Օգոստոս 18, 2022
1456 դիտում

Փաշիկ Ալավերդյան. Մեր թիմում պատահական մարդիկ չկան


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ծանրամարտի հավաքականներն այսօր գիշեր Տիրանայից վերադարձել են Երեւան, որտեղ մասնակցում էին Եվրոպայի առաջնությանը:

Տղամարդկանց ընտրանու գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իր թիմի 10 մասնակցից 7-ը երկամարտի արդյունքներով մեդալներ են նվաճել, իսկ ընդհանուր առմամբ Հայաստանն ունի 19 մեդալ: Թիմային հաշվարկով Հայաստանի ընտրանին 2-րդն է:

«Չեմպիոններ դարձան Ռաֆայել Հարությունյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը, փոխչեմպիոններ՝ Արա Աղանյանը, Սամվել Գասպարյանը եւ Վարազդատ Լալայանը, իսկ երրորդ տեղը գրավեցին Արսեն Մարտիրոսյանը եւ Գոռ Մինասյանը։

Թեեւ նրանք երիտասարդ են, բայց մեծ փորձ ունեն: Պատահական մարդիկ մեր թիմում չկան: Շատ շնորհակալ եմ իրենցից, որ կարողացան այսպիսի արդյունքներ գրանցել:

Միանշանակ, անելիքներ շատ կան, որոշները պետք է կիլոգրամներն ավելացնեն, մյուսներն ավելի բարձր տեղեր գրավեն:

Մոտ մեկ ամիս տղաներին հանգիստ կտանք, երեւի հուլիսի կեսերից նորից կվերսկսենք հավաքները: Աշխարհի առաջնությունն ընդունելու է Բոգոտան, կարծում եմ, որ այնտեղ հանդես կգանք 6-7 ծանրորդով:

ԱԱ-ն վարկանշային է լինելու, պետք է արդեն սկսենք պայքարն Օլիմպիական խաղերի համար: Մենք Փարիզում մասնակցելու ենք 3-ական ծանրորդով: Երեւի 89, 102 եւ +109 կգ քաշային կարգերի մեր տղաները մոտ կլինեն մեդալների»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին