Ապրիլ 18, 2024
1115 դիտում

Բաբալարյան. Մեր ըմբիշները մրցակիցներին հիմնականում զիջում են գոտեմարտի վերջնամասում


Լուսանկարը` UWW


Բուխարեստում կայացած ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ընտրանին 4 մեդալ է նվաճել:

Արծաթե մեդալակիր է դարձել Կարապետ Մանվելյանը (55 կգ), իսկ 3-րդ տեղը գրավել են Հովհաննես Հարությունյանը (87 կգ), Հայկ Խլոյանն (97 կգ) ու Ալբերտ Վարդանյանը (130 կգ):

Հավաքականն առաջնությունում հանդես է եկել բոլոր քաշային կարգերում ու ներկայացված եղել 10 ըմբիշով: Ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը նշել է, որ երբեք գոհ չի մնում արդյունքներից, այս անգամն էլ բացառություն չէ:

«Մանվելյանի ելույթներին նախորդ տարվանից հետեւում էի ու այս տարի վերջնականապես արդարացրեց սպասելիքները, թեեւ ոչ լիովին: Այդքան էլ բավարարված չեմ նրա ելույթից, քանի որ չհաղթեց: Թուլացանք ու զիջեցինք, պետք է Կարապետի կամային որակները ավելացնել: Մեր ըմբիշները հիմնականում հաղթանակը ձեռքից վերջին վայրկյաններին են բաց թողնում, ինչը մարզիչներին մտահոգում է, պետք է աշխատենք այդ ամենը շտկելու ուղղությամբ»,- նշել է մարզիչը:

Նրա խոսքով՝ Հովհաննես Հարությունյանը (87 կգ) հանդես է եկել իր հնարավորությունների սահմաններում ու մեդալ ապահովել: Բաբալարյանն ընդգծել է, որ Խլոյանից վաղուց է մեդալ սպասել, քանի որ ուժեղ մարզիկ է, հանդես է գալիս Արթուր Ալեքսանյանի քաշային կարգում եւ նրա հետ մարզվում:

«Ալեքսանյանն էլ էր զարմանում, որ չի ստացվում մեդալ նվաճել, բայց վերջապես Հայկը հույսերն արդարացրեց ու բրոնզ ունեցավ: Հույս ունեմ, որ դա իր մեդալների սկիզբը կազդարարի: Վարդանյանը բավական փորձառու է, ծանր քաշային կարգերում միշտ խնդիրներ ենք ունենում, բայց տղաներն ապացուցում են, որ լավ պատրաստվելու դեպքում բոլորում էլ մեդալներ կունենանք»,- հավելել է Բաբալարյանը:

Հիմա Հայաստանի հունահռոմեական ընտրանին մարզվում է Երեւանում ու պատրաստվում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: Թիմը Զագրեբ է մեկնելու ապրիլի 19-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին