Մայիս 02, 2025
exclusive
1450 դիտում

Մալխաս Ամոյան. Ծանր է, որ ԵԱ-ի եզրափակչում հաղթանակը ձեռքիցս բաց թողեցի


Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW


Վարշավայում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունից վերադառնալուց անմիջապես հետո արծաթե մեդալակիր Մալխաս Ամոյանը սկսել է պատրաստվել մեկ այլ մրցաշարի:

Mediamax Sport-ի հետ զրույցում նա խոսել է եզրափակչում կրած ցավալի պարտության ու քաղած դասերի մասին:

«Վերադառնալուն պես արդեն հավաքի եմ մասնակցում, քանի որ 20 օր անց ելույթ եմ ունենալու մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Մի քիչ ծանր է, բայց պետք է առաջ գնալ: Առաջին հերթին հոգեբանորեն է բարդ, որ հաղթանակը ձեռքիցս բաց թողեցի:

Վարշավա էի մեկնել միայն Եվրոպայի չեմպիոնի կոչման համար, 2-րդ կամ 3-րդ տեղերի մասին չէի մտածում, ուզում էի ամեն գնով հաղթանակի հասնել:

Լուսանկարը` UWW


Չեմ ուզում պարտության պատճառների մասին խոսել, փորձում եմ իմ թերությունները գտնել ու աշխատել դրանց վրա: Կարեւորն այն է, որ բոլոր մրցակիցների հետ էլ պատրաստ եմ եղել, ինձ լավ եմ զգացել, պարզապես եզրափակչում խառնվեցի, ամեն ինչ սխալ ընթացավ:

Այս պարտությունն ինձ սովորեցրեց, որ պետք չէ գորգում ոչ մի բանի վրա ուշադրություն դարձնել, անհրաժեշտ է միայն գոտեմարտի վրա կենտրոնանալ: Անկախ ամեն ինչից, թե մրցակիցն ինչպես կգործի, պարտավոր ես քո գործն անել ու չշեղվել:

Ափսոս, հաղթանակը ձեռքիցս բաց թողեցի: Հորեղբայրս՝ Ռոման Ամոյանն էլ ասաց, որ չկարողացա ճիշտ գոտեմարտել ու իմ պլանը կատարել: Նույն մրցակցին 1 ամիս առաջ Ուկրաինայի մրցաշարում 9:1 հաշվով հաղթել էի:

Լուսանկարը` UWW


Այս հաջողության համար շատ շնորհակալ եմ հավաքականի ու իմ անձնական մարզիչներին: Նրանց շնորհիվ ու համատեղ լավ աշխատանքի արդյունքում եղավ այս ամենը: Հորեղբայրներս էլ ինձ շատ են աջակցել ու օգնել: Հետագայում կփորձեմ ավելի լավ հարկի մեդալներ նվաճել»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին