Դեկտեմբեր 23, 2024
exclusive
73286 դիտում

Անմոռանալի հաղթանակ. Վաղինակ Գալուստյան


Վաղինակ Գալուստյանը
Վաղինակ Գալուստյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից


Հունահռոմեական ոճի ըմբիշ Վաղինակ Գալուստյանը 2001 թվականին հռչակվել է Աշխարհի չեմպիոն: Այժմ նա աշխատում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում ու գլխավորում է Հայաստանի ազգային կոխ ըմբշամարտի ֆեդերացիան:

Վաղինակի անմոռանալի հաղթանակը հենց Աշխարհի առաջնության եզրափակչում է եղել: Mediamax Sport-ն «Անմոռանալի հաղթանակ» շարքում հյուրընկալել է Վաղինակ Գալուստյանին:

Մինչ 2001 թվականի Աշխարհի առաջնությունն ու դրանից հետո իմ մարզական կյանքում մեծ փոփոխություն եղավ: Իմ կյանքի ամենատպավորիչ հաղթանակը տարել եմ Աշխարհի առաջնության եզրափակչում: Այդ ժամանակ ես 28 տարեկան էի, շատ մասնագետների կարծիքով այդ տարիքում արդեն դժվար է ինչ-որ լուրջ հաջողություն գրանցել, սակայն իմ անձնական մարզիչ Սամվել Գեւորգյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հավատում էին իմ ուժերին ու վստահեցին այդ կարեւոր մրցաշարում:

Տարբեր մրցաշարերում կիսաեզրափակիչներից ինչ-ինչ պատճառներով դուրս էի մնում, բայց այս անգամ ամբողջ կյանքս տվեցի ու հասա նպատակիս: Արդեն եզրափակչում շատ մարտական էի տրամադրված ու միայն հաղթանակի համար էի մրցագորգ դուրս եկել: Սա, թերեւս, իմ վերջին հնարավորությունն էր մարզական ամենաբարձր տիտղոսին արժանանալու համար: Ու եղավ իմ առաջին ու ամենաանմոռանալի հաղթանակը:

Եզրափակչում մրցակիցս կորեացի Կիմ Ին-Սուբն էր: Նա 2000 թվականի Օլիմպիական խաղերում 58 կգ քաշային կարգում արծաթե մեդալ էր նվաճել՝ զիջելով մեր Արմեն Նազարյանին: Բացի այդ էլ Աշխարհի կրկնակի ու Ասիայի բազմակի չեմպիոն էր: Բայց երբ մրցակիցն ավելի ուժեղ է լինում, դու կրկնակի, եռակի անգամ ավելի լավ ես պատրաստվում նրա դեմ հանդիպմանը: Գոտեմարտը սկսվեց, ու ես պարտվում էի 2:0 հաշվով, բայց հավաքվեցի, մի շարք գլորումներ արեցի ու հաղթեցի 8:3 հաշվով:

Լուսանկարը` անձնական արխիվից


10 տարեկանից մարզվում եմ ու առաջին իսկ օրից գիտեի, թե ինչ եմ ուզում: Ու վերջապես այդքան տարի հետո դարձել էի Աշխարհի չեմպիոն… աննկարագրելի էր ամեն ինչ: Գիտեք, ես շատ մեծ դժվարություններ եմ հաղթահարել կյանքում, մենք վատ ժամանակահատվածում էինք ապրում, պատերազմող երկիր էինք, ծանր տարիներ էին: Երեւի դրանից է, որ այս հաղթանակի բերկրանքն ու քաղցրությունն ավելի եմ գնահատում:

Երբ ես փոքր էի ու փողոցում հանդիպում էի չեմպիոնի, այնքան էի հետեւից գնում կամ նայում, մինչեւ նա անհետանար: Շատ էի երազում մի օր էլ ես չեմպիոն դառնամ: Այս հաջողությունից հետո էությամբ նույնը մնացի, սակայն չէի կարող պատկերացնել, որ կփոխվեմ հանրության աչքերում: Մարդիկ միշտ ուշադրություն էին դարձնում, նայում, բարեւում: Ու ես հասկացա, որ Աշխարհի չեմպիոն լինելը շատ հաճելի, բայց պատասխանատու կոչում է:

Երբ հետ եմ նայում, մի տեսակ ափսոսանք եմ զգում: Ափսոսում եմ, որ այդպիսի պահեր ու հաղթանակներ քիչ են եղել, ափսոսում եմ, որ հիմա այլեւս չեմ կարող գոտեմարտել, ափսոսում եմ, որ հնարավորություններիցս թույլ եմ հանդես եկել: Բայց նաեւ հպարտանում եմ, որ կարողացել եմ բազմաթիվ դժվարություններ հաղթահարել ու դառնալ Աշխարհի չեմպիոն:

Վաղինակ Գալուստյանի հետ չեմպիոնական գոտեմարտով ուրախացել է Գոհար Նալբանդյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին