Հուլիս 04, 2025
exclusive
126 դիտում

Երեւանը պատրաստ է բասկետբոլի Մ-20 տ․ ԵԱ-ին․ Մեր երկիր կժամանեն 21 երկրի հավաքականներ


Լուսանկարը` Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա

Լուսանկարը` Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա

Լուսանկարը` Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա

Լուսանկարը` Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա


Հուլիսի 11-20-ը Երեւանն ընդունելու է բասկետբոլի մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։

Հայաստան են ժամանելու 21 երկրի հավաքականներ, որոնք պայքարելու են լավագույնի կոչման համար։ 

Բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը Mediamax Sport-ի հետ զրույցում նշել է, որ առաջնության ընդհանուր բյուջեն չի գերազանցում 1 մլն դոլարը։ Այդ գումարից շուրջ 250 հազարը ծախսվել է գույքի ձեռքբերման համար։

Լուսանկարը` Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա


«Բասկետբոլի ֆեդերացիան առաջնությունը կազմակերպում է պետության աջակցությամբ, առանց որի հնարավոր չէր լինի։ Գումարն իրականում շատ համեստ է, որովհետեւ նման մասշտաբի միջոցառում կազմակերպելն ավելի շատ ներդրումներ է պահանջում։ Թիմային մարզաձեւերի պայքարում այսպիսի խոշոր մրցաշար Հայաստանում առաջին անգամն է լինելու։ Մեր առաջարկով ամեն բան օպտիմալ միջոցներով ենք կազմակերպում եւ անհասկանալի ճոխ ծախսեր չեն արվել։ 

Մեր առաջարկն էր, որ գումարը ծառայի գույքի ձեռքբերման վրա։ Առաջնության անցկացման գլխավոր շարժառիթներից մեկը եղել է այն, որ դահլիճները կահավորվեն։ Դա միայն նպաստելու է բասկետբոլի զարգացմանն ու մնալու է մեր սերունդներին։

Մարզահամերգային համալիրում ու «Միկա»-ում արդեն տեղադրվել են լուսատախտակներ, զամբյուղներ իրենց կանգնակներով։ «Միկա»-ում փոխվել է հատակը, վերանորոգվել են հանդերձարանները։ Երբ տարիներ առաջ փոխեցինք համալիրի հատակը, ազգային հավաքականը սկսեց այնտեղ խաղալ, ինչը շատ նպաստեց աշխուժությանն ու բասկետբոլի նկատմամբ հետաքրքրության ավելացմանը։ Այս առաջնությունը թույլ է տալիս լավացնել մեր ենթակառուցվածքները ու ներդրում անել սպորտի զարգացման մեջ։ 

Լուսանկարը` Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա


Մոտ 80 խաղ կկայանա։ Հայաստան են ժամանելու 40 մրցավար, բնականաբար ողջ աշխատանքներն անում ենք բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի համակարգմամբ։ Տոմսերի վաճառք է ընթանում, բոլոր խաղերը հեռարձակվելու են ՖԻԲԱ-ի յութուբյան ալիքում։ Ասեմ, որ սկաուտների մեծ խումբ է ժամանելու, նրանց թվում մարդիկ կան նաեւ NBA-ից։  

Հայաստանի հավաքականը հանդես է գալու Փիթ Դոմինգեսի գլխավորությամբ, որը հայկական բասկետբոլում նոր մարդ չէ ու լավ է ճանաչում խաղացողներին։ Նա երեք տարի է ընդգրկված է ազգային թիմի մարզչական շտաբում ու նաեւ մասնակցություն է ունեցել փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում հաղթանակ տոնելուն։ 

Մինչեւ 20 տարեկանների թիմն արդեն ընկերական հանդիպումներ է անցկացնում, դրանց արդյունքներով մարզիչը վերջնական որոշում կկայացնի ու կընտրի այն 12 բասկետբոլիստին, ովքեր էլ կընդգրկվեն ԵԱ-ի խաղերին մասնակցողների կազմում։

Լուսանկարը` Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա


Մինչեւ 20 տարեկան բասկետբոլիստները մեր հավաքականի ապագան են, նրանց հաջող ելույթներն անչափ կարեւոր են, քանի որ 4-5 տարի անց հենց իրենք են ներկայացնելու ազգային թիմը։ Այս տղաների մի մասը նոյեմբերին ազգային հավաքականի կազմում կմասնակցի Եվրաբասկետի նախընտրական փուլին։

Մ-20 տ․ ԵԱ-ում ուժեղ թիմեր են ընդգրկված, մեր խումբն էլ շատ հզոր է ստացվել։ Լատվիան, օրինակ, NBA-ի խաղացողներ ունի, Մոնտենեգրոն եւ Էստոնիան նույնպես ԱՄՆ-ում խաղացող տղաներ ունեն։ Սա մեզ համար մեծ փորձություն է լինելու։

Եթե մեր հավաքականը տեղ գտնի լավագույն տասնյակում, ապա շատ լավ արդյունք կլինի Հայաստանի համար։ Վստահ եմ, որ տղաներն ամեն ինչ կանեն, որ արդարացնեն երկրպագուների սպասելիքները»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին