19-ամյա Արսեն Հարությունյանն անկրկնելի Եվրոպայի առաջնություն է անցկացրել Բուխարեստում ու ոսկե մեդալակիր դարձել:
Իր առաջին իսկ մեծահասակների ԵԱ-ում ազատ ոճի ըմբիշը փայլել է բոլոր գոտեմարտերում: Եզրափակչի հենց մեկնարկում 0:8 հաշվով զիջելով մրցակցին՝ նա չի հանձնվել, կամային ու ֆիզիկական հիանալի տվյալներ է ցույց տվել ու 17:11 հաշվով հաղթել վրացի Բեկա Լոմտաձեին:
Հաղթանակից հետո Հարությունյանը խոսել է Mediamax Sport-ի հետ ու պատմել ԵԱ-ում իր անցած ուղու ու ունեցած դժվարությունների մասին:
Դեռ լիովին չեմ զգում, թե ինչպիսի արդյունքի եմ հասել, չեմ հասկանում, որ մեծահասակների Եվրոպայի չեմպիոն եմ: Երեւի այդ ամենն ավելի լավ կզգամ, երբ վերադառնամ Հայաստան:
Բոլոր գոտեմարտերում էլ գորգ դուրս գալուց առաջ գիտեի, թե ինչպես եմ գործելու, հստակ մարտավարություն ունեի: Մեկնարկում հոգնեցնում էի մրցակիցներիս ու 2-րդ մրցափուլում անցնում վճռական գործողությունների:
Եզրափակչում ամեն ինչ մի փոքր այլ կերպ ընթացավ, չէի սպասում, որ Լոմտաձեին 8 միավոր կտամ, բայց հետո հավաքվեցի ու անցա պլանիս իրագործմանը:
Բայց ամենադժվար հանդիպումն ինձ համար կիսաեզրափակչում էր ռումինացի Նիկոլայ Օխլոպկովի հետ: Առաջնությունն իրենց երկրում է անցկացվում, կարծում էի կօգնեն նրան, ու ես կպարտվեմ: Բայց մինչեւ վերջ պայքարեցի:
Երիտասարդական հավաքականի մարզիչներն ինձ ասել էին, որ անպայման պետք է հաղթեմ: Ինձ շատ է օգնել իր խորհուրդներով նաեւ Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը: Նա ասել էր գորգ դուրս գամ ու անեմ այն, ինչի համար եկել եմ: Շնորհակալ եմ Ամոյանին միշտ կողքիս լինելու ու ինձ աջակցելու համար:
Այնքան շնորհավորանքներ եմ ստացել, որ չեմ էլ հասցրել բոլորին պատասխանել: Նույնիսկ ընտանիքիս հետ չեմ դեռ խոսել:
Հաջորդ նպատակս կրկին հաղթելն է, կապ չունի ինչ մրցումներում հանդես կգամ՝ երիտասարդական մրցաշարերում, թե մեծահասակների: Որտեղ մարզիչներն ինձ տեսնեն, այնտեղ էլ կպայքարեմ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: