Ապրիլ 29, 2024
6521 դիտում

Ռեկորդակիրները. ՕԽ-ում Յուրի Վարդանյանի բարձրացրած անհավանական 400 կգ-ը


Լուսանկարը` armenpress

Լուսանկարը` olympic-weightlifting.ru

Լուսանկարը` olympic-weightlifting.ru

Լուսանկարը` olympic-weightlifting.ru


Աշխարհի 7-ակի, Եվրոպայի 5-ակի եւ Օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի հաշվին 43 համաշխարհային ռեկորդ կա: Mediamax Sport«Ռեկորդակիրներ»-ը շարում այսօր պատմելու ենք հայ ծանրորդի շատ տպավորիչ ցուցանիշների մասին:

Իր կարիերայում 3 անգամ մեկ երեկոյի ընթացքում 5 ռեկորդ է սահմանել: Նման ցուցանիշ է գրանցել Լենինգրադում կայացած Սպարտակիադայում: Նրա փայլուն ելույթի շնորհիվ Հայաստանի ընտրանին 2-րդ արդյունքն է ցույց տվել ու 2-րդ տեղը գրավել՝ զիջելով միայն Ռուսաստանին: Ապա ռեկորդային են ստացվել Օլիմպիական խաղերն ու Դրուժբա-84 մրցաշարը՝ երկամարտի ցուցանիշը հասցրել է 405-ի:

1976-ին Մոնրեալում կայանալիք Օլիմպիական խաղերում Վարդանյանին չընդգրկեցին ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում՝ նա դեռ շատ երիտասարդ էր: Այդ ժամանակ էլ ծանրորդի հորեղբայրն ու մարզիչը որոշեց յուրահատուկ մրցում անցկացնել՝ միջին քաշային կարգի ոսկու հիմնական հավակնորդներ Վարդան Միլիտոսյանն ու բուլղարացի Յորդան Միտկովը ծանրաձողը կբարձրացնեն Կանադայում, իսկ Յուրին՝ Գյումրիում: Արդյունքում՝ Վարդանյանն Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճած Միտկովից 7,5 կգ, իսկ արծաթե մեդալակիր Միլիտոսյանից՝ 12,5 կգ ավելի շատ բարձրացրեց:

Լուսանկարը` olympic-weightlifting.ru


Այդ հաջողությունից հետո նա մեծահասակների առաջին մրցաշարում հանդես եկավ՝ ԽՍՀՄ-ի Գավաթում եւ իսկական սենսացիայի հեղինակ դարձավ: 20-ամյա ծանրորդը 2 ռեկորդ սահմանեց՝ 155,5 կգ պոկում ու 193 կգ հրում վարժություններում:

1977-ը չափազանց հաջող տարի էր Վարդանյանի համար, նա համաշխարհային ռեկորդով հաղթեց ԽՍՀՄ-ի առաջնությունում, նվաճեց գավաթն ու 3-րդ անգամ բուլղարացի Յորդան Միտկովի հետ անհատական պայքարում հաղթեց:

Վարդանյանի հաջորդ ելույթը Գավիրժով (Չեխոսլովակիա) քաղաքում կայացած ԵԱ-ում էր: Իր ծննդյան տարեդարձից 2 օր հետո ելույթ ունեցած ծանրորդը պոկում վարժության 3-րդ մոտեցման ժամանակ 170,5 կգ-ով ռեկորդ սահմանեց: Պայքարը չափազանց թեժ էր, հունգարացի Պետեր Բացկոն չէր ուզում զիջել ոսկե մեդալը, բայց արդյունքում ընդամենը 357,5 կգ գրանցեց՝ Յուրիի 372,5-ի համեմատ:

Վարդանյանի հեղինակությունը վաղուց հասել էր ԱՄՆ, որտեղ նրան սիրում էին ու շատ ջերմ ընդունեցին 1978-ի Աշխարհի առաջնությունում: Ելույթի ժամանակ ծանրորդն արդարացրեց երկրպագուների սպասելիքներն ու միանգամից 3 համաշխարհային ռեկորդ սահմանեց` պոկում վարժությունում՝ 171 կգ, հրումում՝ 210,5 ու երկամարտում՝ 377,5 կգ: Ամենաթեթեւ միջին քաշայինն էր ու 2-րդը դարձած Բացկոյին գերազանցեց 25 կգ: 1978-ին Վարդանյանը ճանաչվեց Աշխարհի լավագույն ծանրորդ:

Լուսանկարը` olympic-weightlifting.ru


Վարդանյանի հաջորդ փայլուն հաղթարշավը Մոսկվայի Օլիմպիական խաղերում էր: Մինչ այդ 1980-ին նա Եվրոպայի չեմպիոն էր դարձել ու մեծ վստահությամբ մոտեցել մրցաշարին: Աշխարհն ականատես եղավ Վարդանյան-Բլագոյ Բլագոեւ նոր դիմակայությանը, 1979-ին Վառնայում կայացած ԵԱ-ում հայ ծանրորդը զիջել էր բուլղարացուն՝ 3 մոտեցմամբ չկարողանալով բարձրացնել պոկման 160 կգ-ը:

Երբ Օլիմպիական խաղերում ավարտվեց 3-րդ տեղի համար պայքարը, հարթակ դուրս եկան ուժեղները: Առաջին երկու մոտեցումներն երկուսն էլ հաջող գրանցեցին, 3-րդի ժամանակ Բլագոեւը 175 կգ բարձրացրեց, իսկ Վարդանյանը՝ 177,5 կգ՝ միջին քաշային կարգում սահմանելով առաջին համաշխարհային ռեկորդը:

Հրումում Բլագոեւն արդեն հոգեբանորեն սկսեց զիջել մրցակցին, երբ Վարդանյանը 2-րդ մոտեցմամբ 215,5 գրանցեց ու եւս երկու ռեկորդ սահմանեց հրումում ու երկամարտում, Բլագոեւը 3-րդ մոտեցումից հրաժարվեց, հաղթողն արդեն որոշված էր: Բայց Վարդանյանն այդ երեկո անգերազանցելի էր ու 5 ռեկորդի հեղինակ դարձավ: Նրա հաջորդ քաշը 222,5 կգ-ն էր՝ Վարդանյանը երկամարտում 400 կգ-ի սահմանն անցած առաջին ծանրորդն էր այդ քաշային կարգում:

Լուսանկարը` olympic-weightlifting.ru


«Չէի կասկածում, որ Օլիմպիական չեմպիոն եմ դառնալու: Դեռ երբ քաշային կարգս նոր էի փոխել, երկրպագուներիս խոստացել էի, որ առաջինն եմ լինելու ու երկամարտի արդյունքում 400 կգ եմ բարձրացնելու: Այն ժամանակ ռեկորդը 372,5 կգ էր: Թեեւ քչերն էին ինձ հավատում, բայց խոստումս կատարեցի: Ամբողջ դահլիճն էր կանգնած ծափահարում, երկար ժամանակ դրանք չէին դադարում: Իսկ դահլիճից հեռանալու համար 3 ժամ պահանջվեց, այնքան շատ երկրպագուներ էին շրջափակել ինձ»,- խոստովանել է Վարդանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին