ԿԳՄՍ-ի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի երիտասարդական հավաքականի ծանրորդներին, ովքեր Իսպանիայում կայացած Աշխարհի առաջնությունում 1 ոսկե եւ 3 բրոնզե մեդալ են նվաճել:
Չեմպիոնի կոչումը նվաճել է Էմմա Պողոսյանը, իսկ Աննա Ամրոյանը, Ալեքսանդրա Գրիգորյանն ու Աշոտ Մովսիսյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ:
«Ձեր հաղթանակները բոլորիս համար ոգեւորության եւս մեկ առիթ էին: Վստահ եմ՝ սա ձեր ճանապարհի սկիզբն է: Ձեր ցույց տված արդյունքները բոլորիս վստահություն են ներշնչում, որ առաջ եք գնալու՝ նոր հաջողություններ գրանցելով հետագայում»,- ասել է Անդրեասյանը:
Նախարարն անդրադարձել է Հայաստանի կանանց հավաքականի ելույթներին եւ վստահություն հայտնել, որ նրանց օրինակը ոգեւորող է լինել. «Շատ ենք խոսում այն մասին, որ պետք է կանանց ու աղջիկներին խրախուսենք ավելի շատ զբաղվել սպորտով եւ ամեն անգամ նման հաջող ելույթներից հետո վստահ եմ՝ մեր երեխաների մոտ սպորտով զբաղվելու եւ առաջ գնալու ցանկություն է առաջանում: Ուրախ եմ, որ ունեցել եք ծանրամարտով զբաղվելու հաստատակամություն ու ձեր մարզիչների հետ նշանակալի արդյունքներ եք գրանցում»:
Նա խոսել է նաեւ Աշոտ Մովսիսյանի բրոնզե մեդալի մասին ու այն կարեւորել սերնդափոխության տեսանկյունից. «Ծանրամարտում ունենք լավ ավանդույթներ, ուրախ եմ, որ լավ արդյունքներ ենք գրանցում ոչ միայն մեծահասակների, այլեւ՝ երիտասարդական թիմերում»,- ավելացրել է Անդրեասյանը:
Ծանրորդները հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 4-ը Լեհաստանում մասնակցելու են մինչեւ 20 ու 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: Հայաստանը մրցավայր է մեկնելու 34 ծանրորդով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: