exclusive
1077 դիտում

«Լացիոյի» սուգը, Սվիտոլիայի հռոմեական դուբլն ու հոկեյում Շվեդիայի հեգեմոնիան



«Up&Down»- ն ամփոփում է հոկեյի աշխարհի առաջնությունն ու Հռոմում կայացած թենիսի կանանց մրցաշարը: Mediamax Sport-ն անդրադառնում է նաեւ Ա սերիայի վերջին տուրի կենտրոնական խաղին, որտեղ վճռվում էր Չեմպիոնների լիգայի 4-րդ ուղեգրի հարցը:

Էլինա Սվիտոլինա: 23-ամյա ուկրաինացի թենիսիստուհին այս պահին կանանց համաշխարհային դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Խաղից խաղ Էլինայի գործողություններում այնքան է ավելանում վստահությունը, որ արդեն հիմա կարելի է պնդել, որ Սիմոնա Հալեպի համար հետագայում շատ բարդ է  լինելու մնալ աղյուսակի առաջատարի դիրքում: Առջեւում Ֆրանսիայի բաց առաջնությունն է, իսկ գրունտի վրա Սվիտոլինայի ցուցադրած խաղը ստիպում է նրան տեսնել գլխավոր հավակնորդի դերում:

Օրերս ավարտված Հռոմի մրցաշարին մասնակցում էին բոլոր ուժեղագույն թենիսիստուհիները: Անգամ Մարիա Շարապովան, ով երկար դադարից հետո այդքան էլ կայուն խաղ չէր ցուցադրում, Հռոմում գերազանց մարզավիճակ էր ձեռք բերել ու պայքարում էր ամենաքիչը եզրափակչում հայտնվելու համար: Եթե Շարապովան էր սկսել կռիվ տալ, ապա  պատկերացնել կարելի է, թե ինչքան մեծ էր մոտիվացիան այն թենիսիստուհիների, ովքեր շարունակ կայուն ելույթներ  ունեն ու պարբերաբար հաղթում են տարատեսակ առաջնություններում: Խոսքն, իհարկե, Սիմոնա Հալեպի, Կարոլինա Պլիշկովայի, Ելենա Օստապենկոյի, Կարոլին Գարսիայի, Գարբինիա Մուգուրուսայի մասին է:

Լուսանկարը` http://www.wtatennis.com


Այս բոլոր թենիսիստուհիներին իր գերվստահ խաղով լռեցրեց Էլինա Սվիտոլինան: Եզրափակչի ճանապարհին նա մրցակիցներին զիջեց ընդամենը 1 սեթ: Հատկապես տպավորիչ էր վճռական դիմակայությունը, որտեղ Սվիտոլինան հեշտությամբ առավելության հասավ աշխարհի լավագույն թենիսիստուհի Սիմոնա Հալեպի նկատմամբ: Իդեալական մատուցումներ ու պայքար ամեն գնդակի համար: Երկար խաղարկումների ժամանակ գերվստահ հոգեբանական կայունություն, որի հաշվին Էլինան Հալեպինն վայրկյան առ վայրկյան թողեց առանց հաղթանակի հույսի: Վերջնական  պայքարում եզրափակիչ դիմակայությունն էլ ավարտվեց երկու սեթում: Սվիտոլինան 2-րդ տարին անընդմեջ հաղթելով նույն Հալեպին, դարձավ Հռոմի մրցաշարի կրկնակի հաղթող: Նա շաբաթվա լավագույնների շարքում է:

Հոկեյի Շվեյցարիայի հավաքական: Կան պարտություններ, որոնք հաղթանակ արժեն ու անգամ չեմպիոնությունից  զրկվելու պարագայում կարծիք չեն փոխում մարզասերի մոտ: Հենց նման որակում կարելի է տալ հոկեյի Շվեյցարիայի հավաքականի ցուցադրած խաղին: Թիմ, որտեղ ի տարբերություն մյուս առաջատար ընտրանիների, խաղում էր ընդամենը 4-5 անվանի հոկեյիստ, բայց կատարում անչափելի աշխատանք: Համեմատության համար նշենք, որ Շվեդիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆինլանդիայի ազգային թիմերում կազմի 90 տոկոսից ավելին գերաստղեր էին: Շվեյցարիան այս բոլորի պայքարում հասավ մինչեւ եզրափակիչ, որտեղ կրկին ապացուցեց, որ վճռական խաղի մասնակցությունը պատահականություն չէր:

Լուսանկարը` https://nhl.bamcontent.com


Նրանց ցուցադրած հոկեյը թիմային խաղի դասագրքային օրինակ է: Հասկանալի է, որ կանադացիների կամ շվեդների հետ պայքարում անհատական վարպետությամբ մրցակցին գերազանցելն անհնարինի սահմաններում էր: Դա գիտակցելով՝ Շվեյցարիայի հավաքականի գլխավոր մարզիչը տեխնիկապես գերհագեցած հոկեյիստներին հակադրեց անհատական, ուժային հսկողություն: Արդյունքում մի շարք առաջատար  կանադացի, ֆին, շվեդ  խաղացողներ չկարողացան դուրս գալ ճնշման տակից ու դրան հետեւեց շվեյցարացիների հակագրոհներով կառուցած  բազմաթիվ գոլերը: Կազմի համեմատաբար հավասար ընտրությունը դրական ներգործություն ունեցավ ընդհանուր արդյունքի վրա: Շվեյցարացիների թիմն ավելի կառավարելի էր, քան մրցակիցներին:

Հոկեյի աշխարհի առաջնության եզրափակչում Շվեյցարիայի հավաքականը խաղում էր Շվեդիայի հետ: Կարգերի տարբերությունը հասկանալու համար պատկերացնենք խաղում են Բրազիլիայի ու Իսլանդիայի  ֆուտբոլի հավաքականները: Շվեդիան ամբողջ խաղի ընթացքում ունենալով առավելություն՝ միշտ գտնվում էր պարտվողի կարգավիճակում: Ի վերջո հիմնական ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով ու նշանակվեց օվերթայմ: 20 րոպեն էլ չվճռեց հաղթողին: Գործը հասավ հետխաղյա բուլիտներին, որտեղ Ֆիլիպ Ֆորսբերգի դիպուկությունը հաղթանակ պարգեւեց Շվեդիային, բայց ոչ մի կերպ չստվերեց շվեյցարացիների ֆանտաստիկ հոկեյը: Շվեդիան 2-րդ անգամ անընդմեջ դարձավ աշխարհի չեմպիոն, սակայն շաբաթվա լավագույնների շարքում Շվեյցարիայի ընտրանին է: Նրանք պայքարից հանել էին Ֆինլանդիային, Կանադային ու կես միլիմետրերի հեռավորության վրա էին գտնվում չեմպիոնությունից:

«Լացիո»-«Ինտեր»: Դրամա Ստադիո Օլիմպիկոյում: 6 մրցաշրջան անընդմեջ առանց Չեմպիոնների լիգայի մնացած Միլանի «Ինտերը» վերջապես կարողացավ  նվաճել եվրոպական ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի ուղեգիր: Վճռական խաղում միլանցիների մրցակիցը գրավիչ մրցաշրջան անցկացրած «Լացիոն» էր, որը վերջին տուրից առաջ ուներ 3 միավորի առավելություն: Միայն հաղթանակը «Ինտերին» թույլ կտար գրավել 4-րդ հորիզոնականը:

Լուսանկարը` Facebook


Սպալետտի թիմի համար իրավիճակն այդքան բարի ավարտ չէր ունենա, եթե «Լացիոյի» ֆուտբոլիստները խաղի ամենակարեւոր պահին չմնային մեկ խաղացող պակաս: Մինչ այդ հռոմեացիները վստահ տեսք ունեին ու կարողանում էին պահպանել իրենց համար ցանկալի ոչ-ոքի արդյունքը: Սենադ Լյուլիչի կարմիր քարտից հետո «Ինտերն» այլեւս կորցնելու ոչինչ չուներ ու պարտավոր էր գնալ առաջ հաղթանակի հետեւից:

Միլանցիների հաղթական գնդակն իր անվան դիմաց գրանցեց Մաթիաս Վեսինոն: «Լացիոն» պարտվեց ժամանակից շուտ արդյունքին հավատալու ու մի շարք վտանգավոր դրվագներում ոչ վճռական խաղի համար: Արծիվները  զրկվեցին Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլում հայտնվելու փայլուն շանսից ու դժվար է պատկերացնել, որ գալիք մրցաշրջանում մի շարք առաջատարների հավանական տեղափոխություններից հետո կարող են հավակնել բարձր հորիզոնականների: Չմոռանանք, որ Ա սերիայում «Միլանը» եւս ավելացնում է ու մեծ է հավանականությանը, որ գալիք տարում Չեմպիոնների լիգայի գոտում հայտնվելու պայքարն ավելի թեժ է լինելու: «Լացիոն» շաբաթվա ձախողակն է, իսկ «Ինտերին» պետք է շնորհավորել:

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին