Եվրոպայի եւ Աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանն անդրադարձել է 2027 թվականին Հայաստանում կայանալիք
10-րդ Ֆրանկոֆոնյան խաղերին:
Նրա խոսքով՝ հայկական կողմի ներկայացուցիչները Ֆրանկոֆոնյան խաղերի կազմկոմիտեին առաջարկել են ներառել հետեւյալ մարզաձեւերը՝ ատլետիկա, պարաատլետիկա, բրեյքդանս, ծանրամարտ, բասկետբոլ 3x3, սայլակով բասկետբոլ, ֆուտբոլ, շախմատ, ձյուդո, սեղանի թենիս:
«Սպասվում է շուրջ 4000 մասնակից, ավելի քան 50 պատվիրակություն։ Հայկական կողմից գլխավոր պատասխանատուն (առնվազն դե ֆակտո), սպորտի «մեծ գիտակ», առհասարակ՝ «ամենագետ», Հայաստանում վարչապետի պաշտոնը զբաղեցնողի աշխատակազմի ղեկավարն է: Ինչպես նկատեցիք երկրի առաջատար մարզաձեւերից ըմբշամարտը ցանկում չկա: Բնականաբար, դա զարմացրել է մասնակից պետություններին, որոնցից շատերում ըմբշամարտը առաջատար դիրքերում է:
Նաեւ փորձում են հասկանալ, թե ինչո՞ւ է ընդունող կողմը կամավոր հրաժարվում մի մարզաձեւից, որտեղ ամենից շատ մեդալներ կարող է նվաճել: Առաջարկում եմ ակտիվորեն անդրադառնալ այս հարցին եւ ջանք գործադրել՝ ըմբշամարտը վերադարձնելու խաղերի ցանկ, քանի դեռ ուշ չէ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ջուլֆալակյանը:
Նա ընդգծել է, որ միջազգային նման խաղերին ընդունող երկիրը կարող է առաջարկել իր համար առաջնահերթություն ունեցող մարզաձեւերի ցանկ եւ հիմնականում դրանք լինում են նրանք, որոնցում տվյալ երկիրն ուժեղ է:
«Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ոչ մի առնչություն չունի որոշման ընդունման հետ: Ըմբիշներն էլ պատրաստ են պատվով ներկայացնել պետությունը: Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը ոչ մի առարկություն չունի խաղերի ծրագրում ըմբշամարտի ներառմանը: Դեռ ավելին՝ Հայաստանի պատկան մարմիններին այդ թեմայով ուղարկված նամակները մնում են կամ անպատասխան, կամ էլ ստացվում են ոչինչ չասող պատասխաններ: Թեպետ խաղերին մնացել է 2 տարի, առայժմ գոյություն չունի նույնիսկ կապի հստակ գործող միջոց խաղերի կազմկոմիտեի հետ: Խորհուրդ՝ կարող եք անիմաստ ժամանակ չծախսել ԿԳՄՍ-ի վրա»,- ավելացրել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: