Նոյեմբեր 04, 2024
exclusive
63602 դիտում

Անմոռանալի հաղթանակ. Արմեն Նազարյան


Լուսանկարը` bbc.co.uk

Լուսանկարը` snipview.com

Լուսանկարը` suggestkeyword.com

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook


Արմեն Նազարյանն անջնջելի հետք է թողել ոչ միայն հայկական, այլեւ համաշխարհային ըմբշամարտի պատմության մեջ: Նրա վարած գոտեմարտերը միշտ գեղեցիկ են եղել, իսկ հաղթանակները՝ տպավորիչ:

«Անմոռանալի հաղթանակ» շարքում Mediamax Sport-ը ներկայացնում է Օլիմպիական խաղերի, Աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Արմեն Նազարյանի ամենայուրահատուկ ու կարեւոր նվաճումը:

Ես մարզվել եմ շատ ծանր ու դժվարին ժամանակներում, բազմաթիվ զրկանքներ եմ կրել: Նախ հանդես եմ եկել ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում, այնուհետեւ Հայաստանի անկախացումից  հետո ներկայացրել եմ մեր երկիրը: Այդ տարիներին անհավանական հավատ ու վստահություն էր պետք սեփական ուժերի նկատմամբ`սպորտում մնալու համար:

Չկային ամենատարրական բաները, որոնք անհրաժեշտ են մարզիկներին: Բայց միշտ տրամադրել եմ ինձ, որ լավագույնը դեռ առջեւում է: Մեծացել եմ անվանի մարզիկների հետ, տեսել եմ նրանց նվիրումն ու ցանկացել մի օր նմանվել նրանց:

Լուսանկարը` suggestkeyword.com


Իմ մարզական կարիերան, իսկապես, գլխապտույտ է ստացվել, բոլոր հնարավոր ու անհնար կոչումներին արժանացել եմ: Մեծահասակների մրցաշարերում 23 մեդալ եմ նվաճել, ինչի համար անչափ հպարտ եմ:

Բայց նրանցից ոչ մեկը չի համեմատվի իմ առաջին Օլիմպիական ոսկու հետ: 1996-ին Ատլանտա էի մեկնել ինձ լավագույնս դրսեւորելու համար, կարեւոր նպատակս էր յուրաքանչյուր գոտեմարտում արժանի դիմակայություն ցույց տալ ու շուտ չհանձնվել: Բայց իմ սպասածից շատ ավելի լավ հանդես եկա:

Ես հեշտությամբ կարողացա հաղթել բոլոր մրցակիցներիս ու հասա եզրափակիչ: Այդ փուլում ինձ էր սպասում ԱՄՆ-ն ներկայացնող Բրենդոն Պաուլսոնը, որին ես մի քանի ամիս առաջ կայացած ԱԱ-ում զիջել էի: Այս անգամ նա իմ դեմ ոչինչ անել չկարողացավ, ես հաղթեցի խոշոր՝ 10:0 հաշվով: Մրցավարներն ամեն ինչ անում էին հաղթանակը նրան շնորհելու համար, բայց ես չափազանց ուժեղ էի ու ինքս էլ վճռեցի հանդիպման ելքը:



Այդ հաղթանակից հետո անչափ հուզվել էի, արցունքներս չէի կարողանում զսպել: Վերջապես իրականացել էի մանկությանս երազանքը, որին հասնելու համար այդքան դժվարությունների միջով էի անցել: Ես կանգնել էի պավոհարթակի 1-ին աստիճանին, իմ պատվին հնչում էր մեր անկախ երկրի օրհներգը, դրանից ավելի երջանիկ միթե՞ կարելի է լինել:

Այդ օրը բոլոր ցանկություններս իրականացել էին, չէի հավատում, որ այդ ամենն ինձ հետ է կատարվում: Նաեւ անչափ հպարտ էի, որ Հայաստանի համար շատ մեծ ու կարեւոր մեդալ էի նվաճել:

Այդ հաղթանակը հիշեցրեց ինձ նաեւ բոլոր անհաջողություններս, որոնք ունեցել էի ու չէի հանձնվել: Երկու անգամ ԱԱ-ում ոսկե մեդալ էի ձեռքիցս բաց թողել, սակայն հաշտվել այդ կորստի հետ անգամ Օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո չէի կարողանում: Այդ պարտություններն ինձ շատ մեծ ծառայություն էին մատուցել, ես գիտեի դրանց դառնությունն ու հետագայում ամեն ինչ արեցի, որ այդպիսի պահեր չունենամ:

Սակայն ինձ համար հաղթանակներից առավել կարեւոր է եղել մարդ լինելը: Իսկ այդ գնահատականը միշտ ժողովուրդն է տալիս: Միշտ ցանկացել եմ առավելագույնն անել ու կարծում եմ դա ինձ հաջողվել է: Նաեւ իմ շնորհիվ մեր փորքր երկիրը ճանաչելի է դարձել աշխարհում: Անչափ ուրախ եմ, որ ըմբիշների հիանալի սերունդ ունենք ու հիմա էլ նրանք են շարունակում մեր գործը:

Արմեն Նազարյանի հետ հաղթական ելույթը վերհիշել է Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին