Ապրիլ 17, 2024
720 դիտում

Փոփ-աստղ Ռոբի Ուիլյամսի մուտքը ֆուտբոլային աշխարհ․ Նա «Պորտ Վեյլ»-ի նախագահն է


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Port Vale FC

Լուսանկարը` Port Vale FC

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Port Vale FC


Վերջին շրջանում տարբեր հայտնիներ ներգրավվում են սպորտային ծրագրերում, ներդրումներ են կատարում ու փորձում իրենց երկրպագուներին ուղղորդել դեպի սպորտ։

Մեծ լսարան ունենալու շնորհիվ նրանց հաջողվում է ներգրավել խոշոր ներդրողների ու ակտիվություն մտցնել տարբեր ակումբների կյանքում։

Վերջերս հայտնի դարձավ, որ բրիտանացի հայտնի երգիչ Ռոբի Ուիլյամսը եւս մուտք է գործում ֆուտբոլային աշխարհ։ Նա նշանակվել է Անգլիայի երրորդ դիվիզիոնում կամ Լիգա 1-ում հանդես եկող «Պորտ Վեյլ»-ի նախագահ։

Լուսանկարը` Port Vale FC


Ակումբը հայտարարությամբ է հանդես եկել ու նշել, թե ինչպիսի ոգեւորությամբ են դիմավորում Ուիլյամսին իրենց ընտանիքում ու հույս հայտնել, որ միասին տիտղոսներ են նվաճելու։

«Իմ կյանքում շատ շրջադարձեր են եղել ու նման պաշտոն ստանալն աննկարագրելի է։ Պատճառը, որ երկար ժամանակ ես այստեղ չէի վերադառնում այն էր, որ ակումբում սիրո, տան հանգստության ու հյուրընկալության մթնոլորտ չկար։

Հետո ակումբի համասեփականատեր դարձավ Քերոլ Շենահանը։ Նա եւ իր ընտանիքն ակտիվացրին ամեն ինչ, իսկ ես դա նկատեցի։ Հետաքրքրվեցի ու որոշեցի ներդրումներ կատարել։ Հանդիպեցի ընտանիքի հետ, ապա եկա ու սկսեցի հետեւել, թե ինչ է տեղի ունենում ակումբում։ Այժմ ես կրկին իմ ողջ սիրտը նվիրել եմ «Պորտ Վեյլ»-ին»,-ասել է Ուիլյամսը։

Լուսանկարը` Port Vale FC


49-ամյա երաժիշտը ծնվել է Սթոք-օն-Թրենտ քաղաքում, որտեղ էլ հենց գտնվում է «Պորտ Վեյլ»-ը։ Փոքր տարիքից եղել է ակումբի երկրպագու ու մեծ ոգեւորությամբ հետեւել վերջինիս հանդիպումներին։

Երաժիշտը մինչ այս էլ բազմաթիվ անգամներ օգնել է ակումբին։ Որպեսզի «Պորտ Վեյլ»-ը տեղ գտնի FIFA 2000-ում, նա անվճար թողարկել է «It’s Only Us» երգը։ Վեց տարի անց ձեռք է բերել ակումբի բաժնեմասերից, սակայն հետագայում թողել է դրանք։

Լուսանկարը` Port Vale FC


2022-ին Ուիլյամսը համերգ է տվել «Պորտ Վեյլ»-ի մարզադաշտում ի պատիվ ակումբի, որը չորրորդ դիվիզիոնից դուրս էր եկել երրորդ։  

«Տուն վերադարձս որոշել էին աստղերը։ Բեմը կառուցվել էր այնպես, որ նայում էր ուղիղ այն կողմը, որտեղ երեխա ժամանակ ես նստում ու դիտում էի ֆուտբոլ»,-ասել է երգիչը։

Փոփ-աստղը որպես նախագահ արդեն ներկա է եղել «Փորթսմութ»-ի դեմ հանդիպմանը։ Երկրպագուների ու նաեւ լրատվամիջոցների հետաքրքրությունն ուղղված է եղել հենց դեպի նա ու թիմի մասին գրված նյութերը մի քանի անգամ մամուլում շատացել են։ Չնայած «Պորտ Վեյլ»-ը պարտություն է կրել, սակայն ղեկավարները դրանից չեն ընկճվում ու մեծ նպատակներով շարժվում են առաջ։

Լուսանկարը` Getty Images


Ուիլյամսը կատակել է, թե իրեն ակումբում արդեն կոչում են El Presidente, ինչը շատ զվարճացնում է նրան․ «Ես զգում եմ, որ այստեղ անելիքներ ունեմ ու պատրաստ եմ դրանց իրականացմանը։ Հիմա եւս երկրպագու եմ, սակայն նաեւ նախագահ, ով պարտավոր է ամեն ինչ անել ակումբի շահերը սպասարկելու համար։ Ֆուտբոլային ակումբները ղեկավարում են մարդիկ, ովքեր ամուր բնավորություն ունեն։ Թողնենք, որ լավ ժամանակները սկսեն հոսել ու հաջողություններն էլ հաջորդեն դրանց»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին