Ապրիլ 26, 2024
exclusive
1052 դիտում

«Ռեալի» մոռացված զենքը, իտալական դերբին ու «Սեւիլիայի» հակահերոսը



«Up&Down»-ը հայացքն ուղղել է Բրազիլիայի առաջնությունում հանդես եկող Վինիսուս Ժունիորին: Mediamax Sport-ն ամփոփում է նաեւ իտալական դերբին, որի արդյունքից կախված  էր սկուդետոյի ճակատագիրը: Անդրադառնում ենք նաեւ «Սեւիլիայի» ճգնաժամին:

Վինիսիուս Ժունիոր: Գարեթ Բեյլի «Ռեալ» տեղափոխությունից հետո Արքայական ակումբն աղմկահարույց տրանսֆերներ չի կատարել: Առաջին հայացքից մադրիդյան թիմի պասիվությունը խոսում է այն մասին, որ սերուցքայիններն ունեն բավարար կազմ ու ավելացնելու կարիք չունեն: Իրականում այդ խորհրդավոր լռության մեջ Արքայական ակումբը ձեւակերպել է մեկ տրանսֆեր, որի մասին ֆուտբոլային հանրությունը մոռացել է: Խոսքը բրազիլացի հրաշամանուկ Վինիսիուս Ժունիորի մասին է, ով խաղից խաղ ծաղկում է ու ապացուցում, որ Բրազիլիայի հավաքականն ապագայում համալրվելու է եւս մեկ գերաստղով: Եթե Վինիսուսը շարունակի նույն տեմպերով, չի բացառվում, որ լատինաամերիկացիների գլխավոր մարզիչ Տիտեն աշխարհի առաջնության համար  դիտարկի Ժունիորին հարձակման գծում  Նեյմարին փոխարինող վերցնելու տարբերակը:

Լուսանկարը` Facebook


Վինիսիուսը «Ռեալի» կազմում հանդես կարող է գալ միայն ընթացիկ տարվա հուլիս ամսից: Ֆուտբոլիստը դեռ 18 տարին չի բոլորել եւ իրավունք չունի հանդես գալ Արքայական ակումբում: Արդեն հիմա կարելի է պնդել, որ Զիդանի թիմն ամռանը համալրվելու է մի ֆուտբոլիստով, ում հետ ճիշտ աշխատանքի դեպքում Մադրիդը կունենա նոր կուռք: Նույնիսկ 18 տարեկան հասակում Վինիսիուսի խաղում աչք է շոյում հասունությունը: Ժունիորի խաղային ոճը շատ նման է Նեյմարի ցուցադրած ֆուտբոլին: Անգամ հնարքների տեսակով ու գնդակի հետ վարվելով երիտասարդ  բրազիլացին նման է իր ավելի ճանաչված համերկրացուն: 
Արագության հաշվին Վինիսուսը ձախ եզրում կարող է շրջանցել ցանկացած պաշտպանի:  Ֆուտբոլիստն ունի շատ արագ ոտքեր ու անհավանական դրիբլինգ: Բրազիլիայի  Ա սերիան նոր է մեկնարկել, բայց «Ֆլամենգոյի» երիտասարդ աստղն  այնպիսի ֆուտբոլ է ցուցադրում, որով չհիանալ չենք կարող: Համոզվելու համար  բավական է դիտել «Ֆլամենգոյի» նախորդ խաղերը եւ համոզվել, ինչի է ունակ Վինիսուս Ժունիորը: 3 խաղում 2 գոլ, 2 գոլային փոխանցում:  Թիմի հարձակողական գործողությունների առյուծի բաժինը կազմակերպվում է հենց նրա շնորհիվ: Ժունիորը շաբաթվա լավագույն ֆուտբոլիստն է:

«Ինտեր» ֆուտբոլային ակումբ: Ա սերիայի հերթական տուրի խաղում կայացավ իտալական դերբին: Անկախ մրցաշարային աղյուսակում «Յուվենտուսի» ու «Ինտերի» զբաղեցրած դիրքերի՝ թիմերի պայքարը միշտ ընթացել է լարված ու դրամատիկ պայքարում: Այս խաղը եւս բացառություն չէր: Թիմերից յուրաքանչյուրի համար կշեռքի  նժարին դրված էր մրցաշրջանի ողջ աշխատանքի գինը: «Յուվենտուսին» չեմպիոնական պայքարը շարունակելու համար հաղթանակ էր անհրաժեշտ: «Ինտերի» համար այս խաղը  Չեմպիոնների լիգայի գոտում  տեղ զբաղեցնելու շանսերից մեկն էր: Ալեգրին մինչեւ վերջին վայրկյանը հավատաց իր թիմի հաջողությանը եւ ինչպես Չեմպիոնների լիգայի խաղարկության «Տոտենհեմի» խաղում՝ հաշվարակներում չսխալվեց:

Լուսանկարը` Facebook


Մեկնարկում միլանցիների համար բարդ հարված էր Մատիաս Վեսինոյի կարմիր քարտը: Ի զարմանս «Ինտերի» երկրպագուների թիմը ձեռքերը վայր չդրեց եւ ընդունած գոլից հետո ոչ  միայն կարողացավ հավասարեցնել խաղի հաշիվն, այլ առաջ անցավ՝ 2-1: Թվում էր, վերջին մի քանի տարիների անփոփոխ չեմպիոնն այս անգամ սայթաքելու է, բայց  Ալեգրին այլ բան էր մտածել: Այն պահին, երբ Սպալետտին դաշտից հանեց իր առաջատարներին ու գնաց խոր պաշտպանության, «Յուվենտուսը» գործի անցավ: 85-րդ րոպեից հետո «Ինտերի» դարպասն անցավ երկու գնդակ:  Թուրինցիները, վաստակելով 3 միավոր, չեմպիոնական պայքարում ամրապնդեցին իրենց դիրքերը: «Նապոլին» արդեն հաջորդ օրը պարտություն կրեց, որից հետո բարդ է պատկերացնել՝ ինչպես «Յուվենտուսին» հնարավոր կլինի կանգնեցնել: «Ինտերն» իր համար վճռական խաղում զիջեց 2-3 հաշվով ու չեմպիոնների լիգայի գոտուց հեռու է 4 միավորով: Ա սերիայի ավարտին 3 տուր է մնացել, իսկ «Ինտերի» գնացքը մոտ է մեկնելուն: Միլանցիները շաբաթվա թիվ 1 ձախողակն են, իսկ «Յուվնետուսը» լավագույների շարքում իր տեղն ունի:

«Սեւիլիա» ֆուտբոլային ակումբ: Իսպանական ֆուտբոլի վերջին տարիների բացահայտումներից «Սեւիլիան» շարունակում է նահանջել Պրիմերայի մրցաշարային աղյուսակում: Էդուարդո Բերիցոյի հեռացումից հետո, թիմի ղեկը ստանձնած Վինչենցո Մոնտելան այդպես էլ չկարողացավ  անդալուզցիների համար արդյունք ապահովել: Այս մրցաշրջանում եւս «Սեւիլիայի» գերակումբ դառնալու բոլոր պլանները խամրեցին: Հերթական անգամ թիմը կայացման ու առաջընթացի փուլից ստիպված է հետ գնալ ու բռնել կառուցման նոր ճանապարհ: Թիմում կան ֆուտբոլիստներ, որոնք գալիք տրանսֆերային պատուհանի ընթացքում կհեռանան: Նրանց ծառայություններով հետաքրքրվում են եվրոպական գրանդ ակումբներ:

Լուսանկարը` Facebook


«Սեւիլիան» անցած տարիների ընթացքում իսպանական մյուս թիմերից տարբերվել է կամային որակներով: Բերիցոյից սկիզբ առած ճգնաժամի վերացումը Մոնտելայի ուժերի սահմաններում չէր: Իտալացին այն մարզիչը չէ, որն ունի հաղթողի բնավորություն ու կարող էր շտկել իրավիճակը: Դա պարզ կերեւա, եթե ուշադիր դիտենք Մոնտելայի մարզած թիմերի արդյունքները: Նման իրավիճակներում գործը գրեթե միշտ հասել էր պաշտոնանկության: Այս դեպքը եւս բացառություն չէր: Պրիմերայի ավարտին մնացել է մի քանի տուր, իսկ «Սեւիլիան» անգամ տեղ չի զբաղեցնում Եվրոպա լիգայի գոտում:

«Սեւիլիայում» խնդիրներն այնքան շատ են, որ թիմն անգամ չի կարողանում առավելության հասնել մրցաշարային աղյուսակի հետնամասում գտնվող «Լեւանտեի» նկատմամբ: Անգամ ոչ-ոքի արդյունքը նրանց ուժերի սահմաններից դուրս էր: «Լեւանտեից» կրած պարտությունից հետո «Սեւիլիային» մնում է միայն հավաքվել ու եզրափակիչ հատվածում վաստակել այդքան կարեւոր հեղինակության միավորները: Այլապես շաբաթվա անհաջողակների օղակից թիմը կարող է անցնել տարվա ձախողակների շարքերը: Նոր գլխավոր մարզիչը Խուակին Կապարոսն է:

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին