Հայաստանի ըմբշամարտի հավաքականները, որոնք վերջերս են մասնակցել Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությանը, այսօր հանդիպել են լրագրողների հետ:
Ազատ ոճի ըմբշամարտի ընտրանու գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը, որի յոթ մարզիկներից երկուսը մեդալակիր են դարձել, ելույթները լավ է գնահատում:
«Վոլոդյա Ֆրանգուլյանը գերազանց գոտեմարտեր անցկացրեց ու դարձավ ոսկե մեդալակիր: Մինչ այդ էլ նա Բելառուսում Մեդվեդի մրցաշարին էր մասնակցել ու կրկին լավ էր հանդես եկել: Այս անգամ էլ նա չորս գոտեմարտում վստահ հաղթանակներ տարավ: Զուտ մրցակցային առումով տպավորիչ էր թուրք ըմբիշի դեմ գոտեմարտը: Նրանից Վոլոդյան անցած տարի պարտություն էր կրել, բայց այս անգամ ինքն ավելի ուժեղ էր»,- ասել է Բաղդադյանը:
Մարզիչը վերլուծել է նաեւ Գրիգոր Գրիգորյանի ելույթը, որը ԵԱ-ում կանգնել էր պատվոհարթակի երկրորդ աստիճանին: Գրիգորյանը երեք վստահ հաղթանակներ է տարել ու զիջել միայն եզրափակչում. «Գոտեմարտն ավարտվեց 1:1 հաշվով, բայց քանի որ Գրիգորը նկատողություն ուներ, պարտություն գրանցեցին նրա հաշվին: Բացի այդ էլ նա վնասվածք ուներ ու համատեղում էր մարզումն ու բուժումը»:
Իրենց տպավորություններով կիսվեցին նաեւ ազատ ոճի ըմբիշները:
«Մեր խմբում ուժեղագույններն էին հավաքվել, բայց ամենադժվարը թուրքի դեմ հանդիպումն էր: Նա շատ լավ էր պատրաստված, բայց կարողացա հավաքվել ու հաղթել: Եզրափակչում ավելի վստահ էի ուժերիս, բայց չէի թերագնահատում մրցակցին: Նրան ոչ մի շանս չտվեցի ու դարձա չեմպիոն, ինչի համար շատ ուրախ եմ»,- նշել է Վոլոդյա Ֆրանգուլյանը:
«Վնասվածքի պատճառով Բելառուսից եկա Հայաստան ու ինչքան կարողացա արագ բուժեցի վնասվածքս: Եզրափակչում շատ էի ուզում հաղթել, որովհետեւ նախորդ տարի մեծահասակների Եվրոպայի առաջնությունում երկրորդ տեղն էի ընկել, այս անգամ ուզում էի հաղթող լինել: Ցավոք, չստացվեց, կփորձեմ հաջորդ անգամ»,- ավելացրել է Գրիգոր Գրիգորյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: