Նոյեմբեր 22, 2024
exclusive
1422 դիտում

Սամվել Գասպարյան. Կարիերաս ավարտում եմ ծնկիս վնասվածքի պատճառով


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` EWFED

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` անձնական արխիվից


Հանգստյան օրերին Գյումրիում կայացել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սամվել Գասպարյանի հարսանիքը, որի ընթացքում 27-ամյա ծանրորդը հայտնել է կարիերան ավարտելու մասին:

Mediamax Sport-ի հետ զրույցում նա նշել է սպորտը թողնելու իրական պատճառներն ու ասել, թե ինչով է ցանկանում զբաղվել հետագայում:

«Ծանրամարտը թողել եմ վնասվածքի պատճառով: Երրորդ անգամ եմ ծնկի վիրահատության ենթարկվել ու ոտքս այնքան էլ լավ վիճակում չէ: Բժիշկ Սերգեյ Հովհաննիսյանն ամեն ինչ արել է, որ կարողանամ սպորտ վերադառնալ, պարզապես ծնկահոդի ցավերը շարունակ հետապնդում էին ինձ:

Մրցումների ժամանակ մշտապես ցավեր եմ ունեցել եւ չէի ցանկանա այդ ամենը նորից կրկնվի: Սպորտում նպատակներս ու ցանկություններս շատ մեծ են եղել, սակայն իրավիճակը ռեալ եմ գնահատում եւ հասկանում, որ հետագայում կարող են լուրջ առողջական խնդիրներ առաջանալ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Որոշումը կայացնելուց առաջ երկար եմ մտածել եւ ամեն ինչ ծանրութեթեւ արել: Թեեւ թողնում եմ ծանրամարտը, սակայն հետագայում էլ կփորձեմ մնալ սպորտում:

Արդեն իսկ աշխատանքային տարբեր առաջարկներ եմ ունեցել, այդ թվում՝ Հայաստանի պատանիների հավաքականի 2-րդ մարզչի պաշտոնը զբաղեցնելու: Բայց մարզիչ դառնալու համար նախ եւ առաջ սեփական սաներն է պետք ունենալ եւ փորձ կուտակել: Ինձ չեմ թերագնահատում, որպես մարզիկ մեծ փորձ ունեմ եւ կարող եմ ճիշտ խորհուրդներ տալ, սակայն հավաքականում լինելը մեծ պատասխանատվություն է ու դրան հասնելու համար ժամանակ է պետք:

Առաջիկայում ԿԳՄՍ-ի սպորտի քաղաքականության վարչությունում գլխավոր մասնագետի թափուր աշխատատեղի համար մրցույթ է լինելու, դրան եմ մասնակցելու: Աշխատանքի անցնելու դեպքում կփորձեմ բարձրաձայնել մարզիկների խնդիրների մասին ու օգնել մեր սպորտը ուրիշ մակարդակի հասցնել:

Երբ ինքս էլ ծանրամարտով էի զբաղվում, հասկանում էի, որ մեր խնդիրները նախ ինքներս պիտի արտահայտենք, սեփական խոսքը լսելի դարձնենք, որպեսզի դրանք լուծումներ ստանան:

Լուսանկարը` EWFED


Կարիերայիս ընթացքում բազմաթիվ մրցաշարերի եմ մասնակցել, բոլորն էլ իրենց հետքն են թողել՝ դասեր են տվել ու օգնել սպորտում եւ կյանքում սխալներս շտկել:  Ամենատպավորիչն ու անմոռանալին երեւանյան Եվրոպայի առաջնությունն է, թեեւ իմ քաշային կարգում չմասնակցեցի ու պայքարն էլ շատ թեժ չէր, բայց իմ մոտեցումներով փորձեցի այն հետաքրքիր ու դիտարժան դարձնել:

Ափսոսում եմ, որ երկու աշխարհի առաջնություններում՝ 2021-ին Ուզբեկստանում եւ 2022-ին Կոլումբիայում, ոսկին ձեռքիցս բաց թողեցի ու չկարողացա հաղթել: Այդ մրցումներից շատ դասեր եմ քաղել:

Բնականաբար, շատ եմ ցանկացել մասնակցել Օլիմպիական խաղերի ու մեդալ նվաճել: Երբ 102 կգ քաշային կարգն Օլիմպիական դարձավ, միակ նպատակս էր ուղեգիր ապահովել: Մարդիկ չարաչար սխալվում են, որ միայն Օլիմպիական ոսկին է կարեւոր, բոլոր մեդալներն էլ առանձնահատուկ են եւ քո կյանքի նվաճումներն են:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ես էլ նպատակ ունեի Օլիմպիական մեդալ ունենալ, որպեսզի այդքան թափած քրտինքն ապարդյուն չլինի: Ոչ թե թույլ եմ եղել, այլ հանգամանքներն են այդպես դասավորվել: Ցավոք, ժամանակին առողջությանս չեմ հետեւել ու նման խնդիրներ են առաջացել:

Խաղերից առաջ ես ու Գարիկ Կարապետյանը հավասար արդյունքներ ենք ցույց տվել, պարզապես վնասվածքն ինձ շատ խանգարեց: Կարող էի ես մեկնել խաղեր ու նույն արդյունքը գրանցել կամ էլ չեմպիոն դառնալ, սպորտում ամեն ինչ էլ լինում է: Փարիզ չմեկնելու համար չեմ տխրել, հակառակը՝ հավաքների ժամանակ իմ խորհուրդներով փորձել եմ օգտակար լինել ու քաջալերել Գարիկին, որպեսզի լիարժեք ու լավ հանդես գա: Շատ եմ ցանկացել մեր թիմն ամենաուժեղը լինի:

Սկզբում վիրահատությունից հետո մտածում էի, որ անպայման կվերադառնամ սպորտ, սակայն հասկացա, որ ցավերը ոչ մի տեղ էլ չեն անհետանալու ու անդադար հետապնդելու են ինձ, չարժե ռիսկի դիմել: Եղել են մարզիկներ, Նազիկ Ավդալյանն էլ այդ թվում, որ կարողացել են վնասվածքներից հետո մեդալներ նվաճել, սակայն սպորտից հետո էլ կյանք կա:

Կարիերան կարճ է տեւում ու պիտի կարողանաս համակերպվել դրա ավարտի հետ: Կաշխատեմ կենտրոնանալ այն բնագավառի վրա, որով զբաղվելու եմ ու էլի ինձ լավագույնս դրսեւորել:

Լուսանկարը` անձնական արխիվից


Օրեր առաջ հարսանիքս էր, որը հիանալի անցավ: Ներկա էին մանկության ու սպորտային ընկերներս եւ ուրախությունս նրանց հետ կիսեցի:

Վաղուց էինք ուզում հարսանիքն անել, սակայն այն հետաձգվում էր Օլիմպիական խաղերի պատճառով, երբ դրանք բաց թողեցի, որոշեցի հիմա ամուսնանալ:

Կինս՝ Նատալին էլ Գյումրիից է, սովորում է բժշկական համալսարանում եւ ապագա ատամնաբույժ է: Նրան քրոջ հարսանիքին եմ տեսել եկեղեցու մոտ, հետագայում ծանոթացել ենք ու իրար ավելի լավ հասկացել:

Նատալին ինձ շատ է քաջալերել եւ օգնել հասնել հաջողությունների: 2021-ի Մոսկվայի Եվրոպայի առաջնության ժամանակ էլ, Երեւանում էլ կողքիս էր, երկու դեպքում էլ չեմպիոն հռչակվեցի:

Շատերը պնդում են, որ սերը խանգարում է մարզիկներին, սակայն հակառակը կպնդեմ: Եթե սերը չլինի, չեն լինի նաեւ հաջողությունները, այն ոգեշնչում է, որ ավելիին ձգտես»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին