Հրաչյա Ռոստոմյանն որոշել է այլեւս չառաջադրվել ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածուի պաշտոնում։
Ֆեյսբուքում կատարած գրառման մեջ նա հայտնել է, որ վաղուց արդեն ժամանակն է նոր ծրագրով նոր դեմքեր հանդես գան։
«2016 թվականից ինչ-որ իմաստով ճակատագրի բերումով զբաղեցրել եմ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը։ Այն ժամանակ ֆեդերացիայի կողմից այդ առաջարկը մեծ հաշվով ինձ համար անսպասելի էր եւ պայմանավորված էր առկա որոշակի խնդիրներով։
Ընդունելով առաջարկը՝ չէի պատկերացնում, որ կարող է այսքան երկար ղեկավարեմ ծանրամարտի ֆեդերացիան։ Կար պատկերացում, որ մի կարճ փուլ խնդիրները կարգավորելուց, զարգացման ճիշտ հուն դնելուց հետո, ես կզիջեմ իմ տեղը, ու կկենտրոնանամ իմ հիմնական աշխատանքների վրա։ Բայց կյանքը գնաց այլ՝ իմ չպլանավորած ճանապարհով։
Շնորհակալ եմ ֆեդերացիայի բոլոր անդամներից, մարզիկներից, մարզիչներից, որոնց հետ մենք երկար աշխատել ենք՝ հասնելով զգալի արդյունքների։ Իսկ արդյունքներն իսկապես զգալի են, եւ դա մեր բոլորի համատեղ աշխատանքի պտուղն են։
2016-2024 թթ-ին մեր ծանրորդները նվաճել են ընդհանուր առմամբ 821 մեդալ, որից ոսկի՝ 327, արծաթ՝ 246, բրոնզ՝ 248։ Այս ցուցանիշը պատիվ կբերի աշխարհի յուրաքանչյուր հզոր եւ զարգացած պետության։
Այդ ժամանակահատվածում բոլոր մարզաձեւերում Հայաստանի մեդալների 38 տոկոսը բերել են հենց ծանրորդները։ Ունեցել ենք օլիմպիական 4 մեդալ։
Հայաստանում առկա է ծանրամարտի լրջագույն, փառահեղ ավանդույթներով դպրոց, որի պահպանումը եւ զարգացումը կարեւորագույն խնդիր է»,- գրել է ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: