Ապրիլ 17, 2024
exclusive
7364 դիտում

Հայաստանի կանանց ընտրանին չի մասնակցի ՕԽ-ին․ Գլխավոր մարզիչն ամփոփել է ԵԱ-ն


Լուսանկարը` IWF

Լուսանկարը` Markus Koch

Լուսանկարը` Markus Koch

Լուսանկարը` Weightlifting house


Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականը Եվրոպայի առաջնությունում հանդես եկավ հինգ մասնակցով, որոնցից երկուսը դարձավ մեդալակիր։

2016 թվականից հետո առաջին անգամ ԵԱ-ում կանանց թիմն ունեցավ չեմպիոն։ 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը կանգնեց պատվոհարթակի առաջին աստիճանին, իսկ 36-ամյա Հռիփսիմե Խուրշուդյանը՝ երրորդ։

Mediamax Sport-ը թիմի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի հետ ամփոփել է առաջնությունը։

Լուսանկարը` Markus Koch


«Մենք պատրաստվում էինք Օլիմպիական խաղերին, բայց, ցավոք, չկարողացանք համապատասխան վարկանշային միավորներ վաստակել ու բաց կթողնենք Փարիզի խաղերը։ Մարտի 31-ին մեկնարկող Թաիլանդի Աշխարհի վարկանշային գավաթին չենք մասնակցի, որովհետեւ անիմաստ է։  

Ֆեդերացիայում որոշեցինք այդ գումարը ներդնել Աշխարհի առաջնությանն, ինչպես նաեւ պատանեկան ու երիտասարդական առաջնություններին նախապատրաստվելու համար: Մեր երիտասարդները մրցակցային կիլոգրամներ են բարձրացնում, լավ սերունդ ունենք, հարկավոր է նրանց  շուրջ կառուցել ապագա թիմն ու պատրաստվել հաջորդ Օլիմպիական խաղերին։

Լուսանկարը` Markus Koch


Ասեմ, թե ինչու չկարողացանք նվաճել Փարիզի ուղեգրեր։ 2016 թվականից հետո մեր փորձառու մարզիկները հեռացան ծանրամարտից ու մնացին երիտասարդները։ Այսօր մեծահասակների թիմում երեք մարզուհի կա՝ Իզաբելա Յայլյան, Տաթեւ Հակոբյան եւ Հռիփսիմե Խուրշուդյան, այս թիվը շատ քիչ է մրցակցություն ապահովելու համար։ Օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու համար հարկավոր է մեծ թիմ ունենալ ու որեւէ մեկի վրա չդողալ, համարժեք փոփոխություններ կատարելու հնարավորություն ունենալ։

Իզաբելան ձեռքի վիրահատության էր ենթարկվել ու խնդիրներ եղան ծանր կիլոգրամներ բարձրացնելու հետ կապված։ Հռիփսիմեն շուտով 37 տարեկան կլինի ու 25 տարի անդադար ծանրամարտով է զբաղվում, հնարավոր չէ վնասվածքներից զերծ մնալ։ Լիանան ու Տաթեւը եւս տարբեր խնդիրներ ունեն։

Լուսանկարը` Weightlifting house


Ալեքսանդրա Գրիգորյանը շատ երիտասարդ է, սակայն չեմպիոնությունը պատահական չէր։ Մարզումների ժամանակ տեսնում էինք, որ պատրաստ է։ Էմմա Պողոսյանն ու Աննա Ամրոյանը եւս կարող էին պայքար ծավալել ԵԱ-ում, բայց դեռ երիտասարդ են, չեմ ցանկանում նրանց շատ ծանրաբեռնել։ Այս տարի արդեն մինչեւ 20 տարեկանների մրցումներում հանդես կգան, քիչ-քիչ կաճեն ու կհամալրեն մեծահասակների թիմը։ Նրանց շուրջ էլ կկառուցվի այն հավաքականը, որը կպատրաստվի 2028-ի խաղերին։

Հռիփսիմեի կարիերան ավարտելու մասին կասեմ հետեւյալը՝ միգուցե որպես մարզիչ ցանկանում եմ, որ շարունակի ելույթները, բայց որպես մարդ՝ կուզեմ արդեն թողնի։ Նա իսկական առաջատար է, եթե զգանք, որ պատրաստ է Աշխարհի առաջնությանը, կարող է եւ մասնակցել»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին