, ու ես ուզում էի, որ նա հաղթեր: Բայց չստացվեց, իսկ մարզիչները որոշել էին, որ երկրորդում ես պետք է մասնակցեմ: Լավ մարզումներ էի անցկացնում ու չէի մտածում անպայման վարկանիշ ձեռք բերելու մասին: Միակ միտքս այն էր, որ ում հետ էլ դուրս գամ գորգ մինչեւ վերջին վայրկյանը պետք է պայքարեմ ու չխնայեմ ինձ: Դրա համար էլ ոչ մի լարվածություն չկար:
Երբ նվաճեց Օլիմպիական ուղեգիրը. Ոչ մի թույլ մրցակցի չեմ հանդիպել, քանի որ վերջին հնարավորությունն էր ու ոչ ոք կորցնելու բան չուներ, լավագույն վիճակով էին եկել: Իհարկե, բոլորս էլ ուրախացանք, որ ուղեգիր նվաճեցինք ես ու Արմեն Մելիքյանը, բայց այն լիարժեք չէր, քանի որ մեր մյուս տղաներն էլ կարող էին հաղթանակներ տանել:
Լուսանկարը` Մեդիամաքս
Օլիմպիական առաջին խաղերը. Բոլորովին չեմ մտածում, որ Օլիմպիական խաղեր են: Այո, առաջին անգամն եմ ելույթ ունենալու, բայց չեմ կենտրոնանում այդ մտքի վրա: Հաղթանակն էլ, պարտությունն էլ մեզ Աստված է տալիս, դրա համար չեմ կարող ասել, թե ինչ կլինի: Միայն գիտեմ, որ մինչեւ վերջին շունչս կռվելու եմ ու չեմ հանձնվելու:
Հոգեկան բավարարվածություն չկա, ինձ մոտ դա այն էր, որ մեր երկրի համար ուղեգիր բերեցի: Բայց որ մտածեմ, թե խաղերում եմ հանդես գալու ու վերջ, ոչ, դա ինձ համար ցուցանիշ չէ:
Նպատակը Տոկիոյում. Իհարկե, չեմպիոն դառնալն է, առավելագույնս պայքարին տրվելը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Տոկիոն. Օլիմպիական խաղերի բարձր մակարդակով կազմակերպվածությունը, չնայած մենք չենք մասնակցելու, բայց նաեւ շատ սիրուն բացման ու փակման արարողությունները:
Հաղթանակի կարեւորությունը. Մեր նպատակն է հաղթել եւ ուրախացնել մեր ժողովրդին: Այն հույս կտա մարդկանց, որ կարող ենք կրկին մեծ հաղթանակներ ունենալ:
2018, 2019 եւ 2020 թվականներին դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Գոհար Նալբանդյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: