Օգոստոս 18, 2022
exclusive
1540 դիտում

Արտաշես Ներսիսյան. Եթե Խուրշուդյանին չվստահեի, չէի թողնի մարզադահլիճ մտնի


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մայիսի 28-ին Տիրանայում մեկնարկող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը շատ քիչ ժամանակ է մնացել:

Հայաստանի կանանց հավաքականը վերջին մարզումներն անցկացնում է Օլիմպավանում: Մրցաշարում հանդես են գալու Իզաբելա Յայլյանը (55 կգ), Տաթեւ Հակոբյանը (76 կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ):

Հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը Mediamax Sport-ին պատմել է աղջիկների տրամադրվածության, մեդալների համար պայքարի ու Խուրշուդյանի վերադարձի մասին:

«Մեր վերջին հավաքն է, ամեն ինչ բնականոն հունով է անցնում: Հռիփսիմեն իր մասին մոտ 15 օրից կխոսի: Ուրախ եմ, որ ունենք նման նվիրված մարզուհիներ, ովքեր ամուսնությունից ու 2 երեխա ունենալուց հետո դեռ ցանկանում են վերադառնալ սպորտ ու պայքարել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Եթե չվստահեի նրան, չէի թողնի մտնի մարզադահլիճ, քանի որ վերադառնալը մեկ բան է, իսկ ծանրաձող բարձրացնելը՝ մեկ այլ: Ինձ պետք է, որ նա անպայման մեդալ նվաճի, որպեսզի հանրության աչքին նորից հին Հռիփսիմե Խուրշուդյանը դառնա, որին ճանաչում են ու գնահատում: Դրա համար էլ իրեն պետք է նորից ցույց տա:

Իզաբելան եւ Տաթեւն իրենց բարձրացրած կիլոգրամներով կարող են մեդալակիր դառնալ, բայց թե պատվոհարթակի որ տեղում կհայտնվեն, ես էլ չգիտեմ:

Հավաքին մասնակցող մյուս բոլորը աղջիկները դեռ պատանիներ են ու պատրաստվում են օգոստոսի 10-ին Լեհաստանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Վեց մասնակից կունենանք այնտեղ, շատ եմ ցանկանում, որ բոլորն էլ կարողանան մեդալ նվաճել:



Նոր անուններ կլսեք կանանց ծանրամարտում, 4 մարզուհի ունենք, ովքեր այս տարի իրավունք են ձեռք բերում մասնակցել միջազգային մրցումների:

Այս տարվա ԵԱ-ն վարկանշային չէ, 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար միավորների պայքարը կսկսվի աշնանը կայանալիք ԱԱ-ից, դրա համար էլ այնտեղ ավելի շատ մարզուհիներ կմասնակցեն:

Նույնիսկ նոր պատանիները, եթե որոշակի կիլոգրամներ կարողանան գրանցել, հանդես կգան, որովհետեւ դեռ 2 տարի ժամանակ կա: Ծանրամարտում այդ ընթացում բավական փոփոխություններ կարող են լինել, պետք է դրանց պատրաստ լինենք: Հնարավոր է աղջիկները մարզումների արդյունքում վերջում ուժեղանան, նրանց ընթացիկ ճանապարհը պետք է ապահովել, որպեսզի իրավունք վաստակեն մասնակցել խաղերին:  

Լուսանկարը` Մեդիամաքս


Շատ ուրախալի կլինի, որ մյուս տարվա Եվրոպայի առաջնությունը Երեւանում անցկացվի, ամբողջական թիմով կմասնակցենք ու մրցանակային տեղի էլ կհավակնենք:

Մեկ թիմային հաղթանակ գրանցել ենք 2016-ին Ֆյորդեում կայացած ԵԱ-ում: Նոր սերնդի մեջ խանդ է առաջացել, իրենք էլ ուզում են նման ցուցանիշ գրանցել»:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին