Ապրիլ 26, 2024
exclusive
13453 դիտում

Շվեդի եւ Ագուերոյի հաջողություները՝ «Ֆերարիի» անկման ֆոնին



«Ֆորմուլա 1»-ը փակեց Սինգապուրի հոբելյանական 10-րդ Գրան–պրիի էջը: Գրանացվեցին արդյունքներ, որոնք բեկումնային կարող են լինել ողջ մրցաշարջանի համար: Mediamax Sport-ում  այս անգամ՝ «Ֆուտբոլ-բասկետբոլ-Ֆորմուլա-1» տրիոն է:

Սերխիո Ագուերո

«Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյի համար ավարտված շաբաթը արգասաբեր էր: Այն, որ Ագուերոն համաշխարահային մասշտաբի գոլահար է, ու կա մի նշաձող, որից թույլ Կունը հանդես չի գալիս, նորություն չէ, բայց որ մեկ շաբաթվա ընթացքում սովորական աշխատանքային ռեժիմից ֆուտբոլիստն ի զորու է կերպարանափոխվել ու գերարդյունավետ ֆուտբոլ խաղալ, մտածելու առիթ է տալիս: Ավարտված տրանսֆերային պատուհանի ընթացքում բազմաթիվ էին խոսակցությունները, որ քաղաքայինների կազմը կարող է համալրել Ալեքսիս Սանչեսը: Ակնհայտ է, որ չիլիացու տեղափոխության դեպքում հարվածի տակ էր ընկնում Կունը, քանի որ այս երկու ֆուտբոլիստներն իրենց խաղային մաներայով անչափ նման են: Սանչեսը, ի տարբերություն Ագուերոյի, շատ կարեւոր զենք ուներ, այն է՝ խաղը հարձակման եզրերում: Վերոհիշյալ փաստերի մասին, բնականաբար, գիտեր նաեւ արգենտինացին. պետք էր կրկին պայքարել սեփական անձեռնմխելիությունն ապացուցելու համար:

Լուսանկարը` REUTERS


Պատասխանը կարծես չի ուշանում: Խոսքերից՝ ի գործ. Սերխիոն բոլոր քննադատներին աստիճանաբար լռեցնում է: Ագուերոյի վերելքն սկսվեց «Լիվերպուլի» հետ տնային խաղից, որտեղ Կունը սովարականի պես գոլ ու գոլային փոխանցում հեղինակեց: Տարօրինակ ոչինչ չկար, հարձակվող է` պարտավոր է: Անցավ մի քանի օր, ու «Սիթին» մեկնարկեց Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, որտեղ Գվարդիոլայի թիմը «Ֆեյենորդին» հաղթեց խոշոր 4-0 հաշվով: Առաջին կեսում «Սիթին» 3 գոլ էր ուղարկել մրցակցի դարպասը, որոնցից մեկը հեղինակել էր Սերխիոն: 2-րդ կեսում  Պեպը արգենտինացուն հանգստանոլու շանս տվեց, որպեսզի նա Պրիմեր Լիգայի վերջին տուրի՝ «Ուոթֆորդի» հետ խաղում փայլեր: Արդյունքը՝ հեթ-տրիկն է ու կատարած մեկ գոլային փոխանցումը: Հաշված օրերի ընթացքում Կունը հասցրել է դառնալ 5 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Ագուերոն մշտապես պայքարի մեջ է հարձակման ողջ ճակատով: Փայլուն կերպով ստացվում են անհատական անցումներ: 3-4 ֆուտբոլիստի շրջանցելն այլեւս բարդ չէ Կունի համար: Նրան կարելի է տեսնել նաեւ պաշտպանական գործողություներ կատարելիս: Մրցակիցների համար չար կատակ է նաեւ Սերխիոյի հեղինակությունը: Գրեթե միշտ Ագուերոն ստիպում է պաշտպաններին մոռանալ Գաբի Ժեզուսի ներկայության մասին, որոնք էլ արգենտինացուն կանգնեցնելու համար մեծ ուժեր ներդնելով, հսկայական տարածություներ են բացում տուգանային հրապարակում. այստեղ Ժեզուսն է արդյունք ապահովում  «Մանչեսթեր Սիթիի» համար: Այսպիսի խաղով Սերխիո Ագուերոն շաբաթվա լավագույն դուետում է:

«Ֆերարի» 

«Ֆորմուլա 1»-ը թեւակոխում է վճռական փուլ: Մրցաշրջանի ավարտից  6 տուր առաջ չեմպիոնության համար համառ պայքար են մղում Սեբաստիան Ֆետելն ու Լյուիս Հեմիլթոնը: Բացի անհատական պայքարից, թեժ է նաեւ կոնստրուկտորների միջեւ մրցավազքը: «Ֆերարին», ջանք չխնայելով, հետապնդում է «Մերսեդեսին»: Սինգապուրի հոբելյանական`10-րդ Գրան պրին, չեմպիոնական պայքարում ի զորու էր նոր կրքեր բորբոքել, եթե «Ֆեռարիի» ավտոարշավորդները քար չգցեին սեփական հաջողության վրա: Որակավորման փուլում Սեբաստիան Ֆետելը կարողացել էր ապահովել իր համար «pole position»-ը: Անմիջական հետապնդողի՝ Լյուիս Հեմիլթոնի համար որակավորումն անհաջող էր անցել, եւ վերջինս միայն 5-րդ տեղից էր սկսելու մրցարշավը: Իրադարձություների նման ավարտի դեպքում Սեբաստիան Ֆետելը կչեզոքացներ 3 միավորի տարբերությունն իր եւ Հեմլիթոնի միջեւ եւ դուրս կգար մաքուր առաջին տեղ: «Ֆերարիի» մյուս ավտոարշավորդը՝ Կիմի Ռայկոնենը եւս գրագետ էր անցկացրել որակավորման փուլն ու պայքարը սկսելու էր 2-րդ գծից՝ 4-րդ տեղով:

Լուսանկարը` REUTERS


«Ֆերարին» այսպիսի դրական նկրտումներով էր սկսում պայքարը, իսկ ամենադաժանը դեռ առջեւում էր: Սինգապուրի մրցավազքում մեկնարկը տրվեց անձրեւի ուղեկցությամբ, իսկ դա ենթադրում էր, որ ամեն ինչ հնարավոր է վազքուղում: Հենց ազդանշանի հետ Կիմի Ռայկոնենը առաջ նետվեց եւ փորձեց շրջանցել 2-րդ տեղում գտնվող Ռեդ-Բուլի արշավորդ Մարկ Ֆերստապենին: Վազանցը գրեթե ստացվել էր, միայն թե վերջին պահին եղավ չարաբաստիկ դրվագը: Ռայկոնենի բոլիդը բախվեց Ֆերստապենի բոլիդին, որի արդյունքում հպում եղավ նաեւ առաջատար Սեբաստիան Ֆետելի մեքենային: Ֆետելը շարունակեց առաջ շարժվել, բայց վնասված մեքենան շրջվեց, որից հետո հարվածեց կողապատնեշին:

Գրան-պրիի մեկնարկում Ռայկոնենի վազանցը բացի ֆինից պայքարից դուրս թողեց Սեբաստիան Ֆետելին, Մարկ Ֆերստապենին եւ Ֆերնանդո Ալոնսոյին: Այս ամենի արդյունքում «Մերսեդեսի» պիլոտները՝ Լյուիս Հեմիլթոնն ու Վալտերի Բոտտասը կարողացան մրցարշավը իրենց ձեռքը վերցնել եւ ապահովել կարեւորագույն միավորներ, որոնք «Ֆերարիին» գուցե հետագայում կզրկեն չեմպիոնական թագից: Հեմիլթոնը գրան-պրին ավարտեց 1-ին տեղում, Բոտտասը՝ 3-րդ: Բրիտանացին չեմպիոնական պայքարում ամրապնդվեց առաջատարի դիրքում: «Ֆերարին» տանուլ տվեց այդքան կարեւոր գրան-պրին ու հայտվնեց շաբաթվա ձախողակների թվում:

Ալեքսեյ Շվեդ

«Եվրոբասկետ 2017»-ում Ռուսաստանի հավաքականը պայքարը սկսում էր «Լոս Անջելես Լեյքերսի» կենտրոնական Տիմոֆեյ Մոզգովի առաջնորդությամբ: Քչերն էին մտածում, որ Մոզգովի առկայության պայմաններում հավաքականի եւ առհասարակ առաջնության լավագույն բասկետբոլիստի կոչմանը հավակնելու է մեկ այլ խաղացող, այն էլ՝ Ռուսաստանի հավաքականից: Խոսքը մոսկովյան «Խիմկիի» խաղարկող Ալեքսեյ Շվեդի մասին է: Բասկետբոլիստ, ով բոլորովին վերջերս է երկարաձգել պայմանագիրը «Խիմկիի» հետ, բայց ցուցադրում է  NBA-ի լավագույն աստղերին հատուկ խաղամակարդակ:

Լուսանկարը` Facebook


Ռուսաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում պայքարն ավարտեց 4-րդ տեղում` 3-րդ տեղի համար խաղը տանուլ տալով տիտղոսակիր Իսպանիայի հավաքականին: Բայց դա չէ այս պահին ամենակարեւորը: Ռուսաստանի հավաքականի կազմում, ի դեմս Ալեքսեյ Շվեդի, կար մի բասկետբոլիստ, որը բոլոր խաղերում իր որակներով գերազանցում էր մրցակցի բոլոր խաղացողներին: Շվեդը Եվրոպայի առաջնությունում դարձավ միակ բասկետբոլիստը, ով իր թիմի ցանկացած խաղում բոլորից շատ միավորներ վաստակեց: «Խիմկիի» խաղարկողն ամբողջ առաջնությունում եւս առավելագույն  միավորներ հավաքեց՝ 9 խաղում` 219-ը: Հենց Ալեքսեյ Շվեդի խաղի արդյունքում Ռուսաստանի հավաքականը կարողացավ հասնել կիսաեզրափակիչ: Անգամ պարտված խաղում Շվեդն իր թիմի լավագույն բասկետբոլիստն էր: Սերբիայի հետ կիսաեզրափակիչ դիմակայությունում նա իր ակտիվում գրանցեց 33 միավոր: Մեկ խաղում ավելի շատ միավոր իրենց անվան դիմաց ունեն Կրիստապս Պորզինգիսն ու Գորան Դրագիչը:

Շվեդը նաեւ զբաղվում էր գրոհների կազմակերպմամբ: Միավորների հսկայական պաշարից բացի Ալեքսեյը կատարում էր արդյունավետ փոխանցումներ՝ մեկ խաղում միջինը 5,9 անգամ: «Խիմկիի» խաղարկողի մոտ բարձր էր նաեւ 3 միավորանոց նետումների դիպուկությունը: Ալեքսեյ Շվեդը նման խաղի պարագայում կարող է արդեն այս մրցաշրջանում տեղափոխվել օվկիանոսից այն կողմ, քանի որ պայմանագրում կա հստակ նշված կետ, ըստ որի՝ NBA-ը ներկայացնող ակումբի հետաքրքրության դեպքում «Խիմկին» պետք է չխոչընդոտի տեղափոխությանը: Ռուսական բասկետբոլի Ստիվեն Կարին ֆանտաստիկ խաղի արդյունքում շաբաթվա 2 լավագույներից մեկն է:

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին