Հուլիս 16, 2025
exclusive
4090 դիտում

Գեւորգ Ալեքսանյան. Արթուրը կրկին ցույց տվեց իր հայրենասեր ու ազգին նվիրված լինելը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ռիոյում ընթացող Օլիմպիական խաղերում Արթուր Ալեքսանյանի ոսկե նվաճումից արդեն մի քանի օր է անցել: Բայց մենք դեռ ասես երազում լինենք, լիովին չենք կարողանում հավատալ, որ 20 տարի անց նոր չեմպիոն ունենք:

Նմանատիպ ապրումներ ու զգացողություններ ունի նաեւ մարզիկի հայրն ու անձնական մարզիչը՝ Գեւորգ Ալեքսանյանը: Նա Ռիոյում Mediamax Sport-ին շատ հուզիչ հարցազրույց է տվել:

 

-Պարոն Ալեքսանյան, այս հաջողությունն ու ոգեւորությունն աննախադեպ են: Արթուրն իրականացրեց ողջ հայ ազգի երազանքը: Դուք որպես մարզիչ ու հայր ի՞նչ էիք զգում եզրափակչի սուլիչից հետո:

 

-Դժվար է բառեր գտնել ու նկարագրել, թե ինչ էր ինձ հետ կատարվում: Երջանիկ պահ էր, հպարտություն էի ապրում: Դեռ լիարժեք չեմ էլ կարողանում հասկանալ, թե ինչ կատարվեց: Երեւի կանցնեն օրեր, նոր միայն կգիտակցենք այս հաջողության մեծությունը:

 

Ասես մրցման ենք եկել ու հաղթել, բայց հետո ինչ է լինելու, դեռ չեմ կարողանում պատկերացնել:

Լուսանկարը` Մեդիամաքս

 

-Ժամանակն էր, որ Արթուրը դառնա նաեւ Օլիմպիական չեմպիոն, նա փաստորեն արդեն բոլոր տիտղոսներն ունի:

 

-Այո, արդեն երկար տարիներ է ձգտում էր այս բարձունքը գրավել, ես էլ իր հետ միասին: Ու վերջապես մեզ մոտ ստացվեց: Նա պատրաստ էր այս հաղթանակին, զգոն էր ու ցույց տվեց, որ բոլորից ուժեղ է ու ամեն գնով հասնելու է վերջնակետին:

 

-Ձեր որդին բացառիկ մարզիկ է, դրանում բազմիցս ենք համոզվել: Բայց այն ինչ նա արեց օգոստոսի 16-ին, կրկին ստիպեց հպարտանալ իրենով: Դուք գիտեի՞ք, որ նա այդպիսի շապիկ է պատրաստել:

 

-Պատկերացրեք, ես էլ այդ մասին չեմ իմացել, նա ամեն ինչ գաղտնի է պահել: Ոչ մի մարզիկ նախապես չի իմանում կբարձրանա պատվո պատվանդանին, թե ոչ: Արթուրն այդ քայլը միայն չեմպիոնության դեպքում էր անելու: Դրա համար էլ ոչ մեկին չէր ասել:

 

Մեր տանն այդ մասին չի խոսվել, ընկերներից էլ չեմ լսել: Բայց նա պատրաստված էր եկել, նշանակում է չեմպիոն դառնալուց բացի մեկ այլ նպատակ էլ է ունեցել: Եվս մեկ անգամ ինձ զարմացրեց, հուզեց, ցույց տվեց իր հայրենասեր, մարդասեր ու հայ ազգին նվիրված լինելը:

Լուսանկարը` Մեդիամաքս

 


- Իսկ հետո իմացաք, թե ինչո՞ւ է հենց Ռոբերտ Աբաջյանի լուսանկարով շապիկ հագել:

 

-Մենք դեռ չենք էլ կարողանում իրար հետ խոսել, միայն քնելու ժամին ենք հանդիպում, մի երկու բառ փոխանակվում: Արթուրն անընդհատ տարբեր հանդիպումների ու միջոցառումների է մասնակցում:

 

Նա չի առանձնացրել միայն մեկ հերոսին, հաղթանակը  նվիրել է պատերազմում զոհված բոլոր տղաներին ու սահմանը պահողներին: Նա գորգում է կռվում, տղաներն էլ սահմանում: Արթուրը չի կարող իրենց հետ լինել, բայց այսպես է ցույց տվել իր աջակցությունը: Նա ազգի հետ է, հերոսների ու կռվողների:

 

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան

 

Նախագծի գործընկեր 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին