Հունիս 09, 2025
276 դիտում

IWF-ի անդրադարձը Սիմոն Մարտիրոսյանին․ Նա միակ հայ ծանրորդն է, որ Օլիմպիական երկու մեդալ ունի


Լուսանկարը` IWF


Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան այս տարի նշում է ժամանակակից ծանրամարտի 100 եւ ֆեդերացիայի ստեղծման 60-ամյակները։

Այդ կապակցությամբ կառույցը պարբերաբար անդրադառնում է տարբեր հիշարժան իրադարձությունների եւ դեմքերի։ Այս անգամ IWF-ն հոդված է ներկայացրել Սիմոն Մարտիրոսյանի մասին՝ ներառելով նաեւ անկախ Հայաստանի Օլիմպիական մեդալակիր դարձած ծանրորդներին։

«Սիմոն Մարտիրոսյանը միակ հայ ծանրորդն է, որը երկու մեդալ է նվաճել Օլիմպիական խաղերում։ Ծնվելով 1997-ին՝ դեռեւս պատանեկան տարիքում նա մասնակցել է Ռիոյի Օլիմպիական խաղերին ու նվաճել արծաթե մեդալ։ 105 կգ քաշային կարգում նա ցույց էր տվել երկամարտի 417 կգ արդյունք։ Դրանից ամսիներ առաջ Ֆյորդեի Եվրոպայի առաջնությունում նա երրորդն էր, իսկ 2014-ին ոսկե մեդալակիր էր դարձել պատանեկան Օլիմպիական խաղերում։

Ռիոյում գրանցած հաջողությունից հետո Մարտիրոսյանը շարունակեց իր առաջընթացը։ Նա 2018-ին ու 2019-ին հռչակվեց Աշխարհի չեմպիոն։ Իր երկրորդ Օլիմպիական խաղերում մասնակցում էր 109 կգ քաշային կարգում։ Տոկիոյում ցույց տվեց 423 կգ ու կրկին նվաճեց Օլիմպիական արծաթ։

Չանցնելով Փարիզի որակավորումը՝ նա կրկին փայլեց 2025-ին, երբ Եվրոպայի առաջնությունում դարձավ երկրորդը։ 2023-ին Աշխարհի առաջնությունում 4-րդն էր, բայց միջազգային հարթակում ցույց տվեց իր լավագույն արդյունքը՝ 450 կգ։  

Անկախացումից ի վեր Հայաստանի մարզիկները նվաճել են օլիմպիական 22 մեդալ, որոնցից 7-ը եղել են ծանրորդներ (5 արծաթ, 2 բրոնզ)։ Նման արդյունքով ծանրամարտը զիջում է ըմբշամարտին, որը Հայաստանին տվել է ՕԽ երկու ոսկե մեդալ։ 

Մարտիրոսյանից բացի Օլիմպիական մեդալներ նվաճած մյուս ծանրորդներն են Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը եւ Վարազդատ Լալայանը (բոլորն էլ արծաթ), Արսեն Մելիքյանն ու Գեւորգ Դավթյանը (երկուսն էլ բրոնզ)»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին