Հուլիս 30, 2025
226 դիտում

Տալախաձե. Բարձր պահեք նշաձողն ամեն վարժության ժամանակ ու ողջ կյանքի ընթացքում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` EWFED

Լուսանկարը` EWFED


Մադրիդում շարունակվում է ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը, որին ներկա է նաեւ Աշխարհի, Եվրոպայի եւ Օլիմպիական չեմպիոն, Վրաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Լաշա Տալախաձեն:

Նա ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիայի հետ հարցազրույց է ունեցել, խոսել պատանի մարզիկների որակներից, նրանց խորհուրդներ տվել ու պատմել, թե ինչպես են պատրաստվում 2026-ի Եվրոպայի առաջնությանը:

«Իմ առաջին խոշոր միջազգային մրցաշարը եւս Իսպանիայում է եղել՝ Վալենսիայում: Հիշում եմ, թե որքան յուրահատուկ էր ամեն ինչ, չէ՞ որ առաջին անգամն էի ներկայացնում իմ երկիրը: Հաղթեցի այդ Եվրոպայի առաջնությունում ու ինձ համար ամեն ինչ ավելի հստակ դարձավ, որ ցանկանում եմ մնալ ծանրամարտում: Այս պատանի ծանրոդներից շատերի համար էլ սա որեւէ յուրահատուկ բանի սկիզբն է ու այդ ամենի ականատես դառնալն ինձ եւս մեկ անգամ հիշեցնում է, թե ինչու եմ սիրահարվել այս մարզաձեւին:

Այս երեխաները լի են էներգիայով, երազանքներով ու վճռականությամբ: Նրանց աչքերում նույն կրակն եմ տեսնում, ինչ ես ունեի: Բայց ես նաեւ տեսնում եմ մեր մարզաձեւի ապագան՝ ուժեղ, արագ ու նույնիսկ ավելի կարգապահ: Դա ինձ շատ մեծ հույսեր է ներշնչում: Նրանց անկեղծորեն մաղթում եմ հաջողություններով լի ճանապարհ, ուզում եմ ուժեղ եւ կենտրոնացած մնան ու վայելեն իրենց ճանապարհորդության ամեն պահը: 

Լուսանկարը` EWFED


Համբերատար եղեք ու հարգեք ողջ ընթացքը: Տաղանդը միայն սկիզբն է, բայց ավելի կարեւոր է, թե ինչ եք դուք անում, երբ ոչ ոք ձեզ չի հետեւում: Վստահեք մարզիչներին, լսեք ձեր մարմնին ու երբեք մի դադարեք հավատալ երազանքներին: Երբեք ձեռքբերումներով մի բավարարվեք ու միշտ ձգտեք ավելիին: 

Մարզական կյանքը շուտ է ավարտվում, երբ այդ պահը գալիս է, չեք ցանկանում ափսոսանքով հետ նայել ու մտածել, որ ամեն ինչ չեք տվել սպորտին: Տվեք ձեր ողջ ուժը հենց հիմա, որպեսզի հետագայում հպարտորեն կանգնեք ու մտածեք, որ ամեն ինչ եք արել հանուն հաջողության:

Եթե Մադրիդում հանդես եկող մարզիկներին մեկ միտք ասելու լինեմ, խորհուրդ կտամ բարձր պահեն նշաձողն ամեն իմաստով՝ ամեն վարժության ժամանակ, ամեն նպատակ հետապնդելիս ու ողջ կյանքի ընթացքում:

Ինքս մոտիվացիան չկորցնելու համար ինձ հիշեցնում էի, թե ինչից եմ սկսել: Ինձ շրջապատել էի մարդկանցով, որոնք հավատում էին ուժերիս: Իհարկե, ծանր օրեր էլ եղել են, բայց դա նույնպես ճանապարհի մի մասն է: Երբ ելույթներս հաղթանակած էի ավարտում, հասկանում էի, որ արժեր անցնել բոլոր զոհողությունների ու ցավի միջով: 

Լուսանկարը` EWFED


Ծանրամարտում վնասվածքները եւս քիչ չեն լինում, բայց դրանք բնավ էլ հանձնվելու պատճառ չեն: Հակառակը, դրանք պետք է ձեւավորեն ձեր բնավորությունը, ավելի ուժեղ դարձնեն ու սովորեցնեն դիմանալ: Ամեն խոչընդոտ աճելու հնարավորություն է: 

Անչափ ուրախ եմ, որ մյուս տարի Եվրոպայի առաջնությունը Բաթումիում է կայանալու: Դա առաջին խոշոր մրցաշարն է, որը կազմակերպելու ենք Վրաստանի ծանրամարտի ֆեդերացիան գլխավորելուց հետո: Պատրաստվում ենք ծանրորդների ու երկրպագուների համար անմոռանալի առաջնություն կազմակերպել»: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին