Դեկտեմբեր 23, 2024
exclusive
58456 դիտում

Ծանրամարտի երբեմնի փառքը վերականգնելու կարիք կա


Սպորտի հակառակ կողմը. Ծանրամարտ՝ երբեմնի փառքը վերականգնելու կարիք կա
Սպորտի հակառակ կողմը. Ծանրամարտ՝ երբեմնի փառքը վերականգնելու կարիք կա

Լուսանկարը` European-Weightlifting-Championships

Առաքել Միրզոյանը
Առաքել Միրզոյանը

Լուսանկարը` Facebook

Սպորտի հակառակ կողմը. Ծանրամարտ՝ երբեմնի փառքը վերականգնելու կարիք կա
Սպորտի հակառակ կողմը. Ծանրամարտ՝ երբեմնի փառքը վերականգնելու կարիք կա

Լուսանկարը` Մեդիամաքս

Սպորտի հակառակ կողմը. Ծանրամարտ՝ երբեմնի փառքը վերականգնելու կարիք կա
Սպորտի հակառակ կողմը. Ծանրամարտ՝ երբեմնի փառքը վերականգնելու կարիք կա

Լուսանկարը` Մեդիամաքս

Պողոս Պողոսյանը
Պողոս Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մի քանի օրից Թել Ավիվում մեկնարկելու է Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը մասնակցելու է 7 ծանրորդով:

Mediamax Sport-ը ծանրամարտին վերաբերող «Սպորտի հակառակ կողմը» նախագծի առաջին հատվածում անդրադարձել էր մարզաձեւի խնդիրներին, բացթողումներին, անկումներին ու անհաջող ելույթներին:

Այս անգամ մեր զրուցակիցների՝ տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանի, ֆեդերացիայի նախագահի օգնական Վահան Խեչանյանի եւ ծանրորդ Առաքել Միրզոյանի հետ քննարկել ենք մարզիկների գումարային խնդիրներից մինչեւ հաջորդ Օլիմպիական խաղերին վերաբերվող տարբեր հարցեր:

Հայաստանի ծանրամարտի հավաքականում տեղի է ունենում սերնդափոխություն

Հայաստանում այժմ մարզվում է մոտավորապես 1300 ծանրորդ: Այս մարզաձեւը հատկապես զարգացած է Գյումրիում, Վանաձորում, Արարատյան դաշտավայրում: Մեր երկրում գործում է 4 մասնագիտացված մարզադպրոց, կան նաեւ մարզախմբեր: Բոլոր պարապմունքներն անվճար են: Մարզերում ծանրամարտն ավելի զարգացնելու եւ մասսայական դարձնելու համար պարբերաբար կազմակերպվում են տարբեր մրցաշարեր, որտեղ ելույթ են ունենում պատանիներն ու երիտասարդները:



Հայաստանի ծանրամարտի հավաքականում, ինչպես հավաստիացրեց գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը, տեղի է ունենում սերնդափոխություն: Թիմ են հրավիրվում երիտասարդներ, ովքեր արդեն այս տարվանից կարող են պայքարել օլիմպիական խաղերում հայտնվելու համար:

Հենց այս երիտասրադներն են 2013-ին հանդես եկել Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններում. «Նրանք չեն կարողացել մրցանակային տեղ զբաղեցնել այն պատճառով, որ փորձ չեն ունեցել: Ես նրանց շանս եմ տալիս, որ դրսեւորեն իրենց, կարողանան հզոր մարզիկների հետ պայքարի մեջ մտնել ու փորձ ձեռք բերել»:

Փոխարինող սերնդի մասին էլ այսպիսի կարծիք հայտնեց ֆեդերացիայի նախագահի օգնական Վահան Խեչանյանը. «Այս տարի կայանալու են պատանեկան Օլիմպիական խաղերը: Մեր տղաները կարողացել են նվաճել առավելագույն թվով ուղեգրեր: Պետք է նշեմ, որ 189 անդամ պետություններից միայն 13-ն ունեն երկու ուղեգիր, եւ դրանց մեջ է նաեւ Հայաստանը: Սա հենց խոսում է այն մասին, որ փոխարինող սերունդ կա»:

Երիտասարդ սերնդի մեջ լավ մարզիկներ տեսնում է նաեւ ծանրորդ Առաքել Միրզոյանը: Նրա համոզմամբ, կան մարզիկներ, ովքեր մի քանի տարի անց կկարողանան մեդալներ նվաճել:

«Վերջերս ներկա էի դպրոցականների առաջնությանը: Շատ լավ երեխաներ էին ելույթ ունենում, նրանք ձգտում ունեն, ցանկանում են հասնել հաջողությունների: Կարծում եմ, մենք ունենք լավ սերունդ, որը կարողանալու է միջազգային ասպարեզում բարձրացնել լուրջ կիլոգրամներ»,- ասաց նա:

Ըստ ֆեդերացիայի, հայ ծանրորդները գումարային խնդիրներ չունեն

Ըստ Վահան Խեչանյանի, ծանրորդներն աշխատավարձ ստանում են պետբյուջեից, իսկ ֆեդերացիան ապահովում է նրանց սննդային հավելումներով:



«ՀՀ նախագահի անվանական թոշակ ամեն տարի ստանում են այն մարզիկները, ովքեր Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններից մեդալներով են վերադարձել: Կապ չունի՝ այդ առաջնությունը մեծահասակների է, թե երիտասարդների, միակ տարբերությունն աշխատավարձի չափի մեջ է: Այդ թոշակը տրվում է մեկ տարվա կտրվածքով»,- նշեց նա:

Խեչանյանի խոսքերով, մարզիկները գումարային խնդիրներ չունեն, բոլոր պայմանները ստեղծված են, որպեսզի ծանրորդները մտածեն միայն մարզումների մասին. «Ես համոզված եմ, որ արդյունքներ հաստատ լինելու են: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, ու այդքան ջանքերն իզուր չեն անցնի»:

Մինչ Օլիմպիական խաղերը մարզչական շտաբը պետք է լուրջ աշխատանք կատարի

2014 թվականից սկսվում են վարկանիշային առաջնությունները: Գարնանը կայանալիք Եվրոպայի առաջնությանը, ըստ ամենայնի, կմասնակցեն ոչ միայն երիտասարդ, այլեւ ավելի փորձառու ծանրորդները:

Մինչ 2016 թվականի Օլիմպիական խաղերը հավաքականի մարզչական շտաբը պետք է լուրջ աշխատանքներ կատարի մարզիկների հետ, որպեսզի Բրազիլիա մեկնի որքան հնարավոր է ուժեղ կազմով:

Ըստ Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի օգնականի, Աշխարհի առաջնությունում ելույթների հիմնական նպատակը լինելու է որքան հնարավոր է շատ միավորներ ձեռք բերելը. «Իհարկե, ձգտելու ենք նաեւ մեդալ նվաճել, սակայն առաջնայինը միավորներն են»:



Պողոս Պողոսյանը հավաքական երիտասարդներին հրավիրում է՝ հաշվի առնելով Հայաստանի առաջնությունում ու միջազգային մրցաշարերում ցույց տված արդյունքները, ինչպես նաեւ մարզումների ժամանակ բարձրացրած կիլոգրամները:

«Մենք աշխատում ենք նաեւ մարզիկների հոգեբանական պատրաստվածության վրա: Թիմն ունի լավ բժիշկներ, ովքեր մեծ ծավալի աշխատանք են կատարում ծանրորդների հետ: Թիմին օգնում են մեր փորձառու մարզիկները, նրանք միշտ խորհուրդներ են տալիս ու ոգեւորում տղաներին»,- ընդգծեց մարզիչը:

Հայաստանի ծանրամարտի հավաքականը, որը տարիներ առաջ մեդալների հաշվարկով Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններում լավագույններից էր, երբեմնի փառքը վերականգնելու անհրաժեշտություն ունի: Դրան սպասում ենք բոլորս, եւ մարզիչներն ու ֆեդերացիան իսկապես մեծ պատասխանատվությամբ ու նվիրվածությամբ պետք է աշխատեն ծանրորդների հետ: Իսկ թե ինչպիսին կլինի արդյունքը, կիմանանք մի քանի օրից, երբ նրանք սկսեն ելույթները Եվրոպայի առաջնությունում:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին