Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի կառավարության աջակցությամբ առաջիկայում բացվելու է Ամոյան եղբայրների մարզադպրոցը:
Այդ նպատակով որոշվել էր անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել «Երեւանի Րաֆֆու անվան համար 36 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին ամրացված` Կոմիտասի պողոտա 37 հասցեում գտնվող անշարժ գույքի երրորդ մասնաշենքը։
Մարզադպրոցի հետ կապված աշխատանքների մասին Mediamax Sport-ը խոսել է Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի արծաթե ու Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանի հետ:
«Ցանկացած մարզիկի երազանքն է ունենալ իր անվան մարզադպրոց: Ես էլ բացառություն չեմ ու նման մտադրություն ունեցել եմ վաղուց: Այնպես ստացվեց, որ մոտ 1,5 տարի առաջ ընկերներով հավաքվել էինք ու այդ մասին զրույց ծավալվեց: Սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանն էլ ներկա էր ու առաջարկեց, որ այն կյանքի կոչենք: Առհասարակ, նա մեծապես նպաստել է, որ կարողանանք մարզադպրոցն իրականություն դարձնել:
Այն կրելու է Ամոյան եղբայրներ մարզահամալիր անունը, իրականում մեր նպատակն է լավ գործ անել, երեխաներին կտրել փողոցներից ու ապագա չեմպիոններ դարձնել: Կարծում եմ՝ նրանց համար էլ խթան կլինի իմ ու մյուս անվանի մարզիկների ուղին անցնել:
Այնտեղ, բնականաբար, ես էլ կաշխատեմ, եղբայրս՝ Ազատն էլ, ժամանակի ընթացքում կկողմնորոշվենք նաեւ այլ մասնագետների հարցում: Նոր ենք սկսել թղթաբանությունը, կփորձենք արագ ավարտին հասցնել ու անցնել կառուցապատման աշխատանքներին:
Հիմա այդ դահլիճը, որը նախատեսված է ֆիզկուլտուրայի համար, բավական վատ վիճակում է գտնվում: Լավ վիճակի բերելու համար կպահանջվի մոտ 373 մլն դրամ, նվազագույն չափն եմ նշում, ընթացքում գումարը կմեծանա: Ծախսերը հոգալու են մեր աջակիցները, ընկերներն ու հովանավորները:
Մինչեւ հասցնենք պատրաստի վիճակի մոտ 2-3 տարի կպահանջվի, արագ գործընթաց չի, բայց ցանկանում ենք, որ ամեն ինչ բարձրակարգ լինի, քանի որ Հայաստանում հիմա քիչ են մարզվելու համար լավ պայմանները: Նախատեսում ենք իրականացնել բռնցքամարտի ու ըմբշամարտի մարզումներ եւ ընդունել 8-10 տարեկան երեխաների: Հնարավորություն կլինի աշխատել մոտ 200-300 սաների հետ:
Երկար տարիներ ինքս եմ պրոֆեսիոնալ մարզիկ եղել ու գիտեմ, թե ինչ է պետք արդյունքների հասնելու համար: Մեր մարզադպրոցում առաջնային տեղում կլինեն կարգապահությունն ու հետեւողական աշխատանքը: Ուզում ենք ամեն ինչ պրոֆեսիոնալ մակարդակով անել, դեռ առաջնայինը շենքը լավ վիճակի բերելն ու գույքով ապահովելն է»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: