Ապրիլ 26, 2024
exclusive
3670 դիտում

Ռոստոմյան. Ֆեդերացիան չի պատրաստվում քննարկել Փաշիկ Ալավերդյանի հեռանալու հարցը


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` EW FED

Լուսանկարը` Անձնական արխիվից


Հայաստանի ծանրամարտի հավաքականը Բոգոտայում կայացած Աշխարհի առաջնությունում 2 մեդալ է նվաճել:

Սամվել Գասպարյանն (102 կգ) ու Վարազդատ Լալայանը (+109 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ: Mediamax Sport-ի հետ հավաքականի ելույթներն ամփոփել է ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:

«Աշխարհի առաջնությունում հանդես ենք եկել 5 Օլիմպիական քաշային կարգերից երեքում ու երկուսում մեդալ նվաճել, ինչը լավ արդյունք է: Վարազդատ Լալայանը պատրաստ էր անգամ չեմպիոնության, սակայն շփոթվեց ու չէր հավատում, որ կարող է հաղթել Լաշա Տալախաձեին: Բայց նրա բարձրացրած կիլոգրամները հույս են տալիս, որ հետագայում էլ ավելի լավ է ելույթ ունենալու:

Լալայանը պետք է մինչեւ 2024-ի խաղերը ամեն վարժությունում 5-ական կիլոգրամ ավելացնի ու համոզված եմ, որ 2 տարվա ընթացքում հսկայական աճ կարձանագրի: Լալայանը քրտնաջան աշխատում է ու անընդհատ ավելացնում երկամարտի իր արդյունքը:

Լուսանկարը` EW FED


Մինչ առաջնությունն էլ նշել էի, որ Սիմոն Մարտիրոսյանն այս անգամ ուղղակի մասնակցելու է, որպեսզի կարողանա պայքարել Օլիմպիական միավորների համար:  Նրա պոտենցիալը գիտեն ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ողջ ծանրամարտի աշխարհում: Սիմոնը եւս հետագայում դեռ ցույց կտա, թե ինչի է ընդունակ:

Ինչ վերաբերվում է տղամարդկանց ընտրանու գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի այն հայտարարությանը, թե պատրաստ է հեռանալ, ֆեդերացիայի օրակարգում նման հարց չկա ու չենք էլ քննարկելու: Նրան հունից հանել են տարբեր խոսակցություններ, բայց մենք չենք պատրաստվում մարզչի փոփոխություն կատարել: Միայն Ալավերդյանի հեռանալու ցանկությունը քիչ է:

Կանանց հավաքականի հետ կապված վերապահումներ են եղել օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով: Մի շրջան կար, որ մոտ 10 տարվա ընթացքում սերունդների միջեւ կապը կտրվեց: Ի տարբերություն տղամարդկանց, ովքեր բոլոր տարիքային թիմերում մեդալներ էին նվաճում, կանանց մոտ սերնդափոխությունը խախտվեց:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Հռիփսիմե Խուրշուդյանից ու Նազիկ Ավդալյանից հետո մի քանի տարի կանանց ծանրամարտը կորավ, հիմա նորից պատանեկան ու երիտասարդական տարիքային խմբերում նվաճումներ ունենք: Այսօր դեռ այդ ցիկլի մեջ չենք, բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ հունի մեջ կընկնի:

Բավական ուժեղ մարզուհի ունենք՝ Լիանա Գյուրջյանը պատանիների ու երիտասարդների պայքարում հնարավոր մեդալները նվաճել է, ժամանակ է պետք, որ մեծահասակների թիմում էլ հաստատվի: Նախատեսում ենք, որ Փարիզում 2-3 կին ծանրորդ կունենանք:  

Հիմա ծանրամարտի ֆեդերացիայի առաջնային խնդիրը 2024-ի ապրիլին Երեւանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելն ու այն բարձր մակարդակով կազմակերպելն է»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին