Ապրիլ 23, 2024
3419 դիտում

Ալավերդյանի դժգոհությունը. Սննդի գումարը քիչ է, մարզաբազան չի ծառայում հայկական սպորտին


Լուսանկարը` Մեդիամաքս


Այսօր տեղի է ունենում «Հայաստանի լավագույն մարզիկ» մրցույթի քվեարկությունը:

Ասուլիսով հանդես է եկել ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն ու ասել, որ սպորտային ձեռքբերումների առումով տարին հաջողված է:

Ըստ նրա՝ հայ մարզիկներն այս տարի միջազգային մրցաշարերից վերադարձել են 300-ից ավել մեդալով, որոնցից 104-ը ոսկե: Գիլոյանն ընդգծել է, որ 2023-ին եւս ձգտելու են լուծել սպորտում առկա խնդիրներն ու հնարավորինս լավ պատրաստված մոտենալ Փարիզի Օլիմպիական խաղերին:

Ասուլիսին ներկա է եղել նաե ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, որն արտահայտել է իր դժգոհությունը:

«Հավաքի ժամանակ սննդի համար տրամադրվում է օրական 4200 դրամ, ինչպե՞ս պետք է տոննաներ բարձրացնող մարզիկը այդքան քիչ գումարով սնվի: Ներկայացրել ենք, որ Աշխարհի առաջնությունը Բոգոտայում է ու մարզվելու համար բարձրադիր վայր է պետք՝ Ծաղկաձորը: Մեզ պատասխանել են, թե այնտեղ Մոսկվայից եկած թենիսիստներ են պարապում, տեղ չունեն ու չեն կարող ընդունել: Կառավարությունը պետք է տեղյակ լինի, որ սեփականատերը պարտավոր է առաջին հերթին կառույցը ծառայեցնել հայկական սպորտին»,-ասել է Ալավերդյանը:

Գիլոյանն այսպես է արձագանքել գլխավոր մարզչին. «Պարոն Ալավերդյանի այս նկատառումը շատ լուրջ է եւ լուծման կարիք ունի: 4200 դրամը պայմանական է, որովհետեւ ամեն կառույց ինքն է որոշում այդ չափը: Կառավարությունը հավաքների համար օրական մեկ անձի համար տրամադրում է 9800 դրամ, ինչը շատ քիչ է եւ 2001 թվականից չի փոխվել: Ծրագրում ենք ավելացնել այդ գումարն ու հասցնել 15000-ի: Դա կարվի ոչ թե ֆեդերացիայի, այլ պետբյուջեի հաշվին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին