Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանն ինչպես անհատական, այնպես էլ թիմային մրցաշարերում կարեւոր պարտիաներ է անցկացրել: Տարբեր հաղթանակների շնորհիվ նա կարողացել է վաստակել ցանկալի միավորներ, որոնք ի վերջո նրան բերել են այս կամ այն տիտղոսը:
«Անմոռանալի հաղթանակ» շարքում այս անգամ զրուցել ենք Ռոբերտի հետ, որը պատմել է Եվրոպայի առաջնության ժամանակ տոնած հաղթական պարտիաներից մեկի մասին:
2016 թվականի Եվրոպայի անհատական առաջնությունում հանդիպել էի ռուս Նիկիտա Վիտյուգովի հետ: Ես խաղում էի սպիտակ խաղաքարերով, իսկ պարտիան անչափ կարեւոր էր. հաղթանակի դեպքում Աշխարհի Գավաթի խաղարկությունում մասնակցելու շանսերս մեծանում էին:
Հակառակորդս շատ ուժեղ էր, բայց ես սկզբնախաղում առավելություն ստացա ու որոշեցի, որ պետք է անեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի բաց չթողնեմ այն:
Հետո այնպես ստացվեց, որ մրցակիցս քայլերը կրկնում էր, իսկ ես հետագա պայքարի կոնկրետ պլան չէի տեսնում: Ի վերջո հավատացի ուժերիս, չընդունեցի մրցակցիս առաջարկած ոչ-ոքին ու շարունակեցի պայքարը:
Երբ վերջնական հաշվարկը ցույց տվեց, որ մրցակիցս կարող է առավելագույնը ձգձգել խաղը, արդեն համոզվեցի, որ անպայման կհաղթեմ: Դժվար պարտիա ստացվեց, բայց կարողացա հասնել առավելության, ինչի համար ուրախ էի: Պարզապես փորձում էի զսպել զգացմունքներս, որովհետեւ առջեւում ինձ սպասում էին ոչ պակաս կարեւոր հանդիպումներ:
Խաղի ժամանակ ոչ մի էմոցիա չես ունենում, ամբողջությամբ «պարտիայի մեջ» ես լինում: Իսկ երբ ավարտվում է, սկսում ես կենտրոնանալ հետագա հանդիպումների վրա:
Հիմա, երբ հետ եմ նայում, զգում եմ, որ պետք է շատ աշխատել՝ հետագայում նմանատիպ դիրքերն ավելի հստակ կատարելու ու հաղթանակի հասնելու համար:
Ռոբերտ Հովհաննիսյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: