Դեկտեմբեր 23, 2024
exclusive
29668 դիտում

ՀԱՕԿ-25. Երկրաշարժ, պատերազմ, մեդալներ, անկախություն


1992-ի Օլիմպիական հայ մեդալակիրները
1992-ի Օլիմպիական հայ մեդալակիրները

Լուսանկարը` ՀԱՕԿ-ի արխիվից

Ալֆրեդ Տեր-Մկրտչյան
Ալֆրեդ Տեր-Մկրտչյան

Լուսանկարը` GettyImages

Ռուբեն Հակոբյան
Ռուբեն Հակոբյան

Լուսանկարը` ՀԱՕԿ-ի արխիվից

Հրաչյա Պետիկյան
Հրաչյա Պետիկյան

Լուսանկարը` ՀԱՕԿ-ի արխիվից

Մնացական Իսկանդարյան
Մնացական Իսկանդարյան

Լուսանկարը` ՀԱՕԿ-ի արխիվից

Իսրայել Միլիտոսյան
Իսրայել Միլիտոսյան

Լուսանկարը` ՀԱՕԿ-ի արխիվից

Իսրայել Միլիտոսյանը որդու հետ
Իսրայել Միլիտոսյանը որդու հետ

Լուսանկարը` Իսրայել Միլիտոսյանի արխիվից

Ռուբեն Հակոբյան
Ռուբեն Հակոբյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Մնացական Իսկանդարյան
Մնացական Իսկանդարյան

Լուսանկարը` wrestrus.ru


Այս տարի Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեն նշում է հիմնադրման 25- ամյակը:

Հայկական սպորտային այս կառույցը տարիների ընթացքում ունեցել է տարբեր ձեռքբերումներ ու նվաճումներ, խնդիրներ ու բացթողումներ:

Mediamax Sport-ը ՀԱՕԿ-ի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ ներկայացնում է երեք մասից բաղկացած հոդվածաշար, որտեղ պատմելու է, թե ինչպես է հիմնադրվել այն, ինչ դժվարություններ է ունեցել ու ինչպիսին է այսօր:

Առաջին հոդվածն էլ, բնականաբար, կպատմի ՀԱՕԿ-ի հիմնադրման ու որպես անկախ պետություն Հայաստանի Օլիմպիական խաղերում մասնակցության մասին: Զրուցել ենք ՀԱՕԿ-ի հիմնադիր նախագահ Ռուբեն Հակոբյանի (նա այսօր աշխատում է որպես ՀԱՕԿ-ի նախագահի խորհրդական) ու անկախ Հայաստանի առաջին Օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանի հետ:

1990-ին ստեղծվեց ՀԱՕԿ-ը

Հայաստանի սպորտկոմիտեի նախագահ Ռուբեն Հակոբյանը 1989 թվականին Մոսկվա կատարած այցի ժամանակ հանդիպել է ԽՍՀՄ-ի Օլիմպիական կոմիտեի նոր նախագահ Վիտալի Սմիրնովի հետ: Մտերմիկ զրույցի ժամանակ էլ Սմիրնովը խորհուրդ է տվել, որ Հայաստանում եւս ստեղծվի Օլիմպիական կոմիտե:

«Վերադարձա Հայաստան, զրուցեցի պրոֆեսոր Ռաֆիկ Մելիքսեթյանի հետ, հավաքեցինք սպորտից լավ գիտակ մարդկանց: Արդեն 1990 թվականին ստեղծեցինք կազմկոմիտե, որտեղ ընդգրկված էին Հրանտ Շահինյանը, Հարություն Յավրյանը, Միքայել Իսպիրյանն, այլ Օլիմպիական չեմպիոններ, ու սկսեցինք աշխատել»,- ՀԱՕԿ-ի կազմավորման առաջին օրերի մասին մեզ հետ զրույցն այսպես սկսեց Ռուբեն Հակոբյանը:

Նոր սպորտային կառույց ստեղծելն այդքան էլ հեշտ գործ չէր, ու մասնագետները սկսեցին մանրակրկիտ ուսումնասիրել միջազգային փորձը: Նրանք ծանոթացան բոլոր միջազգային կոմիտեների հետ` ուշադրություն դարձնելով հատկապես փոքր երկրների ազգային Օլիմպիական կոմիտեներ ստեղծելու փորձին:

1990 թվականի հոկտեմբերի 26-ին Շախմատի տանը կայացավ Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի հիմնադիր նիստը: Հաստատվեց ՀԱՕԿ-ի կանոնադրությունը, ընտրվեց կազմը, որի մեջ մտան 143 մարդ, իսկ գործադիր կոմիտեն բաղկացած էր 27 անդամից: ՀԱՕԿ-ի նախագահ ընտրվեց Ռուբեն Հակոբյանը:

1991 թվականին Լոզանում Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Խուան Անտոնիո Սամարանչի հետ կայացավ նրա առաջին հանդիպումը, երբ վերջինս հրավիրել էր արդեն նախկին ԽՍՀՄ-ի հանրապետությունների կոմիտեների ներկայացուցիչներին:

Ռուբեն Հակոբյան Ռուբեն Հակոբյան

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ես տիրապետում եմ ֆրանսերենին, որը ՄՕԿ-ի առաջին լեզուն է: Այդ ժամանակ Իսպանիայի թագավորը Սամարանչին մարքիզի կոչում էր տվել, ելույթ ունեցա ու շնորհավորեցի նրան: Դրանից հետո բոլոր Օլիմպիական հավաքներին մենք արդեն գնում էինք, աստիճանաբար դռները սկսեցին բացվել մեր առջեւ»,- նշեց Հակոբյանը:

Բարսելոնա-1992-ը, 5 հայ մարզիկներն ու 4 մեդալները

Մոտենում էր 1992 թվականը, ու այդ տարի Օլիմպիական խաղերը հյուրընկալելու էր Բարսելոնան: Բնականաբար, նորաստեղծ ՀԱՕԿ-ի առաջնային խնդիրն Օլիմպիական խաղերն էին:

Արդեն ԽՍՀՄ-ը որպես մեկ երկիր գոյություն չուներ, սակայն 12 պետությունները (Մերձբալթյան երկրները մասնակցեցին առանձին) որոշել էին վերջին անգամ հանդես գալ որպես ընդհանուր թիմ: ԱՊՀ երկրների կազմում յուրաքանչյուր պետություն ներկայացված էր իր դրոշով, իսկ հաղթող մարզիկի պատվին հնչում էր իր երկրի պետական օրհներգն ու բարձրանում դրոշը:

Այսպես, Հայաստանի անկախ հանրապետությունը 1992 թվականի Բարսելոնայի Օլիմպիական խաղերին ներկայացավ 5 մարզիկով, նրանցից 4-ը հայրենիք վերադարձան մեդալներով. երեքը դարձան Օլիմպիական չեմպիոններ: Ոսկե մեդալներ նվաճեցին ծանրորդ Իսրայել Միլիտոսյանը, հունահռոմեական ըմբիշ Մնացական Իսկանդարյանը եւ հրաձիգ Հրաչյա Պետիկյանը: Հայաստանի համար արծաթե մեդալ էլ նվաճեց հունահռոմեական ոճի ըմբիշ Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը:

Նման հաջողություն, այն էլ այն դեպքում, երբ Հայաստանը գտնվում էր պատերազմական իրավիճակում, ոչ ոք չէր սպասում:

«Առաջին անգամ Օլիմպիական խաղերում հնչեց Հայաստանի օրհներգը: Սա, իսկապես, շատ հաճելի էր: Այն ժամանակ Ժակ Ռոգեն Եվրոպական Օլիմպիական կոմիտեի նախագահն էր, զարմացած ասաց, որ ինչպես է հնարավոր 5 մարզիկով ներկայանալ ու 4 մեդալ նվաճել: Սա մեզ համար մի ռեկորդ էր, որն առայժմ չի հաջողվել կրկնել»,- հիշեց Հակոբյանը:
Իսրայել Միլիտոսյան Իսրայել Միլիտոսյան

Լուսանկարը` ՀԱՕԿ-ի արխիվից


Հայաստանի ներկայացուցիչների այսպիսի լավ մեկնարկն ապահովեց գյումրեցի ծանրորդ Իսրայել Միլիտոսյանը, որը եւ նվաճեց առաջին ոսկե մեդալը:

«Ուրախ եմ, որ ես տվեցի մեր հավաքականի հաջող ելույթի սկիզբը: Դա ոչ միայն անհատական հաղթանակ էր, այլ նաեւ թիմային հիանալի արդյունք:

1989 թ-ին Հունաստանում կայացած Աշխարհի առաջնության ժամանակ հայկական համայնքն ինձ երկու շապիկ էր նվիրել, որոնց վրա տպված էր Հայոց այբուբենը:

Բարսելոնայում ես ելույթ ունեցա այդ շապիկներից մեկով: Ճիշտ է, կազմակերպիչները սկզբում թույլ չէին տալիս, առաջարկում էին ծածկել այն, բայց ես հասա իմ ուզածին: Ելույթից հետո ՄՕԿ-ի ներկայացուցիչներն այն վերցրին: Շապիկն այժմ պահվում է Լոզանում, որտեղ ՄՕԿ-ի թանգարանում ես իմ անկյունն ունեմ:

Ուրախ էի, որ երկրաշարժից հետո կարողացա այդ մեծ նվաճումը պարգեւել մեր ազգին: Կյանքը շարունակվում էր, բոլոր դժվարություններն արդեն անցյալում էին, ու ես բախտավոր էի, որ ներկայացնում էի անկախ Հայաստանը:

Օլիմպիադայից հետո Երեւանում մեզ ընդամենը երկու հոգի դիմավորեց: Այլ բան էր կատարվում Գյումրիում՝ իսկական տոնախմբություն էր: Երկրաշարժից հետո չէի սպասում նման տոնական տրամադրություն ու խանդավառություն տեսնել: Հպարտ էի, որ իմ քաղաքը նորից ապրում էր, աննկարագրելի զգացողություններ ունեի: Հասկացա, որ մեծ գործ եմ արել ու մարդկանց ժպիտ նվիրել: Իմ ընտանիքն էլ կորուստներ էր ունեցել երկրաշարժի ժամանակ, ու ես նրանց ցանկությունը կատարած՝ ոսկով էի վերադարձել: Օլիմպիական խաղերում ինձ նվիրած պսակը եղբորս գերեզմանին դրեցի:

Մեր սերունդն, իսկապես, շատ ուժեղ էր: Գուցե, դա է պատճառը, որ մյուսներին դեռ չի հաջողվել գերազանցել այդ արդյունքը: Բայց հիմա էլ լավ մարզիկներ ունենք, հույս ունեմ, որ Ռիոյից էլ մեդալով կվերադառնանք: Հիմա իմ գործը որդիս է շարունակում, նա երիտասարդների ԱԱ-ի հաղթող է: Մենք աշխատում ենք, որպեսզի մի օր նա էլ ինձ պես Օլիմպիական չեմպիոն դառնա»:



«Բոլորն էլ տեղյակ են, թե ինչպիսի վիճակում էր գտնվում Հայաստանը 1990-ականներին: Երկրաշարժից հետո սպորտային բազաները քանդվել էին, այնպիսի մարզական հարուստ քաղաքներ, ինչպիսին Գյումրին ու Վանաձորն էին, այլեւս մարզվելու տեղ գրեթե չունեին: Ապա սկսվեց Արցախյան պատերազմը, Երեւանի բազաները ռուսական զորքերի կողմից սկսեցին ծառայել որպես զորանոցներ: Կարծում եմ, իմ ամենամեծ նվաճումը եղավ այն, որ կարողացա պահել մեր դահլիճները, չթողեցի քանդվեն: Իսկապես, ամեն ինչ շատ դժվար էր»,- նշեց Ռուբեն Հակոբյանը:

Հակոբյանը հիշում է, որ ՀԱՕԿ-ն այսօրվա նույն շենքում էր՝ 2-րդ հարկի սենյակներից մեկում.

«Ֆինանսավորում չունեինք: Եթե պետք է միջազգային մրցաշարի մեկնեինք, դիմում էի տարբեր գործարանների տնօրենների, խնդրում, որ ճանապարհածախսը հոգան: Ես երկար տարիներ «Հայէլեկտրամեքենա» գործարանում եմ աշխատել, գնացի Կարեն  Դեմիրճյանի մոտ, խնդրեցի, որ գումար տա մարզիկներին մրցման ուղարկելու համար: Նա էլ հետաքրքրվեց ՀԱՕԿ-ով, կատարվելիք աշխատանքներով ու ուղարկեց գումարը»:

ՀԱՕԿ-ում որոշվեց նաեւ թոշակ նշանակել Հայաստանի Օլիմպիական չեմպիոնների համար, ու վերջիններս սկսեցին ամսական 5000 ռուբլի ստանալ. «Ճիշտ է, քիչ էր, բայց ամեն դեպքում խթան էր»:

Ու ՀԱՕԿ-ը դարձավ ՄՕԿ-ի լիիրավ անդամ

Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեն ՄՕԿ-ի կողմից ժամանակավորապես ճանաչվեց 1992-ի մարտի 8-ին Լոզանում կայացած նստաշրջանի ժամանակ: 1992-ի հոկտեմբերի 31-ին ՀԱՕԿ-ը հաստատվեց աշխարհի ազգային օլիմպիական կոմիտեների միության անդամ: 1993-ի սեպտեմբերին ՄՕԿ-ը վերջնականապես ընդունեց ՀԱՕԿ-ին որպես լիիրավ անդամ:
Ալֆրեդ Տեր-Մկրտչյան Ալֆրեդ Տեր-Մկրտչյան

Լուսանկարը` GettyImages


1993-ին Ռուբեն Հակոբյանը հրաժարական տվեց ու նրա փոխարեն կառույցի ղեկավար դարձավ Ռաֆայել Թորոյանը:

Հակոբյանն այսօր ՀԱՕԿ-ի նախագահի խորհրդականն է, շարունակում է աշխատել հայկական սպորտը զարգացնելու ուղղությամբ եւ ուրախանալ հայ մարզիկների հաջողություններով: Այժմ նա, ինչպես եւ ողջ սպորտային աշխարհը, պատրաստվում է 2016 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերին: Հավատում է, որ Հայաստանը մեդալներ կունենա:

«ՀԱՕԿ-ը դառնում է 25 տարեկան: Այս տարիների նվաճումներից կառանձնացնեմ 1992 թվականի Օլիմպիադայի չորս մեդալները, ինչպես նաեւ 1996-ի Արմեն Նազարյանի ոսկե մեդալը: Շատ մեծ հույս ունեմ, որ մոտ ապագայում մեր Օլիմպիական կոմիտեն ավելի բարձր նվաճումների է հասնելու»,- եզրափակեց Ռուբեն Հակոբյանը:

Գոհար Նալբանդյան,  Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին