Ապրիլ 19, 2025
461 դիտում

Ասլանյանը հաղթահարել է առողջական խնդիրն ու վերադարձել, իսկ Ամոյանը միշտ ձգտում է ոսկու


Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW


Հունահռոմեական ոճի ըմբիշներ Մալխաս Ամոյանն ու Կարեն Ասլանյանն օրեր առաջ դարձան Եվրոպայի չեմպիոն եւ արծաթե մեդալակիր։

Ծանոթանանք նրանց մեկնաբանություններին, որոնք տվել են այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ։


Մալխաս Ամոյան

«Իրականում այս Եվրոպայի առաջնությունն ավելի բարդ էր, քան նախորդներն են եղել։ Հատկապես կառանձնացնեմ կիսաեզրափակիչ ու եզրափակիչ գոտեմարտերը։ Այդ երկու ըմբիշներն ավելի փորձառու էին, բայց տրամադրվեցի ու հաղթեցի։ 

Լուսանկարը` UWW


Վրացի ըմբիշին լավ եմ ճանաչում, նա շատ վտանգավոր է եւ ամեն վայրկյան կարող է հնարք կատարել։ Երբեք չի սիրում գոտեմարտը 6 րոպե անցկացնել, դրա համար մեծ առավելություններ է ստանում ու ժամանակից շուտ հաղթանակ տոնում։ Դա էր պատճառը, որ ավելի զգուշավոր էի գործում։ Կարեւոր էր ոչ թե միավորների տարբերությունը, այլ հաղթանակը։

Իմ մոտիվացիան հավատն է առ Աստված ու նաեւ իմ անցած ուղի։ Ցանկացած մրցման ժամանակ իմ նպատակը ոսկե մեդալն է, բայց եթե դա անել չի ստացվում, ուրեմն նվաճում եմ այն, ինչին տվյալ պահին արժանի էի»։

Կարեն Ասլանյան

Լուսանկարը` UWW


«Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո ես որոշակի դադար վերցրի։ Պատճառն իմ առողջական վիճակն էր։ Երկար ժամանակ բուժվում էի, ինչի պատճառով լավ մարզավիճակ հավաքել չէի կարողանում։ 

Շնորհակալ եմ Աստծուն, որ ունեմ նման ընտանիք, մարզիչներ, թիմակիցներ, ովքեր հավատացին ինձ, օգնեցին ու համբերեցին, մինչեւ հաղթահարեմ դժվարություններն ու կրկին վերադառնամ։ 

Եվրոպայի առաջնության եզրափակչի հենց ամենասկզբում բացթողում արեցի, շատ միավորներ տվեցի մրցակցին ու հետագայում ինչքան էլ պայքարեցի, չկարողացա հետ բերել։ Մյուս կողմից սա ցույց տվեց իմ սխալները, որոնց վրա պետք է աշխատեմ եւ ավելի լավ մոտենամ Աշխարհի առաջնությանը։

Քաշային կարգի փոփոխության մասին այս պահին չեմ մտածում։ Ես ինձ 63 կգ-ում շատ լավ եմ զգում, աճը զգում եմ, ֆիզիկական վիճակս էլ լավն է։ Բայց թե ինչ կլինի Օլիմպիական խաղերից առաջ, հստակ չեմ կարող ասել»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին