Ապրիլ 16, 2024
exclusive
1365 դիտում

Քարից հաց քամող «Նապոլին», թաթարական հովազն ու ալարկոտ «Սպարտակը»



«Up&Down»-ն ամփոփում է եվրոպական  ակումբային հոկեյի գլխավոր մրցաշարը: Mediamax Sport-ն առանձնացրել է նաեւ Ա սերիայի  չեմպիոնական մրցավազքն  ու Մոսկվայի «Սպարտակի» ձախողումը:

«Նապոլի» ֆուտբոլային ակումբ: Մաուրիսիո Սարրի մարզչական հանճարի ու նրա ֆուտբոլային  մարտավարությունների մասին խոսելն այլեւս արդիական չէ:  Իտալական Ա սերիայի ավարտին մնացել է ընդամենը 4 տուր, իսկ չեմպիոնական պայքարում ոչինչ որոշված չէ:  «Նապոլին» հերթական անգամ ապացուցում է, որ իտալական ֆուտբոլում ներդրված գումարները չեն, որ որոշում են այն մրցակցին, ով սկուդետոյի համար պայքարում ձեռնոց է նետելու Թուրինի «Յուվենտուսին»: Նեապոլում աղմկահարույց տրանսֆերներ չկան, բայց կան ֆուտբոլիստներ, ովքեր իրենց պատվի ու «Նապոլիի» գույների համար պատրաստ են  անգամ Թուրինում խաղալ իրենց ֆուտբոլը:

Ա սերիայի հերթական տուրի խաղում «Յուվենտուսը» սեփական դաշտում ընդունել էր «Նապոլիին»  եւ ուներ 4 միավորի առավելություն: Խաղի  ընթացքը ցույց տվեց, որ Ալեգրիի համար ցանկալի է անգամ ոչ-ոքի արդյունքը:  Ասել, որ «Յուվենտուսը» խաղաց այնքան, որքան թույլ էր տալիս մրցակիցը, նշանակում է թերագնահատել Ալեգրիի թիմի իրական հնարավորությունները:  Բիանկոներին միանշանակ կարող է անել ավելին ու դա ապացուցել է ոչ մեկ անգամ: «Նապոլին» կորցնելու ոչինչ չուներ: Միայն հաղթանակը կպահպաներ չեմպիոն դառնալու հույսերը: Սարրի թիմը դոմինանտ էր  դաշտում ու փորձում էր լարվածության տակ պահել Բուֆոնին: «Յուվեն» խաղի ընթացքում մեկ իրական պահ ստեղծեց, երբ տուգանայինի իրացման ժամանակ գնդակը դիպավ դարպասաձողին: Այն պահին, երբ թուրինցիները հավատացին իրենց համար ցանկալի արդյունքին, «Նապոլին» մրցակցին պատժեց միակ ու վճռական հարվածով, որը 3 միավոր նվիրեց Սարրի թիմին:

Լուսանկարը` Facebook


«Նապոլին»  չեմպիոն դառնալու փայլուն հնարավորություններ ունի: Առաջնության ավարտին մնացել է  4 տուր: Սարրի թիմը դեռ մեկ միավոր հետ է մնում «Յուվենտուսից», բայց ունի ավելի թեթեւ խաղացանկ: «Յուվեն» մրցակցի հարկի տակ պետք է ուժերը չափի «Ռոմայի» եւ «Ինտերի» հետ, մինչդեռ «Նապոլի» մրցակիցներից միայն «Ֆիորենտինան» է, որը կարող է ռեալ միավորների հավակնել: «Նապոլիի» փայլուն հաղթանակից հետո Ա սերիայի չեմպիոնական պայքարն ավելի կատաղի ընթացք ու վերջաբան է խոստանում, իսկ մինչ այդ՝ Սարրի թիմը շաբաթվա առաջին  լավագույնն է:

«Սպարտակ» Մոսկվա: Ռուսաստանի գործող չեմպիոնը պրեմիեր լիգայի վերջին երկու տարում  սենսացիոն պարտություններ կրեց ու զրոյի հավասարեցրեց  նորից չեմպիոն դառնալու իր բոլոր շանսերը: Հիանալի մարզավիճակ հավաքած Մոսկվայի ԲԿՄԱ-ն անգամ կարողացավ անցնել «Սպարտակին»: Հիմա բանակայիններն են փորձելու խանգարել «Լոկոմոտիվին» դառնալ չեմպիոն: Երկաթուղայիններն իրենց հերթին առաջնության ավարտից  3 տուր առաջ ունեն 6 միավորի առավելություն մոտակա հետապնդողից:

«Սպարտակն» առաջնության 2-րդ հատվածում ավելացրել էր եւ ուներ բոլոր շանսերը պայքարին միջամտելու համար: Նույնիսկ խաղացանկը հիանալի էր դասավորվել «Սպարտակի» համար: Ի տարբերության «Լոկոմոտիվի», Կարերայի թիմին առաջնության վերջին  3 տուրում մրցակից են լիգայի միջակները: «Լոկոյին» սպասում են՝ «Զենիթը», «Կրասնոդարը» եւ «Արսենալը»: Նույնիսկ այս պարագայում «Սպարտակի» չեմպիոն դառնալու շանսերը չեն մեծանում: Յուրի Սյոմինի թիմը պրագմատիկ ֆուտբոլի մեծ ներուժ ունի ու կարող է, ինչպես մրցաշրջանի ամբողջ ընթացքում, այնպես էլ հիմա ապահովել ցանկալի արդյունք:

Լուսանկարը` Facebook


«Ուրալի» ու «Ախմատի» հետ արկածախնդիր ֆուտբոլը շատ թանկ արժեցավ «Սպարտակի» համար ու թիմն  առաջնության վերջին հատվածում ստիպված է պայքարել անգամ Չեմպիոնների լիգայի գոտում մնալու համար: Թիմի առաջատարները գտնվում են վատ մարզավիճակում: Անգամ Մասսիմո Կարերայի համար բարդ է գտնել այն հարց պատասխանը, թե ինչու է «Սպարտակի» խաղում այդքան մեծ տոկոս կազմում խոտանը: Անբացատրելի ֆուտբոլ, որի արդյունքում թիմը շաբաթվա  անհաջողակն է:

«Ակ Բարս» հոկեյի թիմ: 7 մրցաշրջան չեմպիոնական  էմոցիաներից  զուրկ Կազանի «Ակ Բարսը» հաղթեց հոկեյի մայրցամաքային լիգայի գերեզրափակչում ու դարձավ  Գագարինի գավաթի տիրակալ: Հետաքրքրական է այն, որ այս թիմի կազմում հանդես եկող  ոչ մի հոկեյիստ տեղ չունի Ռուսաստանի ազգային հավաքականում: Կազանցիները 7 խաղից բաղկացած սերիայում առավելության հասան Մոսկվայի ԲԿՄԱ-ի նկատմամբ, որի կորիզը Ռուսաստանի օլիմպիական չեմպիոն հավաքականն է: Եվրոպական հոկեյի ուժեղագույն մրցաշարում հաղթեց մի թիմ, որն ամենևին էլ ֆավորիտ չէր:

«Ակ Բարսի» չեմպիոնությանը հնարավոր է  բացատրել մի քանի հանգամանքով: Մինչ Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ հանդիպումը, կազանցիներն առանց  դիմադրության կարողացել էին հաղթել  իրենց կոնֆերենցիայի եզրափակչում ու երկար հանգստանալու ժամանակ ունեին մինչ գերեզրափակիչ սերիայի մեկնարկը: Նրանց  մրցակից ԲԿՄԱ-ն ծանր հանդիպումների շարք  էր անցկացրել Սանկտ Պետերբուրգի ԲՄԱ-ի հետ եւ այդ ընթացքում հսկայական էներգիա էր  ծախսել կարգով բարձր թիմին հաղթելու համար: Գերեզրափակչին ԲԿՄԱ-ն չկարողացավ մոտենալ 100 տոկոս պատրաստվածությամբ ու դա վճռական դեր խաղաց այս պայքարում: Մոսկովյան թիմի երիտասարդ առաջատարները փորձառուների գերհոգնածության ֆոնին չկարողացան խաղը վերցնել իրենց վրա: «Ակ Բարսի» լեգիոներներն օգտվեցին ստեղծված իրավիճակից:

Լուսանկարը` Facebook


«Ակ Բարսի» հաղթանակի գրավականներից  մյուսն էլ պաշտպանությունում անչափ հուսալի խաղն էր: Թիմը կարողանում էր անհրաժեշտ պահին փակվել ու այնպես պայքարել իր գոտում, որ մրցակիցը գրեթե վտանգավոր նետումներ չէր կարողանում կատարել: ԲԿՄԱ-ի մոտ չէր ստացվում թվային առավելությունը վերածել գոլի, ինչը շատ օգնեց կազանցիներին հաղթանակի նժարն իրենց կողմ թեքել: Զարմանալի է, բայց փաստ, որ «Ակ Բարսի» հոկեյիստներն  առանձին դրվագներում ԲԿՄԱ-ին գերազանցում էին իրենց վարպետությամբ: Այս բոլոր բաղադրիչների համատեղումից հետո, արդարացիորեն, Գագարինի գավաթի տիրակալ է «Ակ Բարսը», որը սերիայում հաղթեց 4-1 հաշվով: Կազանցիները նաեւ շաբաթվա լավագույների շարքում են:

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին