Ապրիլին Աբու Դաբիում կայացած գեղասահքի միջազգային մրցաշարում Սառա Անտոնյանի գլխավորությամբ հանդես եկած Ստեֆանի Մխեյանը եւ Կատրին Միրաքյանն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել:
Mediamax Sport-ը Երեւանի գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոցում հանդիպել է նրանց հետ, զրուցել առաջին միջազգային մրցաշարի արդյունքների մասին եւ փոխտնօրենի հետ քննարկել մարզաձեւի զարգացման հեռանկարները:
Սառա Անտոնյան
Արդեն 10 տարի է Անտոնյանն աշխատում է որպես մարզիչ։ Մարզչական գործունեությունը սկսել է Ռուսաստանում, 5 տարի առաջ վերադարձել է հայրենիք ու աշխատում է Երեւանի գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոցում։
«Աբու Դաբիում իմ, Կատրինի ու Ստեֆանիի առաջին մրցաշարն էր։ Երեխաները մասնակցեցին 6 տարեկանների պայքարում, ամենափոքրը Կատրինն էր։ Մասնակցության համար նրանց էի ընտրել, որովհետեւ լավ էին պատրաստ։
Սա մեր ողջ տարվա աշխատանքի արդյունքն էր, պարապել էինք ու չարչարվել։ Անկեղծ եմ ասում՝ սպասվածից ավելի լավ հանդես եկան, ինչը շատ ոգեւորող է։ Մտածում էի, որ կլարվեն, բայց այնքան լավ հաղթահարեցին ամեն բան, որ սպասելիքները գերազանցեցին։

Լուսանկարը` Մեդիամաքս
Առաջին տեղը ռուս մարզուհին զբաղեցրեց, որն արդեն 4 տարի գեղասահքով է զբաղվում։ Իսկ իմ աղջիկները 1,5 տարի է, ինչ պարապում են։ Բացի այդ, նրան շատ չնչին միավորներով զիջեցին, Ստեֆանին գրավեց 2-րդ, Կատրինը՝ 3-րդ տեղը։ Կատրինը մի փոքր շտապեց ու կարող էր ընկնել, բայց իրեն հավաքեց եւ խուսափեց սխալից:
Միասին աշխատում ենք արդեն մեկ տարի, մեր երեքի կապը շատ լավն է։ Առանց չափազանցության եմ ասում, մեկ հայացքով իրար հասկանում ենք։
Սահադաշտում խիստ եմ, որովհետեւ սպորտը կարգ ու կանոն է սիրում։ Խստության արդյունքը մենք տեսնում ենք նրանց ելույթների ժամանակ։ Հենց այս տարիքից պետք է սովորեն պայքարել, բնավորություն ունենալ, համառ ու կարգապահ լինել։
Ցավոք, բայց Հայաստանում մրցաշարեր շատ քիչ են լինում։ Ճիշտ է, դրանք բավական լավ են անցնում, միջազգային կարգի մրցավարներ են հրավիրվում, բայց երեխաների համար փորձը շատ կարեւոր է։ Ինչքան շատ մեկնարկ ունենան, այնքան կսովորեն հաղթահարել հուզմունքը»։
Կատրին Միրաքյան
Կատրինը սկզբում ամաչում էր խոսել, հետո կամաց-կամաց բացվեց ու խոստովանեց, որ երազում է գեղասահորդ դառնալու մասին։
«Մանկապարտեզում խաղալ եմ սիրում, իսկ որ գալիս եմ այստեղ, միանգամից սկսում եմ սահել։ Չեմ հոգնում, չեմ էլ մրսում։ Հենց սահում եմ, տաքանում եմ, մեկ-մեկ էլ՝ շոգում։ Ստեֆանիի հետ պարում ենք, իսկ մեր մարզիչը սովորեցնում է էլեմենտները ճիշտ անել։ Որ մեծանամ գեղասահորդ կդառնամ։ «Դրա համար ի՞նչ պետք է անես»,-հարցնում է մարզիչը, «Շատ պարապեմ»,-լինում է 6-ամյա աղջնակի պատասխանը։

Լուսանկարը` Մեդիամաքս
Հետո խոսում ենք Աբու Դաբիի մրցաշարից ու Կատրինը նշում է, որ մեկնարկից առաջ շատ էր վախենում։
«Շատ շոգ էր, մրցումը հենց վերջացրինք, նոր գնացինք լողալու։ Շատ երեխաներ կային, ես էլ վախենում էի, որ կընկնեմ։ Բայց ինձ պահեցի։ «Ո՞նց ստացվեց»,-հարցնում եմ։ Ձեռքերը տարածում է ու ցույց տալիս։ «Սենց բարձրացա կրունկիս վրա, հետո մեկ էլ տեսա չեմ ընկել։ Բայց ռուս աղջիկը երկու անգամ ընկավ, ես ու Ստեֆանին՝ չէ»։
Կատրինը ելույթ է ունեցել Սիայի «Unstoppable» (անկասելի) երգի տակ․ «Ալեքսանդրա Տրուսավային (Օլիմպիական արծաթե մեդալակիր, խմբ․) շատ եմ սիրում։ Ուզում եմ նրա պես գեղասահորդ դառնամ։ Ինքն էլ էր էդ երգի տակ պարում, ես էլ որոշեցի այն ընտրել»։
Հիմա մարզչի հետ աշխատում է նոր տարր (ֆլիպ) սովորելու վրա, որը դեռ ամենաբարդն է համարում։ Մարզիչն ավելացնում է, որ մասնակցելու են Երեւանի քաղաքապետի գավաթին, որն Աբու Դաբիի մրցաշարից ավելի բարդ է լինելու։ Նա իր սաների հետ արդեն աշխատում է նոր տարրեր սովորելու, վարժությունը բարդացնելու եւ ավելի լավ ելույթ ունենալու ուղղությամբ։ Հույս ունեն, որ աստիճանաբար կաճեն ու հետագա մրցումներում էլ ավելի լավ ելույթներ կունենան։

Լուսանկարը` Մեդիամաքս
Ռոզա Միրաքյան՝ Կատրինի մայր
«Մի անգամ տեսա, թե Կարապի լճի սահադաշտում փոքրիկ երեխան ինչպես է հմուտ սահում եւ որոշեցի, որ դուստրս էլ պետք է այդպես արհեստավարժ դառնա: Համոզված էի, որ Կատրինի մոտ կստացվի, քանի որ նա շատ անվախ է ու պայքարող: Չէի սխալվում, քանի որ առաջին օրվանից իրեն շատ լավ դրսեւորեց ու կարճ ժամանակում հաջողության հասավ:
Միանգամից սիրեց գեղասահքն ու սառույցի վրա տիրող աշխուժությունը, քանի որ ինքն էլ շատ ակտիվ է: Դեռ 5 տարեկան էլ չկար, իրեն զգաց ինչպես ձուկը ջրում եւ ցանկացավ շարունակել: Մնացած ամեն ինչ կախված էր իր աշխատասիրությունից, շատ է մարզվել, որպեսզի կարողանա միջազգային մրցաշարում իրեն լավ դրսեւորել:
Ինչպես իր, այնպես էլ իմ ողջ կյանքն է փոխվել ու հարմարեցվել գեղասահքի գրաֆիկին: Երբեմն օրական երկու անգամ ենք գալիս մարզումների, իսկ մրցաշարից առաջ ծանրաբեռնվածությունն էլ ավելի էր մեծացել:

Լուսանկարը` Մեդիամաքս
Կատրինի հենց առաջին մրցաշարը միջազգային էր, չէինք պատկերացնում, որ կկարողանա այդպես հավաքվել ու պատասխանատվություն զգալ: Ծնողներն էլ երեխաներից ոչ պակաս էին անհանգիստ, քանի որ մի բան է սեփական սահադաշտում ելույթ ունենալ, մեկ այլ՝ արտերկրում, այն էլ մրցավարների ներկայությամբ: Կարեւորն այն էր, որ անհանգստությունը չխանգարեց, Կատրինն առանց ընկնելու ելույթ ունեցավ:
Մրցաշարից առաջ ծրագիր էին մշակել ու գեղեցիկ պար բեմադրել, երաժշտությունն էլ ինքն էր ընտրել: Տանն էլ անդադար երգում էր ու բոլոր շարժումները կրկնում:
Զգում եմ, թե Կատրինին այդ հաջողությունը որքան է ոգեւորել ու ավելի վստահ դարձրել: Այնպիսի տպավորություն է, որ 3-4 տարվա փորձ ունի, մինչդեռ դեռ 1 տարուց մի քիչ ավել է պարապում: Այդ հաջողության մեջ նաեւ մարզիչներն իրենց մեծ լուման ունեն:
Մայիսի 1-ին մարզադպրոցում քննություն ունեն, այն հաջող հանձնելու դեպքում երեխաները հնարավորություն կստանան անվճար համակարգի անցնելու, հիմա վարձը 15 հազար դրամ է կազմում: Մրցաշարին էլ երեխաները ծնողների ֆինանսավորմամբ են մասնակցել: Ես էլ եմ ներկա եղել, նախ որովհետեւ առաջին մրցումն էր ու պետք էր անձամբ տեսնել այդ ամենը, բացի այդ էլ դեռ փոքրիկ է ու ինքնուրույն զգեստավորվել չի կարող:

Լուսանկարը` Մեդիամաքս
Զգում եմ, որ Կատրինը սիրով է հաճախում մարզումներին ու ցանկանում է շարունակել, բայց հետո չգիտեմ, թե ինչպես կդասավորվի: Հատկապես բարդ կլինի մարզումները դպրոցի հետ համատեղել, բայց կարծում եմ՝ դրան էլ կհարմարվենք: Հուսամ՝ իրեն լավ կդրսեւորի նաեւ մայիսի 2-ին մարզադպրոցում կայանալիք Քաղաքապետի գավաթում»:
Անուշ Մխեյան՝ Ստեֆանիի մայրիկը
«Ստեֆանին գեղասահքի 1,5 տարի առաջ սեփական ցանկությամբ է սկսել հաճախել: Հենց առաջին պարապմունքին էլ մարզիչը նշել է, որ նրան մեծ հաջողություններ են սպասվում: Այնպիսի տպավորություն էր, որ նախկինում էլ մարզվել է, մինչդեռ 5 տարեկան էր ու առաջին անգամ էր սառույցի վրա:
Իր աշխատասիրության եւ նպատակասլացության շնորհիվ ամեն մարզումից հետո երեւում էր, որ կարողանալու է արդյունքի հասնել:
Քանի որ Ստեֆանին դպրոց է հաճախում, չի կարողանում շատ ժամանակ տրամադրել պարապմունքներին եւ այդ բացն անհատական մարզումներով է լրացնում: Միջազգային մրցաշարից առաջ էլ շատ աշխատեց ու, ի զարմանս բոլորի, կարողացավ իրեն առավելագույն կերպով ցույց տալ ու 2-րդ տեղը զբաղեցնել:

Լուսանկարը` անձնական արխիվից
Վերադառնալուց հետո ինքնավստահությունն ավելացել է, էլ ավելի շատ է ցանկանում մրցումների մասնակցել ու հասնել իր նպատակներին: Մարզումը երեկոյան 6-ին է, շատ ուշ է տուն հասնում ու միայն 9-ից սկսում դասերն անել, երբ իր դասարանցիները պատրաստվում են քնել: Բայց եթե գեղասահքը չսիրեր, երբեք նրան հոգնածության հաշվին չէինք ստիպի մարզվել»:
Մարզադպրոցի փոխտնօրեն Սիրանույշ Սուքիասյան
«Մարզադպրոցում 225 սան ունենք, որոնից 200-ը հաճախում է գեղասահքի, իսկ 25-ը՝ հոկեյի: Ընդունելությունը 4 տարեկանից է, ուսուցումն անցկացվում է տարբեր տարիքային խմբերով ու ծրագրերով:
Ընդունվելուց հետո 2 տարի նախապատրաստական մարզումներ են անցկացնում, ապա ամեն տարվա մայիսին նորմատիվ քննություններ հանձնում: Չափորոշիչների սանղդակը հաղթահարելուց հետո անվճար համակարգ են անցնում ու նրանց ուսումնամարզական փուլերը փոխվում են, սկսում են պարապել պրոֆեսիոնալ խմբերում: Անվճար համակարգում սովորողների քանակն ամեն տարի տարբեր է լինում՝ հիմնականում կազմում է 40-60 մարզիկ, բայց ունեցել ենք նաեւ 80-ը:
Մեր ընդհանուր մարզչական թիմը 19 հոգուց է բաղկացած, որոնցից 9-ը գեղասահքի, մեկը՝ հոկեյի մարզիչն են, ունենք նաեւ խորեոգրաֆներ ու ֆիզիկական պատրաստվածության մասնագետներ:

Լուսանկարը` Մեդիամաքս
Հայաստանի մակարդակով մեզ մոտ լավագույն մարզիչներն են աշխատում, նրանք նախկինում գեղասահորդներ են եղել: Թեեւ երկրում մասնագետները քիչ են, բայց մարզադպրոցի բոլոր մարզիչներն էլ համապատասխանում են բարձր չափանիշների:
Նրանք նաեւ պարբերաբար վերապատրաստվում են, մայիսի 2-ին սպասվող Քաղաքապետի գավաթի համար հրավիրված միջազգային մրցավարներից մեկը բոլոր մարզիչների համար սեմինար է անցկացնելու:
Գեղասահքը Հայաստանում երիտասարդ ու զարգացող մարզաձեւ է, միայն մեկ մասնագիտացված մարզադպրոց ունենք: Փորձում ենք աստիճանաբար աճ գրանցել ու մրցունակ դառնալ: Դեռ միջազգային մեծ նվաճումներ չունենք, թեեւ մեր սաները տարբեր մրցումներում են իրենց ուժերը փորձել, մասնակցել են պատանեկան Աշխարհի առաջնության եւ Գրան Պրիների: Դեռ միջին հորիզոնականներ զբաղեցնող երկրների շարքում ենք:
Մոտ 3-4 տարի է պետք, որ կարողանաքն ավելի մրցունակ դառնալ,դա կախված է նաեւ մեր սաների աշխատասիրությունից եւ նպատակասլացությունից: Մարզադպրոցն էլ իր ուժերի ներածին չափով օգնում է նրանց»:
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: