Եվրոպայի առաջնությունից 3 մեդալով վերադարձած ազատ ոճի ըմբիշներն այսօր հանդիպել են լրագրողների հետ ու ամփոփել իրենց մասնակցությունը:
ԵԱ-ի արծաթե մեդալակիր Արսեն Հարությունյան (61 կգ)
Եվրոպայի առաջնությանը լավ մարզավիճակով եմ մասնակցել, սակայն տարբեր պատճառներով շատ քիչ չհերիքեց, որպեսզի նորից ոսկե մեդալ նվաճեի:
Ամեն հաղթանակի հետեւում պարտություններ են թաքնված, ամեն պարտության՝ մեծ աշխատանք: Ու մենք աշխատելու շատ տեղ ունենք, կարեւորն այն է, որ հասկացել եմ սխալներս եւ Աշխարհի առաջնությանն ավելի լավ մարզավիճակում կլինեմ:
Թեեւ եզրափակչում զիջել եմ, բայց լավ եմ գործել, պարզապես պետք է շուտ կողմնորոշվեի ու կանգնեի, մտածեի ոչ թե միավոր վաստակելու, այլ պաշտպանվելու մասին, այդ դեպքում ամեն ինչ այլ կլիներ:
Իմ քաշային կարգում երկու ուժեղագույն մարզիկներ կային, մեկին կիսաեզրափակչում հաղթեցի, մյուսին՝ զիջեցի եզրափակչում:
Մյուս հավաքականների նկատմամբ մենք առավելություն ունենք՝ իսկական թիմ ենք, ուրախանում ենք միմյանց հաջողություններով ու ամեն ինչ անում, որ մեր ընկերը բարձրանա:
Վստահ եմ, որ այս առաջնությունից հետո թիմով էլ ավելի շատ ենք աշխատելու, քանի որ մեզ Աշխարհի առաջնության ոսկե մեդալ շատ է անհրաժեշտ:

Լուսանկարը` UWW
ԵԱ-ի արծաթե մեդալակիր Արման Անդրեասյան (70 կգ)
Մարզիչների հետ լավ էինք պատրաստվել ԵԱ-ին, որ լավ տեղեր զբաղեցնենք, ուղղակի թերություններ էլ ունեցանք: Հետագայում ամեն ինչ կանենք բացթողումները վերացնելու համար:
3-րդ մրցանակակիր Վազգեն Թեւանյան (65 կգ)
Ընդհանուր առմամբ ուրախ եմ, որ կարողացել եմ մեդալ նվաճել, սակայն բրոնզի համար չէի մեկնել Բրատիսլավա: Լավ էի պատրաստվել, որպեսզի ոսկի նվաճեմ, բայց չստացվեց: Չեմ հուսահատվում եւ վստահ եմ, որ առաջիկայում ուժերս ցույց տալու նոր հնարավորություններ կլինեն:

Լուսանկարը` UWW
Եվրոպայի առաջնությունը տարեցտարի բարդանում է, ռուսների մասնակցությունը շատ փոխեց մրցաշարի ընթացքը, 2 տարի նրանք բացակայել էին, ու նոր չեմպիոններ եղան:
Բայց սովորաբար չենք գնում որեւէ մրցակցից խուսափելու համար, չեմպիոն դառնալու համար պարտավոր ես բոլորին էլ հաղթել:
Կարծում եմ՝ հետագայում պետք է ավելի ինտենսիվ ու ծանրաբեռնված մարզվենք: Նույն բանն անելով՝ շատ մեծ արդյունքների չենք հասնի:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: