Ապրիլ 26, 2024
exclusive
17064 դիտում

Հայերի ֆուրորը, անպարտելիների ֆիասկոն եւ Լիվերպուլի «թաքնված» առաջատարը



Up&Down-ում  մեկ հարկի տակ, բայց տարբեր ճանապարհներով համաքայլ շարժվում են Աբդուլռաշիդ Սադուլաեւը, Մաքսիմ Մանուկյանը,Կոնոր Մակգրեգորն ու Սադիո Մանեն: Mediamax Sport-ն առանձնացրել է անցած շաբաթվա լավագույններին ու անհաջողակներին:

Աբդուլռաշիդ Սադուլաեւ

Լուսանկարը` Facebook


2017 թվականի օգոստոսի 26-ը դեռ երկար, գուցե նաեւ հավերժ չի ջնջվի Աբդուլռաշիդ Սադուլաեւի հիշողությունից, ով մինչեւ այդ օրն աշխարհում ամենակատարյալ ազատոճային ըմբիշն էր համարվում:  86 կգ քաշային կարգն այլեւս հետաքրքիր չէր 21 տարեկան հասակում բոլորին գետնած,  2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն Սադուլաեւի համար: Ըմբիշը նոր զգացողությունների փնտրտուքի մեջ էր: Ժամանակը երկար սպասել չտվեց: Սադուլաեւը, մինչեւ փարիզյան դատավճիռը, մրցաշարերին մասնակցելով` բացառապես ոսկե մեդալներ էր նվաճում: Տրամաբանորեն այս դեպքը եւս բացառություն չպետք է լիներ: Համեմատաբար նոր էր միայն քաշային կարգը: 97-ում ըմբիշը ոսկե մեդալ նվաճել էր 2015-ին` Մոսկվայում: Փարիզ-2017-ը յուրահատուկ փորձություն էր ավար ըմբիշի համար: Սադուլաեւը, ինպես միշտ, ֆանտաստիկ սկսեց պայքարը եւ կարողացավ հասնել եզրափակիչ: Ռուս ըմբիշը ճանապարհին չնկատեց մրցակիցներին՝ ակտիվում գրանցելով 28 միավոր, ոչինչ չզիջելով: Քիչ թե շատ պայքար կարողացավ մղել Հայաստանը ներկայացնող Գիորգի Կետոեւը, բայց նրա ուժերից էլ վեր էր Սադուլաեւին կանգնեցնել: Գոտերմարտն ավարտվեց 2-0 հաշվով: Եզրափակչում սպասում էր 97 կգ քաշային կարգի զորեղը՝ ամերիկացի Քայլ Սնեյդերը: Սադուլաեւը ստիպված էր գործել ամերիկյան սցենարով: Առաջին անգամ իրավիճակն ավելի քան ռիսկային էր: Գոտեմարտի առաջին մրցափուլն ընթացավ փոխնիփոխ հաջողություններով․ մերթ առջեւում էր Սադուլաեւը, մերթ` Սնեյդերը: Ռուսաստանցի ըմբիշի համար իրավիճակը ծայրահեղ սրվեց 2-րդ մրցափուլի վերջում: Սադուլաեւը հաղթում էր 5-3 հաշվով եւ պետք էր միայն պաշտպանվել: Սնեյդերն այնքան համառ էր, որ ոչ միայն կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, այլեւ գոտեմարտի ավարտից 25 վարկյան առաջ 2 միավորանոց հնարք կատարեց՝ անցնելով մրցակցի թիկունքը: Սադուլաեւն արդեն զիջում էր 5:6 հաշվով: Ծանր հարվածից հետո Աբդուլռաշիդը ուշքի չեկավ եւ տանուլ տվեց ոսկին: Սնեյդերին: Սա չլսված նորություն էր: Եվ մինչ Ռուսաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքանի մարզիչները կհասկանային` արժեր արդյոք փոխել անպարտելի Սադուլաեւի քաշային կարգը, ըմբիշը հայտնվեց շաբաթվա ձախողակների ցանկում: Արծաթե մեդալն իրեն միայնակ կզգա բազմաթիվ ոսկե մեդալների մեջ․․․
 
Կոնոր ՄաքԳրեգոր

Լուսանկարը` Facebook


Լաս Վեգասի «T-Mobile Arena»-ում ավարտվեց բռնցքամարտի սիրահարների շրջանում «դարի մենամարտ» որակված Ֆլոյդ Մեյվեզեր-Կոնոր ՄաքԳրեգոր առճակատումը: Ավելի քան 2 տարի 3 ամիս է անցել այն օրից, երբ անպարտելի Ֆլոյդն իր տեղը ցույց տվեց ֆիլիպինցի Մենի Պակյաոյին: Այս մենամարտը սովորական էր նրանով, որ, բռնցքամարտի լեզվով ասած, երկու մարզիկներն էլ անցել էին նույն դպրոցը եւ միասին տեսել ռինգի բոլոր մութ ու կեղտոտ անկյունները: Մեյվեզեր կրտսերը հաղթել էր ու գնացել վաստակած հանգստի, քանի չէր հայտնվել հանդուգն Կոնորը: Այն, որ Կոնոր ՄաքԳրեգորը մեծագույն մարտիկ է UFC-ում, գիտեին բոլորը: Զարմանալին այն էր, որ իռլանդացին ձեռնոց էր նետում բռնցքամարտում լեգենդ Մեյվեզեր կրտսերին:  Ֆլոյդը կրկին ստիպված էր վերադառնալ՝ կամակոր իռլանդացուն դաս տալու համար: Պարզից էլ պարզ էր, որ բռնցքամարտի կանոններով ՄաքԳրեգորն ի զորու չի լինի պայքարել նույնիսկ 40-ն անց Մեյվեզերի հետ: 12 ռաունդ, այն էլ բռնցքամարտի լեզվով… չափից շատ կլիներ Կոնորի համար: Այս հանգամանքը երեւի հաշվի չէր առել ՄաքԳրեգորը: Նա ցանկացած առիթով հայտնում էր, որ ճզմելու է մրցակցին: Ֆլոյդը համեմատաբար համեստ էր եւ գիտեր իր անելիքը: Մարգարե լինել պետք չէր` հասկանալու, որ Մեյվեզերն անհարժեշտ պահի հաղթանակի էր հասնելու: Մենամարտի սկիզբն էլ ֆլոյդյան սցենարով էր: Ամերիկացին 3 ռաունդ ՄաքԳրեգորին թույլ տվեց շնչել: Իռլանդացին կարողացավ նպատակին հասցնել մի քանի ջեբ: Արդեն 3-րդ ռաունդից զգացվեց, որ Կոնորը հոգնել է եւ աստիճանաբար տանուլ է տալիս մենամարտը: Մեյվեզերին չխանգարեցին նույնիսկ իռլանդացու բազմաթիվ հարվածները ծոծրակին, որին մրցավարը, որքան էլ տարօրինակ թվա, չէր արձագանքում: Ի վերջո, 10-րդ ռաունդում փակվեցին բոլոր հարցերը: Ֆլոյդ Մեյվեզերը հարվածների տարափով ստիպեց մրցավարին դադարեցնել մենամարտն ու տեխնիկական նոկաուտ գրանցել ամերիկացու օգտին: ՄաքԳրեգորը անփառունակ պարտություն կրեց՝ հասկանալով, որ նախ պետք է սովորել բռնցքամարտի այբուբենը, հետո նոր բարձրաձայնել գիտելիքների մասին: Ֆլոյնդն առանձնահատուկ ոչինչ չարեց ռինգում, ավելին, նա այս ֆունկցիոնալ վիճակով կարող էր պարտվել այս պահին քաշային կարգի լավագույներին: Ճիշտ է` ՄաքԳրեգորը տասնյակ, գուցե հարյուրը գերազանցող միլիոններ տեղավորեց գրպանում, բայց դա բավարար չէ նրան շաբաթվա ձախողակների ցանկից դուրս պրծնելու համար:

Սադիո Մանե

Լուսանկարը` Facebook


2015 թ-ին մերսիսայդյան «Լիվերպուլ»-ի ղեկը վստահվեց Յորգեն Կլոպին: Գերմանացին եկավ կարմիրներին նախկին խաղամակարդակին վերադարձնելու: Կլոպին ֆուտբոլիստներ էին անհրաժեշտ, ովքեր անվերապահորեն կկատարեին բոլոր առաջադրանքները եւ չէին ծուլանա խաղադաշտում: Սադիո Մանեի տեղափոխությունը «Լիվերպուլ» աֆրիկացի ֆուտբոլիստի համար մեծ քայլ էր առաջ: Անդրանիկ մրցաշարջանն անկայուն ընթացք ունեցավ սենեգալցու համար, անընդհատ խանգարում էին վնասվածքները: «Լիվերպուլ»-ը 2016-2017 մրցաշարջանն ավարտեց լավագույն քառյակում եւ իրավունք ստացավ պայքարել Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի համար: Եվ մինչեւ թիմի առաջատար Ֆելիպե Կոուտինյոն շարունակում էր տարված մնալ «Բարսելոնա» տեղափոխվելու երազանքներով, Կլոպը կերտեց թիմի իրական, բայց թաքնված առաջատարին: Մանեն իր ողջ կարողություններով փայլեց անցած 7 օրերի ընթացքում: Մրցաշրջանի մեկնարկից Կլոպը ֆուտբոլիստին օգտագործեց գրոհի ձախ եզրում եւ տվեց անվերապահ ազատություն: «Հոֆենհայմ»-ի հետ պատասխան խաղում այս մարտավարությունն ամբողջությամբ տվեց իր պտուղները: «Լիվերպուլը» հաղթեց 4-2 հաշվով: Մանեն, ձախ եզրում ստանալով գնդակը, անընդհատ արագացումների միջոցով իր շուրջն էր հավաքում «Հոֆենհայմ»-ի  առնվազն 4 ֆուտբոլիստի եւ գնդակը տեղափոխում ազատ տարածություն, որտեղից կարմիրները  վտանգավոր հարվածներ էին կատարում դարպասին: Այսպես ծնվեցին Լիվերպուլի 4 գոլից 2-ը: Առաջին գոլի ժամանակ Մանեն կազմակերպեց ամբողջ գրոհը, կտրեց «Հոֆենհայմի» պաշտպանական գիծը եւ, ցույց տալով, թե հարվածում է կրունկով` գնդակը հասցեագրեց Էմրե Ջանին: Գերմանացին չվրիպեց: 2-րդ գոլը եւս սկսվեց նույն ոճի առաջխաղացումով, ու կրկին կրունկով ամեն ինչ ստեղծեց Մանեն: Սենեգալցին նաեւ մասնակցեց թիմի մյուս գոլերի կազմակերպմանը, ունեցավ հնարավորություններ դարպասը գրավելու, բայց չհաջողեց: Սադիոն նույն խաղը ցուցադրեց նաեւ Անգլիայի առաջնության 4-րդ տուրի կենտրոնական մրցավեճում: «Լիվերպուլը» քարը քարի վրա չթողեց «Արսենալից»՝ 4-0: Ինչպես նախորդ խաղում, այս անգամ եւս նա ամենահաս էր: «Լիվերպուլի» թաքնված առաջատարը ձախ եզրում անում էր այն, ինչ ցանկանում էր: Արդյունքում դարձավ նաեւ գոլի հեղինակ: Մանեի արագությունը, դրիբլինգը, ֆուտբոլային ինտելեկտը լրացնում էր Ֆելիեպե Կոուտինիոյի բացակայությունը: Սենեգալցի ֆուտբոլիստն իր գրագետ խաղով, անկասկած, անցած շաբաթվա լավագույներից մեկն էր:

Մաքսիմ Մանուկյան

Լուսանկարը` Facebook


Փարիզ 2017-ը Մաքսիմ Մանուկյանի կարիերայի նոր սկիզբը դարձավ: Հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի փորձառու ըմբիշն աշխարհի առաջնությանը մասնակցում էր քաշային կարգը փոխած: Նախկինում՝ 85-ում, այժմ` 80: Մեդալային սպասելիքներ կային, բայց իրավիճակն անկանխատեսելի էր: Ի՞նչ կարելի էր սպասել նոր քաշային կարգում խոշորագույն մրցաշարի մասնակցող ըմբիշից, ով աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում մեդալակիր չէր դարձել: Ռիո-2016-ում Մաքսիմ Մանուկյանը պայքարը թողել էր հենց առաջին գոտեմարտից հետո, մրցակցին` Վիկտոր Լյորինցին պարտվելով 0-3 հաշվով: Փարիզում գրվեց նոր պատմություն: Մաքսը մրցակցիներին գետնում էր աներեւակայելի թեթեւությամբ: Յոսեֆ Ղադերիանին, Ալեքս Կեսիդիսը, Պասկալ Այսելեյը, Զուրաբի Դաթունաշվիլին Մաքսից կարողացան վերցնել ընդհանուր 5 միավոր` զիջելով 28-ը: Մաքսիմը մրցակցիներին հաղթում էր բացառապես գեղեցիկ հնարքներով: Եզրափակիչ գոտեմարտում եւս պայքար չստացվեց: Բելառուսի ներկայացուցիչ Ռադիկ Կուլիեւին Մաքսիմը հեշտությամբ նստեցրեց ու գլորեց` արդյունքում ստանալով 5 միավորի առավելություն, 5-0 հաշիվը պահպանեց մինչեւ վերջ ու դարձավ աշխարհի չեմպիոն: 30-ամյա ըմբիշը ապացուցեց, որ առջեւում դեռ անելիքներ կան եւ նորանոր հաղթանակի սպասումներով ներարկեց հազարավոր հայերի: Այսպիսի արդյունքով Մաքսիմ Մանուկյանն, անկասկած, շաբաթվա ամենամեծ առաջընթաց գրանցած մարզիկներից մեկն է:

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին