Նուր-Սուլթանում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի վարկանշային առաջնությունում Հայաստանի հավաքականը 2 մեդալ է նվաճել ու Օլիմպիական 2 ուղեգիր ապահովել:
Մեդալներից առաջինը նվաճել է մինչեւ 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, նա կանգնել է պատվոհարթակի 3-րդ աստիճանին: Ըմբիշը Mediamax Sport-ին պատմել է առաջնությունում պայքարի ու դժվար տրված մեդալի մասին:
Այս Աշխարհի առաջնությունն ինձ համար բարդ ստացվեց, չնայած չեմ հիշում մի մրցում, որ հեշտ լիներ: Ելույթս լավ եմ գնահատում, բայց ավելին էլ կարող էի: Մյուս անգամ կփորձեմ այլ հարկի մեդալ նվաճել:
Բրոնզե մեդալը տրվեց շատ դժվար պայքարում, մրցակիցներս ուժեղ էին ու ծանր գոտեմարտեր ունեցա: Որեւէ մեկն առանձնացնել չեմ կարող, քանի որ բոլորում էլ համառ պայքարում կարողացա շրջանցել մրցակիցներին:
Նվաճած մեդալից հետո զգացողություններս անբացատրելի են, որովհետեւ շատ էի ցանկանում մեծահասակների պայքարում Աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունում մեդալ ունենալ:
Լուսանկարը` UWW
Ինձ շատ են ասել, որ անհարմար մրցակից եմ, քանի որ բարձրահասակ եմ, բայց ուզում եմ ասել, որ ինձ համար էլ դժվար է ցածրահասակների հետ գոտեմարտել: Նրանք էլ իրենց առավելություններն ունեն: Ուղղակի երբ ճիշտ եմ օգտագործում հնարավորություններս, ստացվում է հաղթել:
Ղազախստան էի մեկնել Աշխարհի չեմպիոն դառնալու համար, բայց բրոնզե մեդալ նվաճեցի, ուրեմն դրան էի արժանի: Հետագայում շատ կաշխատեմ ու ամեն ինչ կանեմ, որ հասնեմ նպատակիս`Աշխարհի ոսկե մեդալակիր դառնամ:
Մարզիչները գոհ են իմ ելույթից, ես էլ ուրախ եմ, որ մեդալ ունեմ, բայց գիտակցում եմ սխալներս ու եթե մեկ քայլ ավելի ճիշտ անեի, եզրափակչում հանդես կգայի: Բայց բրոնզ ունեմ, ինչի համար շնորհակալ եմ մարզիչներից ու իմ ընկերներից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: