Հուլիս 07, 2022
exclusive
2687 դիտում

Արթուր Ալեքսանյան. Զգում եմ, որ դեռ կարող եմ բարձր մակարդակով հանդես գալ


Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից


Տոկիոյի խաղերից հետո Աշխարհի, Եվրոպայի ու Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն առաջին անգամ մրցաշարի է մասնակցել:

Նա Շտուտգարտում հանդես է եկել Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական բրոնզե մեդալակիր Ֆրանկ Շտեբլերի կարիերայի ավարտին նվիրված մրցաշարին: Ալեքսանյանն Աշխարհի հավաքականի կազմում մրցել է Գերմանիայի թիմի դեմ:

Ըմբիշը Mediamax Sport-ին պատմել է գորգ վերադառնալու ու իր հետագա ծրագրերի մասին:

«Նախ հավաքականի հետ Խորվաթիայում լավ ուսումնամարզական հավաք անցկացրինք եվրոպական մոտ 15 երկրի ընտրանիների հետ: Բավական օգնեց հավաքականի բոլոր տղաներին էլ: Շատ կարեւոր հավաք էր Աշխարհի առաջնությունից առաջ:

Ապա այնտեղից մեկնեցի Գերմանիա՝ մասնակցելու այդ հրաժեշտի միջոցառմանը: Աշխարհի ընտրանու կազմում տիտղոսակիր ըմբիշներ էին հավաքվել՝ Աշխարհի ու Օլիմպիական չեմպիոններ եւ մրցանակակիրներ: Մեր հավաքականը 5:4 հաշվով հաղթեց գերմանացիներին:

Ես իմ քաշային կարգում հանդիպեցի Ռամսին Ազիզսիրին ու առավելության հասա 6:3 հաշվով: Տոկիոյի խաղերից հետո առաջին անգամ էի հանդես գալիս, կարեւորն այն էր, որ պատրաստ էի, այդ գոտեմարտն ինձ պետք էր:

Երեւի 1 ամսից Լեհաստանում միջազգային մրցաշարի կմասնակցեմ, ապա հանդես կգամ Աշխարհի առաջնությունում: Վնասվածքս լիովին չէ, բայց բավականաչափ բուժել եմ:  

Լուսանկարը` Անձնական արխիվից


Նպատակս, բնականաբար, Փարիզում իմ 4-րդ Օլիմպիական խաղերին մասնակցելն ու կրկնակի հաղթող դառնալն է: Իհարկե, դեռ 2 տարի ժամանակ կա, կաշխատեմ լավ վիճակում լինել:

Չեմ կարծում, որ տարիքն այդ ճանապարհին խոչընդոտ կարող է լինել, Տոկիոյում 30 տարեկան անց բավական ըմբիշներ եղան, որ կարողացան հաղթել ու մեդալակիր դառնալ: Դեռ զգում եմ, որ կարող եմ ու ամեն ինչ ունեմ բարձր մակարդակով հանդես գալու համար: Երբ էլ ինձ հաճույք չպատճառի սպորտը, կզգամ, որ եկել է հեռանալու ժամանակը:

Ժամանակակից սպորտը բավական երիտասարդացել է, երեւի դա նաեւ բժշկության ու տեխնոլոգիաների շնորհիվ է: Նախկինում 30-32 տարեկանում ավարտում էին կարիերան, իսկ հիմա այդ տարիքում հասնում են իրենց կարիերայի պիկին:

Նույնն էլ ֆուտբոլում է, 35-37 տարեկանում հիանալի խաղ են ցուցադրում ու Ոսկե Գնդակի հավակնում: Լավագույն օրինակը Կարիմ Բենզեման է, որը շատ է աճել»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին