Ապրիլ 26, 2025
exclusive
5186 դիտում

Վարազդատ Լալայան. Տալախաձեի դեմ պայքարելու եմ, այլ տարբերակ չկա


Լուսանկարը` IWF

Լուսանկարը` getty Images


Մի քանի օր առաջ Վարազդատ Լալայանը Տաշքենդում կայացած ծանրամարտի Աշխարհի առաջնությունում երկամարտի 457 կգ արդյունքով դարձավ Աշխարհի փոխչեմպիոն:

Մեծահասակների ԱԱ-ին առաջին անգամ մասնակցած 22-ամյա Լալայանը Mediamax Sport-ին պատմել է իր առջեւ դրված առաջադրանքը կատարելու, Գոռ Մինասյանի հետ չմրցակցելու ու ավելացրած կիլոգրամների մասին:



«Այս տարի Եվրոպայի առաջնությանը մասնակցելուց ու բրոնզե մեդալ նվաճելուց հետո փորձս բավական ավելացել էր, Աշխարհի առաջնությունում ավելի վստահ էի: Բացի այդ էլ մեկնել էի շատ լավ մարզավիճակում: Պատրաստ էի այդ կիլոգրամներին ու նման արդյունք գրանցելուն:

Պայքարը գերծանր քաշային կարգում շատ թեժ էր, այնպես ստացվեց, որ Գոռ Մինասյանը ձախողեց իր մոտեցումը, ամեն ինչ պլանավորածի պես չընթացավ: Դե, սպորտում այդպես էլ է պատահում:

Նա իմ ընկերն է ու մենք երբեք չենք մրցակցում միմյանց դեմ: Այս անգամ էլ գնացել էինք ամեն մեկս մեր կիլոգրամները բարձրացնելու համար: Ամեն մեկիս առջեւ տաբեր առաջադրանք էր դրված: Այնպես ստացվեց, որ 2-րդ տեղը գրավեցի ես:

Ինձ ուրախացնում է այն, որ Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնության համեմատ, որտեղ ես չեմպիոն էի դարձել, երկամարտում արդյունքս բարելավել եմ 10 կիլոգրամով:

Ինչ մնում է Աշխարհի չեմպիոնի կոչումը ռեկորդով նվաճած Լաշա Տալախաձեին, նրա դեմ պայքարելու եմ, այլ տարբերակ չկա: Կամ պետք է հանձնվել, կամ եղանակ գտնել ու մրցակցել, ես երկրորդն եմ ընտրում:

Լուսանկարը` getty Images


Նրա ելույթի մասին խոսքեր չունեմ ասելու, միայն կարող եմ ծափահարել, այնպիսի մարզիկ է, որ նրան հետեւելով չես կարող չոգեշնչվել՝ կապ չունի, որ մրցակիցներ ենք ու ինձ հաղթում է: Նա միանշանակ հզոր է:

Մյուս տարին սկսելու ենք Հայաստանի առաջնությամբ, ապա նորից Եվրոպայի առաջնություն ու տարբեր մրցաշարեր: Հետ գնալու տեղ չկա, պետք է միայն ավելացնել: Հակառակորդը շատ ուժեղ է, չեմ կարող նահանջել»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին