Սեպտեմբեր 22, 2025
262 դիտում

Հաբեթնակ Կուրղինյան․ Աշխարհի առաջնությունը ցույց տվեց մեր անփորձ լինելը շատ հարցերում


Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW


Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը խոստովանել է, որ Արսեն Հարությունյանից Աշխարհի առաջնությունում սպասել է ավելի բարձր կարգի մեդալ։

«Կիսաեզրափակչում Արսենը վրիպում արեց ու չկարողացավ հաղթանակ տոնել։ Մինչ այդ նա հաղթել էր Օլիմպիական փոխչեմպիոնին բացարձակ առավելությամբ ու ինձ թվաց, թե նման արդյունք գրանցելով՝ նա արդեն դուրս եկավ եզրափակիչ։ Ցավոք, այս մոտեցումը կար նաեւ մեր մյուս մարզիչների մոտ, ինչը մեր կողմից բացթողում էր։

Ես գտնում եմ, որ նա առնվազն եզրափակչում պետք է լիներ։ Այս մրցաշարին նա շատ լավ էր պատրաստվել՝ հատուկ սննդակարգով, քաշի կարգավորմամբ։ Իսկապես, ոչ միայն ես, այլ նաեւ բազմաթիվ մասնագետներ Արսենին այլ գույնի մեդալով էին պատկերացնում։

Լուսանկարը` UWW


Արման Անդրեասյանը եւս հասավ կիսաեզրափակիչ ու պարտվեց այստեղ։ Երրորդ տեղի համար պայքարում էլ չկարողացավ առավելության հասնել մրցակցի նկատմամբ։ Վազգեն Թեւանյանը նույնպես կարող էր ավելի լավ մասնակցել, Մանվել Խնձրցյանն ու Հրայր Ալիխանյանն իրենց հնարավորությունների սահմաններում հանդես եկան։

Աշխարհի առաջնությունը շատ ուժեղացել է, փոխվել է մրցակցությունը եւ այժմ ասիական երկրներն են թելադրող դարձել։ Հարությունյանի քաշում լավագույն ութնյակում միայն ինքն էր Եվրոպայից, մյուսներն Ասիայի առաջնությունից էին։

Մյուս կողմից Աշխարհի առաջնությունը ցույց տվեց մեր անփորձ լինելը շատ հարցերում։ Խնդիրները բազմաթիվ են մեր երկրում՝ մարզադպրոցների վատ վիճակ, մարզիչների ցածր որակավորում, մեծահասակ ըմբիշների շատ քիչ թիվ։ Հայաստանի առաջնությունում, եթե միայն մեծահասակների ընդգրկենք, 20-30 ըմբիշ հազիվ կարողանանք հավաքել։ Իսկ մրցակցությունը շատ կարեւոր է, լիարժեք կազմ չենք կարողանում հավաքել ու պատրաստվել առաջնություններին»։

Աշխարհի առաջնությունում ազատ ոճի ըմբշամարտի հավաքականից 4-րդ անգամ Աշխարհի բրոնզե մեդալակիր էր դարձել Արսեն Հարությունյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին