Հունգարական «Ֆերենցվարոշի» գլխավոր մարզիչ, նախկինում՝ լեգենդար ֆուտբոլիստ Ռոբի Քինը այսօր Բուդապեշտում կայացած մամուլի ասուլիսում պատասխանել է «Նոա»-ի հետ պատասխան խաղին վերաբերող հարցերին։
Պատասխանելով Մեդիամաքս Սպորտի հատուկ թղթակցի հարցին, թե ինչ նպատակներ է դնում իր առջեւ այս մրցաշրջանում թիմը՝ Քինը պատասխանեց, որ այդ մասին կարող է խոսել միայն վաղը՝ խաղից հետո․ «Մենք կենտրոնացած ենք միայն վաղվա խաղի վրա։ Ես չեմ կարող մտածել ապագայի մասին, միայն վաղվա»։
Խոսելով Էդգար Սեւիկյանի, նրա խաղային դիրքի այն մասին, թե արդյոք նա կարող է խաղալ կեղծ 9 համարի դիրքում, մարզիչն ասաց. «Ոչ, չի կարող։ Հուսով եմ՝ չեն լինի այնպիսի վնասվածքներ, որպեսզի ստիպված լինեմ նրան օգտագործել այդ դիրքում»։ Նա ավելացրեց, որ Սեւիկյանը կարող է խաղալ 8 կամ 10 համարի դիրքերում, բայց հիմնականում նա եզրային հարձակվող է։ Ծիծաղելով՝ նա ավելացրեց. «Վաղը նա կարող է խաղալ որպես ձախ եզրային հարձակվող»։
Խոսելով վաղվա խաղից ակնկալիքների մասին՝ Քինը կատակեց, որ ամենակարեւորն այն է, որ վաղը քամի չլինի․ «Ֆուտբոլ խաղալու համար ամենավատ պայմանը քամին է: Անձրեւ, ձյուն՝ նույնիսկ դրանք ավելի լավ են, քան քամին»:
«Նոա-ն լավ թիմ է, լավ կազմով եւ խաղացողներով: Առաջին խաղում նրանք մի քանի լավ հնարավորություն ստեղծեցին: Բայց պետք է ասեմ, որ նրանք առավելություն ունեին՝ սովոր են խաղալ քամու տակ: Մենք գիտենք նրանց ուժեղ եւ թույլ կողմերը եւ կփորձենք հաղթել վաղը»,- նշեց մարզիչը:
Հաջորդ հարցը վերաբերում էր պաշտպան Սիսեի կարմիր քարտին եւ նրան, թե արդյոք մարզիչը կնախընտրի՞ խաղալ երկու կենտրոնական պաշտպաններով, թե՞ կփոխի համակարգը։ «Այստեղ հայեր կան, ուստի ոչինչ չեմ կարող ասել։ Կտեսնեք վաղը»։
Վերջին հարցը վերաբերում էր «Նոա»-ի հնարավոր հաղթանակին եւ նրան, թե արդյոք դա կլինի մարզչի մեղքը՝ հաշվի առնելով երկու թիմերի բյուջեների հսկայական տարբերությունը։ «Գիտեք, ես ուշադրություն չեմ դարձնում թիմերի բյուջեներին։ Ես կենտրոնանում եմ միայն նրա վրա, թե ինչպես է խաղում իմ թիմը, եւ վաղվա խաղին։ Ես ուշադրություն չեմ դարձնում որեւէ այլ բանի»։
Դավիթ Ալավերդյան
Լուսանկարը՝ հեղինակի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: