Դեկտեմբեր 26, 2024
176090 դիտում

Ջուլֆալակյան. Անտարբեր չենք մեզնից գողացված մեդալների նկատմամբ


Լուսանկարը` Մեդիամաքս


Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն այսօր խոստովանել է, որ 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերից հետո իրենք պատրաստվել են Ռիոյի խաղերին:

«Այս ընթացքում բոլոր մրցաշարերից մեր հավաքականը վերադարձել է մեդալներով, մեր անցած ճանապարհը ցույց էր տալիս, որ Օլիմպիական խաղերին պետք է լավ տեղեր զբաղեցնենք: Բոլորս սպասում էինք ոսկե մեդալների, սակայն ունենք մեկ ոսկե ու մեկ արծաթե: Մեր ընտրանին թիմային հաշվարկով զիջեց միայն Կուբային ու Ռուսաստանին, սա շատ լավ արդյունք է: Ես գոհ եմ մեր թիմի ելույթից»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ջուլֆալակյանը:

Հայաստանն Օլիմպիական չեմպիոն ունեցել էր 20 տարի առաջ, երբ ոսկե մեդալակիր էր դարձել կրկին հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանը:

«Փառք ու պատիվ Արթուր Ալեքսանյանին, որ կարողացավ արժանանալ Օլիմպիական չեմպիոնի կոչմանը: Նույնը կարող եմ ասել Միհրան Հարությունյանի մասին: Այսօր նա արծաթե մեդալակիր է, սակայն բոլորս էլ գիտենք, որ եզրափակչում կողմնակալ մրցավարություն էր, ու Միհրանը զրկվեց ոսկուց»,- ընդգծել է մարզիչը:

ՀԱՕԿ-ն արդեն դիմել է Լոզանի մարզական արբիտրաժային դատարան, որպեսզի վիճարկի Հարությունյանի եզրափակիչ գոտեմարտը. «Սա ցույց է տալիս, որ մենք անտարբեր չենք մեզնից գողացված մեդալների նկատմամբ: Միջազգային ֆեդերացիան ղեկավարում է սերբ Նանեդ Լալովիչը, կարծում եմ, որ նա խառնված չի լինի այս հարցում: Բայց ցանկացած մրցավար կցանկանար հաճոյանալ Լալովիչին ու հաղթանակը տար Միհրանի մրցակից սերբ մարզիկին: Տեսնենք, թե ինչ արդյունք կտա»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին