Այսօրվա աշխարհում հայտնի դառնալն այդքան էլ դժվար բան չէ: Բավական է ունենալ հեռախոս, գրանցվել սոցցանցերում, հետաքրքիր տեսագրություններ տեղադրել: Կարճ ժամանակ անց աշխարհի տարբեր անկյուններից հազարավոր մարդիկ կդառնան քո ստեղծածի սպառողը:
Այդպիսին է նաեւ ֆուտբոլի մեծ սիրահար բրազիլացի Իրան Ֆերեյրան:
2021-ին իր հարազատ Բահիայի անբարեկարգ դաշտերից մեկում նկարելով իր առաջին տեսահոլովակը՝ նա տեղադրեց TikTok-ում ու կարճ ժամանակ անց դարձավ իսկական աստղ: Այդ հարթակում նրան հետեւում է ավելի քան
10 մլն, իսկ Instagram-ում՝ 9 մլն մարդ:
Նա տեղադրում է գեղեցիկ գոլերի, ֆուտբոլային հնարքների, գոլերը նշելու յուրահատուկ տեսահոլովակներ, նմանակում Նեյմարին, Ռոնալդուին կամ էլ Մեսսինն: Երբ նա գոլ է խփում, վազելով մոտենում է տեսախցիկին ու տոնում այն: Շատերի համար նրա տեսանյութերը գրավիչ են դարձնում այն անբարեկարգ դաշտը, որտեղ խաղում է:

Լուսանկարը` Անձնական արխիվ
Սոցիալական ցանցերում նա ավելի շատ հայտնի է որպես «luva de pedreiro», որը թարգմանաբար նշանակում է «տղա, ով որմնադրի ձեռնոց է կրում»: Ձեռնոց կրելը սովորել է ֆուտբոլիստներից, ովքեր ցուրտ եղանակին հագնում են դրանք: Իհարկե, իրենն ընդամենը շինարարական ձեռնոցներ են, քանի որ դրանք ավելի էժան են արժեցել: Ահա այդտեղից էլ առաջացել է անունը:
«Շատ փոքր տարիքից եմ սկսել ֆուտբոլ խաղալ, բայց այդպես էլ հնարավորություն չունեցա պրոֆեսիոնալ մակարդակով մարզվել: Պետք էր աշխատել եւ օգնել հայրիկիս: Քանի որ շատ եմ սիրում ֆուտբոլ, գիտեի, որ այն ոչ մի դեպքում չեմ թողնի: Հասկացա, որ կարող եմ հետաքրքիր տեսաուղերձներ պատրաստել ու ներկայացնել մարդկանց»,-ասել է Ֆերեյրան:
Այս տղայով հետաքրքրվում են ոչ միայն սովորական մարդիկ, այլ նաեւ տարբեր ֆուտբոլիստներ: Պատկերացնո՞ւմ եք, Instagram-ի իր story-ում նրան նշել է Նեյմարը: Իսկ Ռոնալդուն, օրինակ, նույնիսկ տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է արձագանքում Ֆերեյրայի հերթական վիդեոյին: Նրա վիդեոներն իրենց մոտ են տեղադրում հայտնի ֆուտբոլային ակումբները:
«Սոցկայքերի միջոցով ծանոթացել եմ Մարսելոյի, Վիսիսիուսի, Ռոդրիգոյի հետ: Պատկերացնո՞ւմ եք, ինձ նույնիսկ Ռոնալդինյոն է գրել ու հրավիրել իրենց տուն: Բառեր չունեմ նկարագրել այն պահը, երբ հանդիպեցինք: Ես պարզապես շշմել էի»:
Ֆերեյրան այսօր ամենահայտնի ֆուտբոլային բլոգերներից է: Պատահական չէ, որ մի քանի օր առաջ Բրազիլիայի ամենահայտնի ակումբներից «Վասկո դա Գաման» նրան հրավիրել էր Ռիո դե Ժանեյրո:
Բլոգերը միշտ հայտարարել է, որ «Վասկո դա Գամայի» մեծ երկրպագու է: Եւ ահա, նրա հետ կապ են հաստատել եւ հրավիրել իրենց մոտ, իհարկե, ոչ ֆուտբոլիստի կարգավիճակով:
Ակումբը հոգացել է նրա ողջ ծախսերն ու երեք անմոռանալի օր նվիրելով: Ֆերեյրան շրջել է բազայում, ծանոթացել ֆուտբոլիստների ու ենթակառուցվածքների հետ: Ու, իհարկե, այս ամենը ցուցադրելով իր էջերում, նա մեծ աղմուկ է բարձրացրել: Այժմ այս երիտասարդի շնորհիվ միլիոնավոր նրա հասակակիցներ աշխարհի տարբեր երկրներում ծանոթացել են բրազիլական թիմի հետ:
«Առաջին անգամ էր, որ ինքնաթիռ էի նստում: Եղա Ռիոյի ծովափին, պիցցա ու ֆրի փորձեցի: Ամբողջ օրերը կրում էի իմ սիրելի ակումբի մարզաշապիկը, որի վրա բոլոր ֆուտբոլիստների ստորագրություններն էին»:
Համագործակցությունը շահեկան է դուրս եկել երկու կողմի համար էլ՝ տղան իրականացրել է մանկության երազանքը, իսկ «Վասկո դա Գաման» լրացուցիչ երկրպագուներ ձեռք բերել: Չի բացառվում, որ այս փորձն Իրանի համար նոր հնարավորություններ կբացի, քանի որ այլ թիմեր եւս կցանկանան նրան հյուրընկալել իրենց մոտ:
«Մեր քաղաքում ինձ շատերն են ճանաչում: Մեր տան վերեւով մայրուղին է անցնում, վարորդները կանգնեցնում են մեքենաներն ու հարեւաններից հետաքրքրվում, թե ես որտեղ եմ ապրում: Ֆուտբոլն ամենամեծ հաճույքն է կյանքում, առանց դրա ես ոչինչ եմ: Ֆուտբոլն է աշխարհի շարժիչ ուժը, իսկ ես այնքան շատ եմ ուզում ճամփորդել այդ աշխարհով մեկ: Իսկ ամենամեծ երազանքս Նեյմարի հետ հանդիպելն էր, որը կարողացա կյանքի կոչել»:

Լուսանկարը` Անձնական արխիվ
Ռիոյում անմոռանալի օրեր անցկացնելուց հետո Իրան Ֆերեյրան վերադարձել է հայրենի քաղաք ու շարունակում է անել այն, ինչն իր մոտ ամենալավն է ստացվում՝ նկարահանել ֆուտբոլային հոլովակներ եւ իր օրինակով մոտիվացնել բազմաթիվ պատանիների:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: