Ապրիլ 19, 2024
exclusive
1289 դիտում

Վեգասյան ասպետները կհետեւեն ճերմակ արջի ու «Լոկոմոտիվի» օրինակին


Լուսանկարը` Facebook


«Up&Down»-ում այս շաբաթ ձախողակներ չկան: Mediamax Sport-ի լավագույների եռյակում է Արթուր Ալեքսանյանը:

«Լոկոմոտիվ» Մոսկվա: Վերջին տարիների ընթացքում ռուսական ակումբային ֆուտբոլում կատարված ներդրումներն անտարբեր չանցան նաեւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» կողքով: «Զենիթի», «Սպարտակի», ԲԿՄԱ-ի եւ նույնիսկ «Կրասնոդարի» հետ համեմատության  ֆոնին երկաթուղայինները նախորդ տարիներին ունեցած հաջողություններով անընդհատ  ստվերում էին: Կար տպավորություն, որ թիմի ղեկավարությունը սպասում է հարմար պահի ու բավարար կազմի հավաքագրման, որ թիմ բերի Յուրի Սյոմինին ու կրկին պայքարի չեմպիոնական կոչման համար: Հաջողության հասնելու գլխավոր նախապայմանը Սյոմինի վերադարձն էր: Երկաթուղայինների կուռքը հերթական անգամ եկավ ու կարողացավ հասնել չեմպիոնության:

Լուսանկարը` Facebook


«Լոկոմոտիվը» ռուսական ֆուտբոլում աչքի էր ընկնում պրագամտիզմով: Սյոմինը խաղը կառուցում էր պաշտպանությունից՝ հիմնական շեշտը դնելով հակագրոհների վրա: Բազմաթիվ էին մրցավեճերը, երբ ակնհայտորեն խաղալով երկրորդ համարով, Սյոմինը կարողանում էր վերջին րոպեների ընթացքում արագորեն փոխել մարտավարությունն ու հասնել նվազագույն հաշվով  հաղթանակների: Գրեթե բոլոր առաջատար թիմերի հետ խաղերում «Լոկոն» մրցակցին զիջել է գնդակը: Թիմի կիսապաշպանության գծում հիանալի մրցաշրջան անցկացրին Միրոնչուկ եղբայրները, որոնք նման կարգի ֆուտբոլով անկասկած կհրավիրվեն Ռուսաստանի հավաքական՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը:

«Լոկոմոտիվի» չեմպիոնության գործում մեծ ավանդ ունեցավ Ջեֆերսոն Ֆարֆանը: Պերուական ֆուտբոլի վետերանը «Լոկոյի» ամենաունիվերսալ ֆուտբոլիստներից մեկն էր, ում Սյոմինը բացի պաշտպանությունից օգտագործեց, գրեթե, բոլոր դիրքերում: Սյոմինի թիմի շարժիչը Դենիսով-Ֆերնանդես քանդող-կառուցող կրեատիվ դուետն էր, որոնց փորձի ու վարպետության հաշվին երկաթուղայինները վերահսկում էին մրցակցի հակագրոհներն ու կառուցում գրոհները: 14 տարվա դադարից հետո «Լոկոմոտիվն» իր պատմության մեջ 3-րդ անգամ դարձավ Ռուսաստանի առաջնության չեմպիոն: 3 դեպքում էլ դա եղել է Յուրի Սյոմինի ղեկավարությամբ: Երկաթուղայինները շաբաթվա լավագույններից առաջինն են:

Արթուր Ալեքսանյան: Ի դեմս Մաքսիմ Մանուկյանի ու Արթուր Ալեքսանյանի՝  հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունեցավ երկու չեմպիոն: Մաքսիմն անգերազանցելի էր իր քաշային կարգում ու կարողացավ իր աշխատասիրության ու վարպետության հաշվին հասնել ցանկալի արդյունքի: Ըմբշամարտի այլ մոլորակից էին Արթուր Ալեքսանյանի գոտեմարտերը: Օլիմպիական խաղերի չեմպիոնը առաջնության ընթացքում ոչ մի միավոր չտվեց մրցակիցներին: 10 քաշային կարգում միայն Արթուրին հաջողվեց առանց միավոր կորցնելու դառնալ Եվրոպայի չեմպիոն: Ալեքսանյանն արդեն Եվրոպայի քառակի հաղթող է:

Լուսանկարը` Facebook


Արթուրի հաղթանակն ամենեւին էլ անակնկալ չէր: Ալեքսանյանի պարագայում աչք է շոյում մոտեցումն ու պրոֆեսիոնալիզմը: Ցանկացած գոտեմարտի հետեւելիս տպավորություն է ստեղծվում, որ նա առաջին անգամ է գորգում: Քիչ չեն մարզիկները, ովքեր սպորտում հասնելով նկատելի արդյունքների սկսում են համամատաբար փոքր մասշտաբի մրցաշարերը թերագնահատել: Եվրոպայի առաջնությունում Արթուրի մոտեցումը եկավ հերթական անգամ փաստելու, որ նա դեռ հաղթանակների մեծ քաղց ունի ու հետագայւոմ եւս մենք բազմաթիվ չեմպիոնական ուրախություններ ենք ունենալու: Արթուրը շաբաթվա շավագույն մարզիկների շարքում է:

«Վեգաս Գոլդեն Նայթս» հոկեյի թիմ: Հոկեյի ազգային լիգան աստիճանաբար հասնում է եզրագծին: Արեւմտյան կոնֆերենցիայի վճռորոշ խաղին մասնակցելու է «Վեգաս Գոլդեն Նայթսը», որն առաջին իսկ մասնակցությամբ  իսկական բացահայտում է դարձել հոկեյի սիրահարների համար: Անակնկալի աստիճանն հասկանալու համար պատկերացնենք մի իրավիճակ, երբ նոր ստեղծված թիմը մասնակցում է ֆուտբոլի Չեմպիոնների Լիգայի խաղարկությանն ու հասնում մինչեւ կիսաեզրափակիչ: Լիգայի մեկնարկից առաջ թիմի հանդեպ անվստահությունն այնքան մեծ էր, որ անգամ որոշ բարձրակարգ հոկեյիստներ՝ Վադիմ Շիպաչյովի գլխավորությամբ, նախընտրեցին տեղափոխվել եվրոպական առաջատար լիգաներ ու չմիանալ «Վեգասին»: Մրցաշրջանի ընթացքը ցույց տվեց, որ նրանք, ովքեր գերադասել էին հայտնի միջակությունն անհայտությունից, երազելու էին նույն թիմում խաղալու համար:

Լուսանկարը` Facebook


Վեգասցիների խաղում շատ բան է կախված Ուիլյամ Կառլսոնից ու Ջոնաթան Մարշեսսոյից: Չնայած այս երկու հոկոյիստներն իրենց որակով տարբերվում են մյուսիներից, բայց անհրաժեշտ պահին թիմակցիները եւս կարողանում են վճռական տափօղակների հեղինակ դառնալ: «Լոս-Անջելոսի» հետ կոնֆերենցիայի քառորդ եզրափակիչ սերիայում սպասվում էր, որ «Վեգասի» տղաները խնդիրների չեն հանդիպի, բայց որ կիսաեզրափակչում «Սան-Խոսեն» չի կարողանա արժանի պայքար մղել, դա անակնկալ էր:

«Խոսեի» հոկեյիստները միշտ աչքի են ընկնում ուժային հզոր խաղով ու պաշտպանությունում կազակերպված գործողություններով: «Վեգասի» համար շատ կարեւոր էր սերիայի 3-րդ խաղը, որտեղ մրցակցի հարկի տակ ասպետները կարողացան օվերթայմում առավելության հասնել: Դրանից հետո շնաձկները կոտրվեցին ու հետագայում զիջեցին ճանապարհը «Վեգասին»: Սերիան  ավարտվեց 4-2 հաշվով՝ հօգուտ լիգայի բոլոր ժամանակների ամենազորեղ նորեկներից մեկի: Վեգասցիները շաբաթվա լավագույների շարքում են:

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին